Հունվարի 1-ից, ինչպես հայտնի է, աշխատանքային պայմանագրերը կնքվում են միայն առցանց: Դրանք կնքելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրություն, որն այնքան էլ հեշտ չէ ձեռք բերել: Սա բազմաթիվ խնդիրներ ու դժվարություններ է ստեղծել քաղաքացիների համար: Բանն այն է, որ էլեկտրոնային ստորագրությունը տրամադրում են բջջային օպերատորները:
Այն ստանալու համար քաղաքացին պետք է ունենա այդի քարտ: Սովորական կապույտ անձնագրով եւ սոցքարտով հնարավոր չէ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերել: Սակայն այս պահին անձնագրայիններում հերթեր են գոյացել՝ այդի քարտեր ստանալու համար, իսկ առցանց գրանցման հարթակն աշխատում է խափանումներով: Երբ փորձում ես գրանցվել, այն ցույց է տալիս, որ առկա է տեխնիկական խնդիր: «Այսօր 8 անգամ փորձել ենք գրանցվել, եւ ամեն անգամ էկրանին հայտնվել է նույն՝ «տեխնիկական խնդիր» արտահայտությունը: Հիմա ես ինչպե՞ս անցնեմ աշխատանքի»,- հարցնում է Երեւանի բնակիչ Մ. Պ․-ն: