Քաղաքականություն

ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում կաշկանդող հանգամանք չկա

ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում կաշկանդող հանգամանք չկա

Աբովյանում ընտրություններն ավարտվել են, «Քաղպայմանագրի» պահանջած վերահաշվարկն էլ՝ հետը, բայց դեռ հայտնի չէ, թե ով եւ ինչպես է ձեւավորելու այնտեղ իշխանություն։ 50+1 տոկոս ոչ մի ուժ չի հավաքել, ուստի Աբովյանում իշխանություն կարող է ձեւավորվել միայն կոալիցիայի կամ համաձայնության միջոցով։

Հիշեցնենք․ Աբովյանում ընտրություններին մասնակցել էր 4 քաղաքական ուժ՝ ԲՀԿ, ՔՊ, ՀՅԴ եւ «Հանրապետություն», որոնք բոլորն էլ հաղթահարել են անցողիկ շեմը։ Ամենաշատ ձայն հավաքել էր ԲՀԿ-ն՝ ավելի քան 46 տոկոս, հետո՝ ՔՊ-ն, «Հանրապետությունը» եւ վերջում՝ ՀՅԴ-ն։ Ու քանի որ այս ուժերից որոշներն իրար հետ խնդիր ունեն, եւ, օրինակ, ԲՀԿ-ն ի սկզբանե հայտարարել էր, որ կոալիցիա չի կազմի ՔՊ-ի եւ «Հանրապետության» հետ, «Հանրապետության» ցուցակը գլխավորող Էմիլ Հարությունյանն էլ հայտարարել էր, որ ԲՀԿ-ի հետ է բացառում կոալիցիան, ուստի մնում է մի տարբերակ՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն  կոալիցիա կազմեն, որոնց ձայները միասին կազմում են 51 տոկոս։ Իսկ ՔՊ-ի ու «Հանրապետության» ձայները միասին 49 տոկոս են, եւ անգամ վերահաշվարկի արդյունքում հնարավոր չեղավ փոխել այդ հարաբերակցությունը, որքան էլ Ռոմանոս Պետրոսյանը ջանք թափեց: Սա նշանակում է, որ նրանք չեն կարող կայուն մեծամասնություն ձեւավորել։

Աբովյանում այդ ընտրությունների թիվ մեկ պատասխանատու Ռոմանոս Պետրոսյանը, որը չէր հաշտվում ընտրությունների արդյունքների հետ, դիմել էր ԿԸՀ՝ 25 տեղամասում վերահաշվարկի պահանջով։ Վերահաշվարկի արդյունքում, սակայն, ՔՊ-ի ձայներն ավելանալու փոխարեն պակասեցին, իսկ ԲՀԿ-ինն ավելացան։ Հիմա մնում է, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընդհանուր հայտարարի գան, կոալիցիոն հուշագիր ստորագրեն եւ ԲՀԿ ցուցակը գլխավորած Էդուարդ Բաբայանին ընտրեն քաղաքապետ։ Մենք երեկ փորձեցինք կապ հաստատել Բաբայանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։ Փոխարենը խոսեցինք ՀՅԴ ցուցակը գլխավորած Արման Մեղրյանի հետ։

- Պարոն Մեղրյան, ունե՞ք արդեն որոշում՝ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելո՞ւ եք, թե՞ ոչ։

- Վերջնական որոշում չկա, կուսակցության ներսում քննարկումներ են էս պահի դրությամբ, իմ կարծիքով՝ ավագանու նիստից առաջ մենք հայտարարություն կտարածենք, արդեն ամեն ինչ պարզ կլինի։ Էս պահի դրությամբ ոչ մի էդպիսի որոշում չկա։

- Իսկ կուսակցության ներսում ի՞նչ բնույթի քննարկումներ են, քննարկվո՞ւմ է այն հարցը՝ պե՞տք է ԲՀԿ-ի հետ կոալիցիայի գնալ, թե՞ ոչ։

