Տարին մոտենում է իր տրամաբանական ավարտին: 2024-ը բուռն տարի էր` թե՛ ներքաղաքական կյանքում, թե՛ մայրաքաղաքային: Ինչպիսի՞ն էր տարին ավագանու անդամների աչքերով: «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ամենախայտառակ փոփոխությունները, որ եղան, վերաբերում են թանկացումներին, որոնք չունեն որեւէ արդարացում: Թանկացումները չունեցան նպատակ, հիմք, որոնք ի բարօրություն երեւանցու կլինեին: Այսպիսի թանկացումները երեւանցիների համար աղետալի են: Հանրային տրանսպորտի սակագնի բարձրացում, կարմիր գծեր, գույքահարկ, բայց տրանսպորտի թանկացումն ամենացավալին է, որովհետեւ այն վերաբերում է բոլոր բնակիչներին, մարդիկ իրենց մաշկի վրա են զգալու այդ ամենը: Սա մեր բնակիչների համար չարդարացված ու նսեմ վերաբերմունք էր, որն անընդունելի է: Հուսով եմ, որ 2025 թվականը կլինի լավ տարի»:
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց. «Հիմնական դժգոհություններն ուղղված են թանկացումներին` տրանսպորտ, աղբահանություն, գույքահարկ: Քաղաքային իշխանությունները զանազան կոռուպցիոն սկանդալների մեջ են հայտնվում, գումարներ մսխում, նոր ծառերի ձեռքբերման պատրվակով… մենք ականատես եղանք նաեւ քաղաքացու հասցեին հնչող անհարգալից արտահայտությունների, որոնք իրեն թույլ տվեց Երեւանի քաղաքապետի հայրը, բայց քաղաքապետարանն Ամանորը նշում է տոնական ֆուրշեթով, որի համար մեծ գումարներ են վատնել, դրան էլ գումարած՝ 2 միլիոն դրամ են հատկացրել, որ «Նեմրա» խումբը գա կենդանի կատարմամբ իրենց զվարճացնելու: Հավանաբար, մեծ «նվաճումներ» են ունեցել այս տարի, հիմա էլ նշում են: Ահռելի շինթույլտվությունների արդյունքում եկող տարի 35,5 միլիարդով բյուջեն ավելանում է, բայց Երեւանն ունի այնպիսի իշխանություն, որը հատուկ կարիքներ ունեցող երեխաների ծնողներին` ավտոբուս տրամադրելու խնդրանքը մերժում է: Բացասականն այնքան շատ է, որ մեկ եզրահանգման ենք գալիս` քաղաքային իշխանությունները երեւանցիների գլխին պատուհաս են դարձել, զուտ հարստանալու խնդիր ունեն: Մեկ անձից գնումներ են կատարում, ու, ինչպես հիմնական իշխանությունները, այդպես էլ քաղաքային իշխանությունները քաղաքացու անունը տալով մտնում են քաղաքացու գրպանը»:
«Ազգային առաջընթաց» խմբակցությունից Իզաբելլա Աբգարյանն էլ նշեց. «Երեւանն այսօր չունի լեգիտիմ քաղաքապետ, այս իշխանությունն ընտրվել է փոքրամասնության ձայների հաշվին եւ որոշումներ է կայացնում ի վնաս մարդկանց, նրանց սոցիալական վիճակին: ՔՊ-ական իշխանությունը գործում է «Ինչ ուզենք, կանենք, լավ ենք անում» տրամաբանությամբ: Մենք տեսանք նաեւ հեռուստաբանավեճի ժամանակ, երբ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը հայտարարեց, որ ընտրվել ենք, որ ինչ ուզենք, անենք: Ինձ համար սա մեծագույն խնդիր է: Միջոցները վատնվում են, մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են տեղի ունենում, խոսքը Լվովյան փողոցի բնակիչների մասին է: Այս ամենի մեջ ամենակարեւորն այն է, որ Երեւանի ավագանիում բացակայում են հանուն մայրաքաղաքի որոշումներ կայացնելը, համախմբվածությունը: Իշխող ուժն ինչ ուզում, անում է, օրակարգեր չկան, միանգամից նախագծեր են բերում, որ անգամ քննարկման ժամանակ չունենանք»:
«Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն էլ ասաց. «Այն, որ հասարակությունն ընդդիմանում է որոշ բաների, դա լավ է, ուժ է տալիս նաեւ մեզ, ինչ վերաբերում է նախագծերին, ապա մենք ունեցանք մի նախագիծ, որը միաձայն անցավ, բացառությամբ մեկ ձայնի: Խոսքը վերաբերում է զոհվածների, անհետ կորածների ընտանիքների արտոնություններին: Մենք կարողացանք պատմության մեջ առաջին անգամ արտոնություն տալ այդ ընտանիքներին: Ի դեպ, մենք ամենափոքր խմբակցությունն ենք, սակայն այս առումով կարողացանք լավ բան անել մեր ժողովրդի համար, այն ոչ միայն երեւանցիներին է վերաբերում, այլեւ բոլոր ՀՀ քաղաքացիներին: Մարդիկ կարեւորում են այն ուժերին, ովքեր «փուչիկներ փչելուց» բացի կարողանում են նաեւ գործ անել: Շատերը խոսում են մի բան, անում են այլ բան: Օրինակ` Վարդան Ղուկասյանի ավագանին` Գրիգ Հարությունյանը եկավ նիստին, իբրեւ սխալմամբ՝ քվորում ապահովեց ՔՊ-ի աղբահանության թանկացմանը: Բայց ինչպե՞ս կարելի էր սխալվել, անհնար է նման բան, ոչ մեկը դրան ուշադրություն չդարձրեց: Իսկ որոշներն էլ, Հայկ Մարությանի նման, ուզում են ամեն ինչ գցել մեր ֆրակցիայի վրա, սակայն իրականությունն այլ է: Ի դեպ, այդ Գրիգը հայտարարում է, որ վայր է դրել մանդատը, սակայն ես Ձեզ վստահեցնում եմ, որ նա դեռեւս դիմում չի ներկայացրել, քաղաքապետարանը ոչ մի նման դիմում չի ստացել»: