Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կոնգրեսական Ֆրենք Փալոունը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակին՝ դատապարտելով ադրբեջանական ներխուժումը Հայաստանի տարածք։
«Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ ակնհայտորեն խախտելով միջազգային իրավունքը: ԱՄՆ-ը պետք է աներկիմաստ պայմաններով դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների վրա` հասնելու Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերելուն», - գրել է կոնգրեսականը:
Ադրբեջանական հարձակումը ֆեյսբուքյան գրառմամբ դատապարտել է նաև ՆՊ Հետախուզության հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը։ Նա Սյունիքի մարզ ադրբեջանական ուժերի ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի խորը ներգրավվել Մինսկի խմբի միջոցով, այժմ ավելի առարկայական, քան երբևէ: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է հենց օրեր հետո, երբ Պետական քարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու՝ [Ազատության աջակցության օրենքի] 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներին ու ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը», - նշել է Շիֆը։