Քաղաքականություն

«Հրապարակ». Դա, ըստ էության, պետական դավաճանություն է, թշնամու կողմն անցնել է

«Հրապարակ». Դա, ըստ էության, պետական դավաճանություն է, թշնամու կողմն անցնել է


Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո հարց ծագեց` արդյոք Նիկոլ Փաշինյանն ունի՞ նման իրավունք` ճանաչել որեւէ մեկի տարածքային ամբողջականությունը` խախտելով Հայաստանի եւ Արցախի իրավունքները, ՀՀ Սահմանադրությունը նրան չի՞ արգելում այդպիսի բան անել՝ հարցրինք սահմանադրագետ Վարդան Պողոսյանին։

«Բնականաբար, Հայաստանի վարչապետը նման իրավունք չունի: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ օրենսդրությանը։ Դուք վկայակոչեցիք Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի որոշումը, մինչ այդ, երբ Հայաստանը վավերացնում էր Անկախ պետությունների համագործակցության համաձայնագիրը, վերապահում էր կատարել, որից ուղղակիորեն բխում է, որ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ-ն որպես Ադրբեջանի Հանրապետության մաս։ Հայաստանի Սահմանադրության հռչակագիրը հստակ խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվում է՝ իրականացնելու համար հայ ժողովրդի համազգային նպատակները։ Ըստ հռչակագրի, բացի անկախ պետականության հաստատումից, համազգային նպատակներն առնվազն երկուսն են․ մեկը ցեղասպանության ճանաչումն է, մյուսը՝ արցախահայության իրավունքների ճանաչումը՝ կլինի դա վերամիավորման տեսքով, թե անկախ պետականության, կարեւորը, որ դա ամրագրված է 1990 թ. հռչակագրում, ճիշտ է՝ անուղղակի ձեւով, որովհետեւ իր հերթին 1990 թ. հռչակագիրը հղում է կատարում 1989 թվականի Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների դեկտեմբերի 2-ի համատեղ որոշմանը։ Այնպես որ, Հայաստանի սահմանադրական իրավունքի տեսանկյունից ակնհայտ է, որ ՀՀ ցանկացած հանրային իշխանություն իրավունք չունի Արցախի Հանրապետությունը դիտարկել որպես մեկ այլ պետության մաս։ Երկրորդ արձանագրումն այն է, որ Արցախը դեռեւս 1991 թ. դեկտեմբերի 10-ին իրեն հռչակել է անկախ պետություն։ Դա ամբողջությամբ համապատասխանել է այն ժամանակ գործող խորհրդային օրենսդրությանը եւ միջազգային իրավունքին, եւ բացառապես Արցախի ժողովուրդն է իր ճակատագրի տերը։ Ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանի նույնիսկ ամենա-ամենալեգիտիմ իշխանությունները, որեւէ ձեւով չեն կարող կանխորոշել Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարել է 1991-ին, եւ ես հուսով եմ, որ հիմա էլ տեր է կանգնելու իր իրավունքներին»,- պատասխանեց Պողոսյանը։

Ստացվում է, որ նման համաձայնագիր ստորագրելը ՀՀ Սահմանադրության խախտում է, հետեւաբար՝ նաեւ քրեորեն պատժելի արարք։ Պողոսյանն ասաց․ «Դա, միանշանակ, ՀՀ Սահմանադրության խախտում է: Դա, ըստ էության, պետական դավաճանություն է, թշնամու կողմն անցնել է, դա նաեւ քրեական պատասխանատվություն է ենթադրում, բայց այն, ինչը ես ասացի, ըստ էության, չգործող նորմեր են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբն արդեն երկար ժամանակ բացարձակապես արհամարհում են Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենսդրությունը։ Իրենք քանդել են պետական համակարգը, ստեղծել են հլու-հնազանդ ազգային Սահմանադրական դատարան, եւ եթե Հայաստանում իշխանափոխություն չլինի, Սահմանադրության եւ օրենսդրության այդ դրույթները մնալու են մեռած»։

Իսկ ի՞նչ է սպասվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, հնարավո՞ր է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը շարունակեն մնալ Արցախում։ «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանն իրավունք է ստացել եւ ստացել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը՝ իր խաղաղապահ ուժերը պահելու այնտեղ մինչեւ 2025 թ.։ Հետեւաբար, իրավաբանորեն Ռուսաստանն այդ իրավունքն ունի, բայց այդ իրավունքը դառնում է իմաստազուրկ։ Եթե Հայաստանը համաձայնում է, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, այդ դեպքում արդեն բացարձակապես անհիմն եւ անհասկանալի է դառնում խաղաղապահների ներկայությունը։ Երբ 2020 թ. նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրում էր այդ հայտարարությունը, այն ժամանակ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն այն էր, որ  կա հակամարտություն, կան հակամարտող կողմեր, եւ կա անհրաժեշտություն, որ լինի խաղաղարար ուժ՝ 2 հակամարտող կողմերի միջեւ։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը կնքում են այդ պայմանագիրը, ապա հակամարտությունը, ըստ էության, վերջանում է, եւ դրանով իմաստազուրկ է դառնում ռուսական ներկայությունն Արցախում։ Վստահ եմ, որ ՀՀ ղեկավարությունը հենց այդ նպատակն է հետապնդում՝ դրդված Արեւմուտքի կողմից, եւ Փաշինյանը, փաստորեն, կատարում է հավաքական Արեւմուտքի նվիրական երազանքը՝ Ռուսաստանին դուրս մղելու այս տարածաշրջանից, թուլացնել ազդեցությունը Հարավային Կովկասում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image