Հասարակություն

Աննա Հակոբյանը փորձում է փրկե՞լ բիզնեսը

Աննա Հակոբյանը փորձում է փրկե՞լ բիզնեսը

Փաշինյանը եւ նրա քաղաքացիական կինը` Աննա Հակոբյանը,  տեսնում են, որ իրենց հանրային վստահության ռեսուրսը ոչ թե զրո է, այլ՝ բացասական, մարդիկ ոչ թե անտարբեր են իրենց նկատմամբ, այլ ատում են իրենց, ինչի հետ իրենք ասոցացվում են, դառնում է զզվելի ու մերժելի: Եվ դրա մասին նրանք տեղեկացված են ոչ թե սոցհարցումներով, ոչ թե հանրային կարծիքի տարբեր ուսումնասիրություններով, այլ ավելի առարկայորեն, իրենց հետ ասոցացվող բիզնեսների նկատմամբ մարդկանց վերաբերմունքով, միայն իրենց հետ ասոցացվելը բավարար է, որ որեւէ գործ տապալվի, փակվի:

Մի քանի օր առաջ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում մի երկարաշունչ գրառում էր արել, որով հերքում էր իր կապը 88 խանութների ցանցի հետ: Մենք եւս գրել էինք, որ, ըստ շրջանառվող խոսակցությունների, Հակոբյանը կապ ունի այդ ցանցի հետ, որն անընդհատ ընդլայնում է իր աշխարհագրությունը, ընդ որում՝ ոչ թե նոր խանութներ են բացում, այլ ցանցին են միացնում արդեն գործող եւ հաջողակ խանութները: Մարդիկ ասում են, որ խանութների սեփականատերերի վրա հարկային եւ այլ կարգի ճնշումներ են գործադրում, որ նրանք իրենց գործող խանութը վարձակալության հանձնեն այս ցանցին, իսկ ճնշում կարող են գործադրել միայն իշխանության, այն էլ՝ բարձրագույն իշխանության ցուցումով եւ հրահանգով, այլ տարբերակ չկա: Ո՞վ է իշխանության այդ բարձրագույն ներկայացուցիչը, եւ որն է նրա շահագրգռությունը: 

Բայց վերադառնանք Աննա Հակոբյանի գրառմանը. «Հայտարարում եմ, որ մեր ընտանիքը չի օգտվել եւ չի օգտվում  «88» սուպերմարկետներից։ Ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որեւէ մեկում։ Ես չգիտեմ՝ դրանք ինչ խանութներ են, որտեղ են գտնվում, ինչ որակի ծառայություն են մատուցում։ Անկեղծ ասած, չեմ էլ պատրաստվում երբեւէ օգտվել «88» կոչված խանութներից։ Ասածս ինչ է, ես ոչ մի բնույթի առնչություն չունեմ «88» սուպերմարկետների ցանցի հետ, անգամ որպես շարքային սպառող՝ դրանք ինձ խորթ են։ Խնդրում եմ, մի’ հավատացեք այս խանութի եւ իմ անվան հետ կապվող բամբասանքներին։ Իսկ եթե ձեզ ամեն կերպ հավատացնում են, թե դրանք իմն են, ուղղակի բոյկոտեք եւ մի օգտվեք այդ ցանցից, մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից»»:

Լավ, ենթադրենք՝ մարդիկ «88» անվանումն ունեցող խանութների ցանցը կապում են Աննա Հակոբյանի անվան հետ, է, կապում են` թող կապեն, ինչո՞ւ է Հակոբյանը փորձում հերքել իր կապն այդ ցանցի հետ, ինչի՞ն է ուղղված այս գրառումը: Նա անտարբեր չէ այս ցանցի նկատմամբ եւ փորձում է իրեն տարանջատելով այդ ցանցից` փրկել այդ խանութների ցանցը, փորձում է փրկել բիզնեսը, որն իրոք փրկության կարիք ունի:

Հակոբյանի գրառումից հետո անցած մի քանի օրվա ընթացքում խոսել եմ 88 դարձած խանութների աշխատակիցների հետ, հարցրել եմ, թե ինչպես է անդրադարձել իրենց գործունեության վրա, այսպես կոչված, վերաբրենդավորումը: Միայն բացասաբար`վաճառքների անկմամբ: Խանութներ կան, որտեղ առեւտրի ծավալները կրկնակի ընկել են, խանութներ կան, որոնք դարձել են տնտեսապես ոչ շահավետ, եւ դրա համար սկսել են մեղադրել խանութների տնօրեններին, աշխատակիցներին՝ մեղքը բարդելով նրանց վրա, այն դեպքում, երբ նրանք այդ խանութում աշխատել են նաեւ մինչեւ վերաբրենդավորումը` մինչեւ 88 դառնալը, եւ հաջողությամբ: Խանութներ կան, որտեղ արդեն աշխատակազմեր են փոխվել, բայց՝ անարդյունք:

Պատկերացնո՞ւմ եք, Աննա Հակոբյանի անվան հետ ասոցացումն այնքան սարսափելի է, որ խանութներ կան, որոնք անցել են 88 ցանցի տիրապետության տակ, սակայն այն վախից, որ եթե խանութի անվանումը փոխվի, այն կարող է կորցնել իր հաճախորդներին, որոշել են խանութի անվանումը թողնել նախկինը, իբրեւ թե ոչինչ չի փոխվել: Բայց Հայաստանը փոքր երկիր է, Հայաստանի քաղաքներն ու գյուղերն ավելի փոքր են, մարդիկ ամեն ինչ գիտեն եւ տեղեկացված են եւ նույնիսկ այդ դեպքում մարդիկ աշխատում են հեռու մնալ այն խանութներից, որոնք կապվում են իշխող ընտանիքի անվան հետ: Աննա Հակոբյանն ասում է` բոյկոտեք իմ անվան հետ կապված խանութները: Պետք չէ կոչ անել` մարդիկ առանց այդ կոչի էլ բոյկոտում են այն ամենը, ինչը կապվում է ձեր եւ ձեր ընտանքի անվան հետ: Այնպես որ, 88 խանութների ցանցը փրկելու այս հուսահատ փորձը եւս տապալվելու է:

Հարցը խանութների ցանցը չէ, այլ այն հանրային ատելությունը, որ կա կառավարող զույգի նկատմամբ: Մարդիկ, շարքային գնորդները՝ Երեւանում եւ ամբողջ Հայաստանում, չեն ուզում որեւէ առնչություն ունենալ այս ընտանիքի հետ, չեն ուզում, որ անգամ իրենց 10 կամ 100 դրամը գնա այս ընտանիքին, որը կործանել է, շարունակում է ոչնչացնել իրենց երկիրը, քաղաքն ու գյուղը: Մարդիկ պատրաստ են ավելի թանկ գնով ապրանք գնել ուրիշ խանութից, քան Փաշինյան-Հակոբյան զույգի հետ ասոցացվող խանութներից: 

Հետո էլ ասում են, թե մարդիկ անտարբեր են իրենց երկրի ճակատագրի նկատմամբ, մի՞թե անտարբեր մարդիկ կարող էին նման հստակ վերաբերմունք դրսեւորել իշխանության նկատմամբ. դուք նույնիսկ մի խանութ չեք կարողանում կառավարել, ուր մնաց թե՝ մի ամբողջ երկիր:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image