- Ճիշտն ասած՝ կուսակցության վերնախավն է էդ հարցերը քննարկում, ես մանրամասներին չեմ տիրապետում։ Ավագանու նիստից առաջ մենք հայտարարություն կտարածենք, եւ Ձեր հարցերի պատասխանը դրա մեջ կգտնեք (ի դեպ, ՀՅԴ վերնախավն էլ հարցազրույցներում հակառակն է ասում` որ տեղական կառույցում են նման հարցերը որոշվելու` Վ. Մ.):

- Իսկ Դուք ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ, ճի՞շտ է ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը, թե՞ ոչ։

- Ես կուսակցական եմ, կուսակցությունը պետք է ամեն ինչ որոշի, ես չեմ որոշում կայացնողը, ամեն ինչ կուսակցության հետ է քննարկվում։

- Բայց դա նախ Ձեզ է վերաբերում։

- Ինձ է վերաբերում, բայց ես կուսակցության որոշումներն եմ կատարում։

- Ամեն դեպքում, ձեզ մոտ ինչպիսի՞ տրամադրվածություն կա, կամ՝ ԲՀԿ-ի հետ կա՞ կաշկանդող հանգամանք կոալիցիա կազմելու հարցում։

- Ես էդպիսի տեղեկություն չունեմ, որ ԲՀԿ-ի հետ ինչ-որ կաշկանդող հանգամանք կա։ Չէ, նման տեղեկություն չկա, որ ԲՀԿ-ի հետ կաշկանդող հանգամանք կա։

- Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, կոալիցիա կկազմեք։

- Հայտարարությամբ կնշենք, ավագանու նիստից առաջ կամբողջացնեք, կամփոփենք եւ հայտարարությամբ հանդես կգանք։

- Ե՞րբ է լինելու ավագանու առաջին նիստը։

- Ճիշտն ասած՝ դեռ մանդատները չեն բաշխել։ Ինձ թվում է՝ մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ։

- Իսկ ընտրություններից հետո Դուք հանդիպում ունեցե՞լ եք ԲՀԿ-ի թեկնածու Էդուարդ Բաբայանի հետ եւ քննարկե՞լ եք այդ հարցը։

- Ոչ, չեմ հանդիպել։

- Ի դեպ, ինչպե՞ս կգնահատեք այն, որ ՔՊ-ն չէր համակերպվում պարտության հետ եւ վերահաշվարկի պահանջ ներկայացրեց, որն էլ իր դեմ աշխատեց՝ իր ձայները պակասեցին։

- Դե, չգիտեմ, զարմանալի էր, նրանք վերահաշվարկ են ուզել այն ընտրատեղամասերում, որտեղ հանձնաժողովի նախագահը ՔՊ-ից է եղել։ Դա ինձ համար շատ զարմանալի էր։ Ինչ է, իրենք իրենց թիմակիցների՞ն էլ չեն վստահում։

- Ի դեպ, Դուք ամենաքիչ ձայներն եք հավաքել՝ 5 տոկոսից քիչ ավելի, թեպետ հաղթահարել եք անցողիկ շեմը, այդքան քիչ ձայն հավաքելն ինչո՞վ էր պայմանավորված, եւ արդյոք ընտրական գործընթացում այնպիսի խախտումներ եղե՞լ են, որոնք կարող էին ազդել ՀՅԴ-ի ձայների վրա։

- Չէ, որպես այդպիսին՝ մեծ մասշտաբի ինչ-որ խախտում չի եղել, բայց դե՝ աբովյանցիների կամքն է, ի՞նչ արած։ Մյուս ընտրություններին՝ հինգ տարի հետո, ավելի լավ կպատրաստվենք, թերությունները կշտկենք, ավելի նոր ուժով կմտնենք ընտրապայքարի մեջ։

- Մի բան էլ՝ տրամաբանությունը հուշում է, որ եթե դուք կոալիցիա կազմեք ԲՀԿ-ի հետ, ապա Էդուարդ Բաբայանը կդառնա քաղաքապետ, Դուք էլ, ենթադրաբար, կընտրվեք փոխքաղաքապետ, այդպե՞ս է։

- Չէ, նման հարցեր չենք քննարկել ընդհանրապես, արդեն պաշտոններն էլ բաշխեցիք…
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image