Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի հետ այցելել է Գյումրի, հյուրընկալվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում։
Այնուհետև շրջել են Գյումրիում, այցելել «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան», ծանոթացել թանգարանի ստեղծման պատմությանը, ցուցանմուշներին, քաղաքի մասին՝ հետաքրքիր պատմություններ լսել։ Ձիթողցոնց թանգարանում ներկայացվում է 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, քաղաքում տարածված արհեստներն ու արվեստները, քաղաքային կենցաղն ու հոգևոր մշակույթը, հին Ալեքսանդրապոլի քարտեզն ու քաղաքի մանրակերտը։ Բարձրաստիճան պաշտոնյաների շրջայցն այդքանով, սակայն , չի սահմանափակվել, այցելել են «Մհեր Մկրտչյան» թանգարանո, լսել մեծ դերասանի կյանքի ու գործունեության մասին։ Թանգարանը տեղակայված է 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։
Շրջայցի վերջին ակորդը «Սուրբ Յոթ Վերք» եկեղեցին է եղել, որտեղ մոմ են վառել։ Վրացի գործընկերոջ համար Գյումրիում տուր կազմակերպելը, ըստ լավատեղյակ աղբյուրների, Քարամյանի առաջարկն է եղել, հատկապես որ Կառլո Կացիտաձեն Վրաստան պետք է մեկներ Գյումրիով: Գյումրեցիներին, սակայն , հետաքրքրում է նաև , թե ինչ աշխատանքային քննարկումներ են ունեցել հայ եւ վրաց գործընկերները։Ընդդիմադիր գործիչներից նկատում են, թե չի բացառվում, որ անգամ երկու երկրների քննչական ղեկավարների մակարդակով սահմանային հարցեր քննարկվեն:
Ուշագրավ է, որ վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացրել է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաև Վրաստանի հետ՝ որոշակի տարածքներ զիջելով նաև Վրաստանին:Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին (ՀՀ Լոռու մարզի Ալավերդիի շրջան) հարող տարածքներին:

