Այսօր՝ փետրվարի 18-ին, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր առաջին անգամ տեղի են ունեցել ռուս-ամերիկյան առաջին բանակցությունները: Հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Հետաքրքիր է, որ ՌԴ և ԱՄՆ պաշտոնյաների հանդիպումից հետո` փետրվարի 19-ին Ռիադ նախատեսված իր այցը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չեղարկել է: Նշվում է, որ այցը հետաձգվել է մինչև մարտի 10-ը:
Ռուս-ամերիկյան հանդիպման հետաքրքիր մանրամասներից էր այն, որ լրագրողները մտել են ասուլիսի սրահ, իսկ բանակցողներն արդեն իսկ այնտեղ են եղել, ներկա են եղել նաև սաուդյան կողմի ներկայացուցիչները:
«Հրապարակը» Էր Ռիադում կայացած հանդիպման մասին զրուցել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանի հետ:
-Ինչո՞վ էր պայմանավորված հանդիպումը Սաուդյան Արաբիայում անցկացնելը:
-Նման բանակցությունները հակամարտող կողմերի մեջ անցկացվում են կամ երկրներում, որոնք նեյտրալ կարգավիճակ ունեն, կամ երկրներում, որոնք երկու կողմերի հետ էլ կարողացել են հարաբերությունները պահպանել: Հնարավոր նեյտրալ երկրներն էին Ֆինլանդիան, Շվեյցարիան, գուցե նաև Շվեդիան, բայց այդ կոնֆլիկտի ժամանակ այդ երկրները կորցրեցին իրենց նեյտրալ կարգավիճակը և բնականաբար, պետք է հանդիպումը այն երկրում տեղի ունենար, որը երկուսի հետ էլ հարաբերությունները պահպանել է և ունի հեղինակություն միջազգային ասպարեզում: Դա պետք է լիներ կամ Սաուդյան Արաբիան կամ Էմիրաթները, ընտրվեց Սաուդյան Արաբիան:
-Բանակցություններն Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու մասին են, թե՞ իրականում այլ բանի մասին են:
-Տեղի ունեցած բանակցություններում պայմանավորվել են բանակցություններ վարելու մասին: Այսինքն, բանակցություններն ովքեր կվարեն, որն է հարցերի շրջանակը, երբ և ինչպես են դա անելու և ինչ կազմով: Այսինքն, պայմանավորվել են բանակցության թեմայի, հարցերի, բանակցության ֆորմատի և ժամանակացույցի մասին: Ըստ երկու կողմերի հայտարարությունների, որոշակի համաձայնության եկել են և հարցերի շրջանակի շուրջ, և հնարավոր ժամանակացույցի շուրջ:
-Թրամփի հայտարարություններից հետո հստակ է, որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տալու Ուկրաինային և եվրոպական երկրներին կոչ է արել հասկանալ, թե իրենցից ո՞վ կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիք տալ: Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամության մասին: Սա հարցի լուծո՞ւմ է, թե՞ Թրամփն ամբողջ բեռը դնում է եվրոպացիների ուսերին:
-Ես կարծում եմ, Թրամփը շատ ռացիոնալ քաղաքականություն է վարում, և հիմքեր ունի եվրոպացիների վրա դնելու այդ խնդիրները: Ինչո՞ւ, որովհետև մենք տեսնում ենք, որ ռուս-ամերիկյան բանակցությունները պատերազմը կանգնեցնելու շուրջ են, իսկ եվրոպական երկրները դեմ են պատերազմը կանգնեցնելուն, իրենք դեմ են նույնիսկ բանակցություններին: Եթե դեմ են բանակցություններին, ապա իրենք կարող են և ռազմական գործողություններ իրականացնել իրենց պատասխանատվությամբ` առանց Միացյալ Նահանգների միջամտության, և ֆինանսական ծախսերն իրենց վրա վերցնել: Եթե եվրոպական երկրները հանդես են գալիս պատերազմը կանգնեցնելու դեմ, ապա, բնականաբար, գնացեք և պատերազմեք, այսինքն, եվրոպական երկրները սուբյեկտ չեն միջազգային քաղաքականության, իսկ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ իրենք ունեն խնդիրներ: Սաուդյան Արաբիայում բանակցություններից հետո Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ խնդիրների շրջանակն է նաև աշխարհաքաղաքական հարցերը, այսինքն, ապագա աշխարհակարգի շուրջ եղած խնդիրները: Սա գլոբալ բանակցություններ են, դրանք ոչ միայն Ուկրաինայի մասին են, այլ ավելի շուտ ապագա աշխարհակարգի և, ըստ էության, զոնաների բաժանման մասին, թե ով ինչի համար է պատասխանատվություն կրելու:
-Էր Ռիադում բանակցությունները նաև հի՞մք են հետագայում նախագահների հանդիպում կազմակերպելու համար:
-Իրենք բացահայտ ասում են, որ նախագահների միջև հանդիպում պետք է լինի: Կար խոսակցություն, որ մինչև մարտի մեկը լինի, որովհետև մուսուլմանական տոնն է սկսվում: Մյուս կողմից դեռևս վերջնական չեն պայմանավորվել, այսինքն, եթե մոտակա ժամանակները հանդիպում լինի, ապա դա կլինի մինչև ամսվա վերջը:
-Տեղեկություններ կան, որ ամերիկյան կողմը հույս ունի կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը մինչև զատիկը՝ հաշվի առնելով պատերազմական գործողությունների ծավալն իր ողջ կորուստներով ու ողբերգականությամբ:
-Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա ծավալները և զոհերի քանակը, և այլն իրենց համար առաջնային չի, իրենց համար առաջնային է, որպեսզի պատերազմը կանգնի, որովհետև Միացյալ Նահանգներն ունի իր արտաքին քաղաքականության երկու հիմնական ուղղություն՝ դա Չինաստանի դուրս մղումն է և պաղեստինա-իսրայելական խնդիրը, որը նաև Մերձավոր Արևելքի խնդիրն է, և Իրանի հարցն է, և հնարավոր ապագա խաղաղության շուրջ բանակցությունները արաբական երկրների և Իսրայելի միջև, այսինքն, այս երկու հիմնական խնդիրներն ունի: Մյուս հիմնական խնդիրը Միացյալ Նահանգների տնտեսական և կառավարման համակարգերի ռեկորդները՝ ծախսերի կրճատում, իշխանության կառավարման մոդելի փոփոխություն: Հիմա այդ առաջնահերթությունների մեջ եվրոպական խնդիրները չեն մտնում, դրա համար իրեն պետք է այդ հարցը կարգավորեն՝ հիմնական խնդիրներին անցնելու համար:
-Զելենսկին կարծես նեղացածի կարգավիճակում լինի, թե՞ ի վերջո, ստիպիված է լինելու ռուս-ամերիկյան համաձայնության ուղով քայլել:
-Իսկ Զելենսկին ո՞վ է, որ համաձայնի կամ չհամաձայնի: Իրեն օգնություն տալիս են, զենք տալիս են, միջոցներ տալիս են, պատերազմը կարողանում է շարունակել, որը պարտության փուլում է գտնվում, չեն տալիս՝ չի անում: Մինչև տարվա վերջ ընտրություններ պետք է լինեն, հարցն այն է, ինքը կընտրվի, թե չի ընտրվի: Զելենսկու կարծիքը, ինձ չի թվում, թե որևէ մեկին հետաքրքրում է: