Հասարակություն

Ուր է գնում ավել հավաքված փողը

Ուր է գնում ավել հավաքված փողը

Մարդիկ զարմանում են, թե ինչ արագությամբ է իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը վատացնում իրենց կյանքը` սոցիալական վիճակը: Անվերջ լսում ես թանկացումների եւ գների բարձրացման մասին. հունվարից բարձրանալու է տրանսպորտի գինը, թանկանալու է գույքահարկը, բարձրացվում են տուգանքների չափերը, հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում հազարավոր ձեռնարկատերեր ենթարկվելու են հարկային տեռորի` իրենց եկամտի գրեթե կեսը պետք է որպես հարկ վճարեն։ Կրկնակի ավելանում է փոքր բիզնեսի շրջանառության հարկը, փաստաբանական եւ նոտարական ծառայություններ մատուցողները պետք է 18 տոկոս եկամտահարկ վճարեն, 20 տոկոս` ավելացված արժեքի հարկ: Իշխանությունն ավելի շատ փող է հավաքում, բայց մարդկանց աշխատավարձերը եւ թոշակները չեն ավելանում, սոցիալական ծառայությունների որակը կամ քանակը չի ավելանում, մարդկանց մոտ հարց է առաջանում, թե ուր է կորում այդ փողը:

Փաշինյանի իշխանությանը փող է պետք, ամեն տարի անհրաժեշտ փողի քանակը մեծանում է, ու այդ փողի պահանջարկը բավարարելու մի ձեւ կա` ավելի շատ փող հավաքել: Արդյունքում տարեցտարի թե՛ հարկերն են բարձրանալու, թե՛ բիզնեսի ու մարդկանց տնտեսական, սոցիալական վիճակն է վատանալու: Փաշինյանի իշխանությունը հիմնված է փողի վրա. նրա շուրջ համախմբված մարդիկ ծառայում են նրան՝ հանուն փողի: Կարող եք ասել, թե ի՞նչ ընդհանուր բան ունեն Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, ՏիգրաՆ Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, Վահագն Ալեքսանյանը, Բաբկեն Թունյանը եւ մյուս ՔՊ-ականներն իրար հետ. ինչի՞ շուրջ է կայացել նրանց քաղաքացիական պայմանագիրը: Իհարկե, համատեղ փող աշխատելու գաղափարի շուրջ` իրենք իշխանությունն օգտագործում են մարդկանցից փող հավաքելու համար, հետո այդ փողը կիսում են իրար մեջ. ամեն մեկը ստանում է իր հասանելիքը` ըստ իր զբաղեցրած դիրքի եւ պաշտոնի: 

Երկրում փողի քանակը պակասում է` Փաշինյանը եւ թիմակիցները տեսնում են, որ այն արտաքին գործոնները, որոնց ազդեցության տակ Հայաստան փողի հոսքը մեծացել էր, հետեւաբար, մեծացել էին նաեւ պետբյուջեի մուտքերը, սկսել են նվազել: Զբոսաշրջիկների թիվը պաշտոնապես նվազել է եւ շարունակելու է նվազել, ռելոկանտների մեծ մասը վերադարձել է Ռուսաստան կամ Հայաստանից տեղափոխվել է կյանքի ու աշխատանքի համար ավելի բարենպաստ պայմաններ առաջարկող երկրներ, Հայաստանից Ռուսաստան վերաարտահանվող ապրանքների ծավալն էականորեն նվազել է. եթե մինչեւ 2023 թ. սեպտեմբեր Հայաստանում մի քանի հազար մեքենա էր մաքսազերծվում եւ վերաարտահանվում Ռուսաստան, հիմա՝ գրեթե ոչ մի հատ: Տեղի ունեցողում էական են նաեւ իշխանության անձեռնհասությունը եւ ապաշնորհությունը, բայց հիմա խոսքը սրա մասին չէ. փաստն այն է, որ պետական բյուջեի եկամտային մասը հնարավոր չէ կատարել, հարկայինի պետերը բողոքում են, որ պլանը 20-30 տոկոսով թերակատարում են: 

Եթե փողը քիչ է, երկու ճանապարհ կա. կա՛մ պետք է փող քիչ ծախսել, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Սուրեն Պապիկյանը, Վահագն Ալեքսանյանը, Բաբկեն Թունյանը եւ մյուս ՔՊ-ականները պետք է ավելի քիչ փող ստանան, կա՛մ պետք է շարքային քաղաքացիներից ավելի շատ փող հավաքեն, այսինքն՝ հարկերն ավելացնեն, սակագները բարձրացնեն, տրանսպորտը թանկացնեն: Բնական է, որ ՔՊ-ականների համար ընդունելի է երկրորդ տարբերակը:

