Ի՞նչ փոխեց թավշյա հեղափոխությունը հայ ժողովրդի կյանքում անցած գրեթե մեկ տարվա ընթացքում։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, նախկին քաղբանտարկյալ Պետրոս Մակեյանը կարծում է, որ երկիրը դուրս է եկել դժոխքից, քանի որ կանգնած էինք պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Ըստ նրա՝ բարոյահոգեբանական մթնոլորտն էր աղավաղված, քանի որ նախկին իշխանությունների օրոք կարող էր եղբայրը եղբոր դեմ դուրս գալ, հարազատը՝ հարազատի։ Մինչդեռ՝ հեղափոխությունը կանգնեցրեց այդ բացասական գործընթացները։
Մակեյանը, սակայն, կարծում է, որ արժեհամակարգը վերականգնելուն ուղղված գործընթացները դանդաղում են, սպասելիքները շատ ավելին են, քան արձանագրված հաջողությունները։
Մեր զրուցակիցը նկատում է, որ պետք է հրատապ գործի անցումային արդարադատությունը, քանի որ նախկին համակարգը պահպանվել է եւ դիմում է սաբոտաժի։
«Ես մի քանի նամակներ եմ հղել տարբեր օղակների՝ Դատախազություն, Ոստիկանություն, Հատուկ քննչական ծառայություն, եւ ես այն տպավորությունն ունեմ, որ այդ համակարգերում դեռեւս հեղափոխություն տեղի չի ունեցել։ Շատ բարդ իրավիճակ է, երբ մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը, իր վրա է վերցրել ամբողջ պատասխանատվությունը։ Եվ հիմա ստացվում է, որ ժողովրդից գողացած փողերով մարդկանց ուղեղներն են լվանում նախկինները՝ փորձելով վերադարձի ճանապարհ հարթել։ Շատ կարեւոր է, որ հետդարձի ճանապարհ թույլ չտանք»,- ասաց Պետրոս Մակեյանը։
Մակեյանը տարակուսած է, որ իր նախկին գործընկերներից ոմանք, որոնք տասնամյակներ շարունակ պայքարում էին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ռեժիմների դեմ, հիմա սկսել են պայքարել հեղափոխական իշխանության դեմ։ Իսկ դա, ըստ նրա, պատահական չի լինում։
Ձեռնպահ մնալով անուններ տալուց՝ Պետրոս Մակեյանը հիշեցնում է, թե ինչպես էին այդ մարդիկ 90-ականների վերջերին պայքարում Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակի դեմ։ Եվ հիմա այդ մարդիկ պայքարում են նոր իշխանությունների դեմ՝ առանց հիմնավոր պատճառների։