ԵՊՀ մի շարք դասախոսներ, արձագանքելով Տավուշի մարզում «սահմանազատման» ապօրինի գործընթացում ՀՀ տարածքային կորուստներին եւ դրանով պայմանավորված` Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ սկսված շարժմանը, հայտարարություն են տարածել, որտեղ մասնավորապես նշված է․ «Շարունակական տարածքային կորուստները եւ ստեղծված սահմանային վիճակը հայոց պետականության հետագա զարգացման եւ անգամ գոյության համար լրջագույն սպառնալիքներ են ստեղծել, ինչը խորը անհանգստություն է առաջացրել հասարակության տարբեր շերտերի, այդ թվում՝ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում: Հաշվի առնելով այդ սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությունը, իշխանությունների կողմից հանրության լայն շերտերի կարծիքը հետեւողականորեն անտեսելու քաղաքական կեցվածքը եւ ելնելով ապագա սերունդների առաջ պատասխանատվության զգացողությունից՝ կրթության եւ գիտության ոլորտի ներքոնշյալ ներկայացուցիչներս մեր աջակցությունն ենք հայտնում Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանը եւ կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա»:
Հայտարարությանը միացել է 50-ից ավելի դասախոս, այդ թվում՝ պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը, ով մեզ հետ զրույցում անդրադարձավ շարժման՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին եւ ոչ միայն․
«Ինչպես բոլոր նախորդ շարժումները, միանշանակ է, որ սա էլ պետք է դնի իշխանափոխության խնդիր, թե չէ անիմաստ է դառնում։ Սկզբնական շրջանում իշխանափոխության հասնելու քայլերը պետք է ուղղված լինեն օրենսդրական՝ իմպիչմենթի խնդրի լուծման ճանապարհին։ Մյուս կողմից էլ, մի քիչ մտավախություն ունեմ այս առումով, որովհետեւ երբ նայում եմ համացանցում արված տարբեր հրապարակումներ, գրառումներ, նկատում եմ, որ ամեն կողմից փորձում են շարժումը պառակտել, առաջնորդներին սեւացնել, ներկայացնել այս կամ այն արտաքին ուժի լրտես կամ գործակալ։ Եվ, որ ավելի վատ է ու սարսափելի, հրապարակ են նետում այն թեզերը, որ այս շարժման միջոցով կրկին փորձ է արվում նախկին իշխանությունների վերարտադրությանը, եւ որոշ ծանոթ-անծանոթ մեկնաբանություններում այս մոտեցումը երեւում է, որ փորձում են ամեն գնով, նաեւ այս ճանապարհով շարժումը սեւացնել, մարել, դեպի անկում տանել եւ պառակտել։ Սա մի քիչ մտահոգիչ բան է, եւ կարծում եմ՝ որպես առաջնահերթություն, պետք է լուրջ ռազմավարական ծրագիր մշակել եւ դրան համապատասխան առաջ ընթանալ, այլապես այդ հապաղումը ստացվելու է նորից հօգուտ իշխանությունների»։
Ինչ վերաբերում է նրան, որ շարժումը դեռ չի հայտարարել, թե ով է լինելու վարչապետի իր թեկնածուն, ավելին՝ սրբազանը չի բացառել նաեւ իր թեկնածությունը, եթե լինի Վեհափառի օրհնությունը, Ա․ Մալոյանը նկատում է․ «Գուցե ես սխալվում եմ, բայց կարծում եմ՝ սրբազանը չպետք է հրաժարվի իր հոգեւոր ծառայությունից եւ փորձ անի գալ իշխանության ու ստանձնի քաղաքական պատասխանատվություն։ Լավ կլինի, որ ինքը մնա շարժման մեջ, լինի որպես շարժման գլուխ եւ առաջնորդ, իսկ ժողովրդի մեծ մասը հիմա հենց այս սպասողական վիճակում է, որովհետեւ փորձելու է համեմատել, թե ով է թեկնածուն, ինչքանով է արժանավոր, եւ ինչքանով է նրա գալն իմաստավորված կամ անհրաժեշտություն։ Եթե պարզվի, թե ով է թեկնածուն, միեւնույն է՝ լինելու են մարդիկ, ովքեր համամիտ չեն լինելու կամ նույն համակրանքը չեն դրսեւորելու այդ թեկնածուի հանդեպ եւ հետ կանգնեն շարժումից։ Սա էլ դրա բացասական կողմն է։ Մի կողմից՝ պետք է լինի այնպիսի մեկը, որ մեծ հեղինակություն վայելի, եւ ավելի լայն խմբեր շարժվեն նրա հետեւից, մյուս առումով, կարծում եմ՝ լուրջ քննարկելիք կա շարժման ներսում, որպեսզի միասնական թեկնածուն հնարավորինս լավ տիրապետի կառավարչական, հրապարակախոսական հմտություններին, իսկ այս իրավիճակում նաեւ դիվանագիտական ակնառու որակներով օժտված անձնավորություն լինի, որովհետեւ ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական ստեղծված պայմաններում շատ բան, իհարկե, կախված է նաեւ հարեւանների, տարածաշրջանի, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի հզոր խաղացողների հետ բանակցություններ վարելու ունակություններից։ Ամեն դեպքում, բավականին դժվար ընտրություն է լինելու»։
Ժողովուրդն այդքան համբերություն եւ հետեւողականություն կդրսեւորի՞ այս պայքարի ընթացքում, քանի որ արագ եւ կտրուկ քայլերի պահանջ կա, մինչդեռ սրբազանը հորդորում է զինվել համբերությամբ եւ խաղաղ ու օրինական ճանապարհով հասնել հաղթանակի։ Թերեւս հենց սրանով էլ պայմանավորված են այն խոսակցությունները, որ շարժումը մարում է, կա՞ նման միտում, եւ ի՞նչ պոտենցիալ ունի այս շարժումը։ «Ճշմարտության հատիկ կա՝ երկաթը տաք-տաք ծեծելու առումով, եւ հապաղելը, կարծում եմ՝ ճակատագրական կարող է լինել, ու շարժումը դեպի մարում գնա, ուստի արագ գործողություններ են պետք, բայց որպեսզի այդ արագությունը չարվի որակի ու խորության հաշվին»։
Հանրային ճնշումը՝ տարբեր մասնագիտական շրջանակներից, ավելի է մեծանում, սկզբում ոտքի կանգնեց ուսանողությունը, հիմա արդեն՝ նաեւ դասախոսները, սա ի՞նչ գործուն ազդեցություն կարող է ունենալ շարժման ընթացքի ու ելքի վրա։ «Ամեն դեպքում, սա դրական է եւ ուրախալի ինձ համար, որ երիտասարդությունը փորձ է անում ազգային պետականության ճակատագրով հետաքրքրվելու, մտահոգվելու։ Դա դրական ձեռքբերում է, եւ, ընդհանրապես, պատերազմից հետո ոնց որ անտարբերության, ապատիայի մթնոլորտ էր շուրջներս, բայց հիմա հույս ունենանք, որ երիտասարդության մեջ կլինեն այնպիսի գիտակից երիտասարդներ, որոնց մեջ գուցե հենց ի հայտ գան շարժման առաջնորդներ»։