Քանի որ Հայաստանը տիպիկ գաղութային երկիր է եւ վճարում է նաեւ գաղութային կախվածության վճար, տարեցտարի ավելանում է նաեւ գաղութային վճարը, գաղութարարներն ավելի շատ փող են ուզում ստանալ Հայաստանից: Այդ գաղութային վճարը կոչվում է պետական պարտքի սպասարկում` շարքային քաղաքացիներին դա այդպես են ներկայացնում: 2024 թվականին Հայաստանը պետական պարտքի սպասարկմանն ուղղել է 800 միլիարդ դրամից ավելի գումար, 2 միլիարդ դոլարից ավելի, 2025 թվականին այդ գումարն անցնելու է 1 տրիլիոն դրամը, ավելին, քան 2,5 միլիարդ դոլարը: Այսինքն, մեր գաղութային հարկը մեկ տարում ավելացել է 500 միլիոն դոլարով: Իսկ ո՞վ պետք է վճարի այդ ավելացած գումարը․ իհարկե՝ հասարակությունը: Սրա պատճառն այն է, որ Փաշինյանի կառավարությունն իր գործունեության ընդամենը 7 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացրել է գրեթե երկուսուկես անգամ` 2018 թվականին պետական պարտքը եղել է 6 միլիարդ, 2025 թվականին այն կհասնի 14-14,5 միլիարդի: 

Մարդիկ ուրախանում են, որ իրենց քաղաքում մի փողոց է ասֆալտապատվել կամ մի դպրոց է կառուցվում, բայց չեն հասկանում, որ դրա գինն այն է, որ իրենք պետք է ավելի քիչ միս, ձուկ, հաց, կաթնամթերք ուտեն, դեղերն ավելի թանկ գնով գնեն, տրանսպորտի համար ավելի շատ վճարեն, գումար չունենան՝ իրենց երեխաների ուսման համար վճարելու: Այդ գումարն ուղղվելու է գաղութային հարկի վճարմանը: Հայաստանի արտաքին տերերը Փաշինյանի իշխանությանը հատուկ են վարկեր տալիս, որն ուղղվում է ոչ թե տնտեսության զարգացմանը, ոչ թե հավելյալ եկամուտ ստեղծելուն, այլ ուղղակի մսխվում է անիմաստ ծրագրերի վրա`ասֆալտ, դպրոց կամ մանկապարտեզ: Դա նույնն է, որ մարդ վարկ վերցնի տան համար՝ թանկ կահույք կամ հեռուստացույց գնի ու իր ամբողջ եկամուտը տա վարկերի սպասարկմանը, բայց սննդի կամ այլ բանի փող չունենա:

Հետո էլ մարդիկ զարմանում են, թե ինչու է նույն ապրանքը, ասենք` միսը, Ռուսաստանում 2-3 անգամ ավելի էժան, քան Հայաստանում, ինչու է ԱՄՆ-ում կյանքը տասնապատիկ ավելի էժան, քան Հայաստանում: Մարդիկ չեն հասկանում, որ Ռուսաստանը` ի տարբերություն Հայաստանի, գաղութային հարկ չի վճարում կամ վճարում է շատ քիչ, այդ երկրի, այսպես կոչված, արտաքին պարտքն իր տնտեսության համեմատ շատ չնչին է, Ռուսաստանի արտաքին պարտքը ոչ թե ավելանում է, այլ՝ փոքրանում: Իսկ ԱՄՆ-ն ոչ միայն գաղութային հարկ չի վճարում, այլեւ, լինելով գաղութարար երկիր, ինքն է գաղութային հարկ հավաքում մեզ նման տասնյակ երկրներից: Մարդիկ էլ, տեսնելով, որ իրենց երկիրը չեն կարողանում ազատագրել գաղութային լծից, գաղութային հարկից ազատվելու, այդ հարկը չվճարելու միակ ելքը տեսնում են Ռուսաստան, ԱՄՆ կամ այլ երկրներ փախչելու մեջ: Որքան փոքրանում է երկրի բնակչության թիվը, այնքան մեծանում է մնացողների վրա դրված հարկը, այնքան ծանրանում է մյուսների վիճակը: Փաշինյանին դա շատ ձեռնտու է. ինքը շատ լավ գիտի, որ վատ ապրող, հազիվ օրվա հաց վաստակող մարդը չափազանց հնազանդ է ու այդքան ուժ եւ էներգիա չունի՝ իր իշխանության դեմ դուրս գալու համար: Այս հարցում գաղութարարների եւ գաղութային կառավարիչների շահերը համընկնում են` երկուսին էլ պետք է խոնարհ ու հնազանդ հասարակություն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image