Փաշինյանը գործում է իբրեւ փորձված ահաբեկիչ՝ պատանդ է վերցնում Ամենայն հայոց կաթողիկոսի ազգականներին, բարեկամներին, թեմերի առաջնորդներին եւ նրանց ազատության դիմաց փրկագին պահանջում․ փրկագնի դերում կաթողիկոսական աթոռն է։ Որքան Ամենայն հայոց կաթողիկոսը համառում է, այնքան Փաշինյանը մեծացնում է պատանդների քանակը, որ ճնշումն ավելի մեծ լինի։ Սկզբում կալանավորեց եւ կեղծ մեղադրանքներով ազատությունից զրկեց Տավուշի եւ Շիրակի թեմի առաջնորդներին։ Տեսնելով, որ Գարեգին Բ կաթողիկոսը շարունակում է դիմադրել, շինծու քրեական գործ սարքեց նրա քրոջ որդու՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի դեմ։ Նախորդ օրն էլ մի շինծու, կեղծ մատնությամբ կալանավորեց կաթողիկոսի եղբորը` Գեւորգ Ներսիսյանին, եւ եղբորորդուն` Համբարձում Ներսիսյանին։ Հաջորդը կարող է լինել կաթողիկոսի մյուս եղբայրը` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, եթե ժամանի Երեւան։
Մոսկովյան մեր աղբյուրը տեղեկացնում է, որ մինչեւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին կալանավորելը Փաշինյանը Քննչական կոմիտեի հետ մշակել է «Թակարդ» օպերացիան, որի նպատակը եղել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին խաբեությամբ Հայաստան բերելը եւ նրան կալանավորելը։ Քննչական կոմիտեն Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին ծանուցագիր է ուղարկել, որով նրան հրավիրել են Հայաստան՝ ինչ-որ քրեական գործով ցուցմունք տալու, Ներսիսյանն այդ գործով ունեցել է վկայի կարգավիճակ։ Ներսիսյանը հակված է եղել Հայաստան գալուն, սակայն նրան խորհուրդ են տվել չհավատալ Քննչական կոմիտեին, հասկացնելով, որ վկայի կարգավիճակն ընդամենը պատրվակ է՝ նրան Հայաստան բերելու, որից հետո անպայման կալանավորելու են։ Ներսիսյանը հետեւել է խորհրդին եւ չի ընդունել այդ հրավերը։ Երբ Փաշինյանը կալանավորել է կաթողիկոսի քրոջ որդուն, եղբորը եւ եղբորորդուն, բացելով խաղաքարտերը, նա հաջորդիվ հրահանգ է տվել Քննչական կոմիտեին՝ մի քրեական գործ էլ հարուցել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի դեմ։ Վերջինս արդեն ստացել է համապատասխան ծանուցագիր, որով տեղեկացվել է իր դեմ հարուցված քրեական գործի մասին, որտեղ ներգրավված է արդեն որպես մեղադրյալ։ Հիմա նա հաստատ չի գա Հայաստան, որովհետեւ Հայաստան գալը կնշանակի հայտնվել մյուս թեմերի առաջնորդների, իր կալանավորված եղբոր եւ եղբորորդու կողքին։
Ենթադրվում է, որ հաջորդիվ Փաշինյանը կհրահանգի Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել եւ Ռուսաստանի իշխանություններից պահանջել, որ նրան հանձնեն Հայաստանի իշխանություններին։ Ռուսաստանի իշխանությունները դա չեն անի, ինչը Փաշինյանին եւ նրա հպատակներին հնարավորություն կտա հայտարարել, թե սա հերթական անգամ ապացուցում է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հետեւում կանգնած են Ռուսաստանի իշխանությունները եւ հատուկ ծառայությունները, եւ նրա գործունեությունը վտանգում է Հայաստանի անկախությանը եւ ինքնիշխանությանը, եւ այդ սպառնալիքը պետք է վերացվի։
Ո՞ւմ կարող է հաջորդիվ կալանավորել Փաշինյանը․ գուցե Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջը` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի մո՞րը։ Քննչական կոմիտեն մի մեղադրանք էլ նրա վրա կհորինի, օրինակ՝ այն, որ նա տեղյակ է եղել իր որդու` Արագածոտնի թեմի առաջնորդի գործած հանցանքների մասին եւ թաքցրել է դրանք։ Հետո կանցնի կաթողիկոսի եղբոր ընտանիքի անդամներին, հարսներին եւ երեխաներին կալանավորելուն։ Փաշինյանն ուզում է, որկաթողիկոսին հրաժարական պարտադրի․ պարզվում է` նրան կալանավորելով հարցը չի փակվում։ Եկեղեցու կանոնագրքին ծանոթ մեկը նկատում է, որ, ըստ կանոնագրքի, Մայր Աթոռը գտնվում է այնտեղ, որտեղ գտնվում է Ամենայն հայոց կաթողիկոսը։ Այսինքն, եթե Փաշինյանը կաթողիկոսին կալանավորի եւ տանի ԱԱԾ մեկուսարան, Մայր Աթոռը Էջմիածնից ինքնաբերաբար կտեղափոխվի ԱԱԾ մեկուսարան։ Իսկապես կլինի փաշինյանավայել՝ 10 միլիոն հայ հավատացյալների հոգեւոր կենտրոնը՝ ԱԱԾ մեկուսարանում։
Տեղի կտա՞ կաթողիկոսն ահաբեկչի պահանջներին։ Ճնշումն աննախադեպ է, կաթողիկոսի քրոջ որդին` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն առողջական խնդիրներ ունի, տառապում է շաքարային դիաբետով, եղբայրը` Գեւորգ Ներսիսյանը, սրտի վիրահատություն է տարել եւ նույնպես գտնվում է բժշկական մշտական հսկողության տակ։ Փաշինյանը, իհարկե, գիտի դրա մասին եւ հակամարդկային այդ գործողություններով փորձում է անելանելի վիճակի մեջ դնել կաթողիկոսին։ Բայց ո՞վ է ավելի մեծ հանցագործ՝ ահաբեկի՞չը, որ փորձում է անբարո, հակամարդկային քայլերով հասնել իր ուզածին, թե՞ նա, ով ընդառաջ է գնում ահաբեկչին, կատարում նրա պահանջները՝ նրան խրախուսելով եւ դրդելով նոր հանցագործությունների։