Միայն եվրոպական երկրներում ենք գիտակցում, թե աշխատողներն ինչքան շատ իրավունքներ ունեն եւ ինչ հմտորեն են օգտվում այդ իրավունքներից: Ես Ֆրանսիայում էի, երբ գործադուլ էին անում թանգարանների, մշակութային օջախների աշխատողները, եւ Ֆրանսիա այցելած զբոսաշրջիկները զրկված էին թանգարան այցելելու հնարավորությունից: Ահա` Գերմանիայում գործադուլ են հայտարարել երկաթուղու, մեկ այլ երկրում` օդանավակայանների աշխատողները, երրորդում` ֆերմերները, չորրորդում` ուսուցիչները: Բայց այդ երկրների քաղաքացիների մտքով չի անցնում մեղադրել գործադուլ անողներին` իրենց կյանքը բարդացնելու համար: Ըմբռնումով են մոտենում` դա համարելով նրանց սահմանադրական իրավունքների արտահայտման բնական ձեւ:
Արհմիություններն էլ չեն վախենում պետական մարմինների ճնշումներից եւ այդ բողոքի ակցիաները կազմակերպելու ոչ մի առիթ բաց չեն թողնում` հասնելով իրենց ուզածին: Իսկ եվրոպական գործադուլավորների պահանջները մեր` հայերիս տեսանկյունից, երբեմն աբսուրդ կարող են թվալ: Այդ երես առած եվրոպացիներն անգամ չեն պատկերացնում, թե ինչպիսի աշխատանքային պայմաններում, ինչքան աշխատավարձով, ինչ սոցիալական երաշխիքներով է աշխատում հայ մարդը: Թե ինչպես են Հայաստանում ամեն քայլափոխի խախտվում Աշխատանքային օրենսգիրքն ու մարդու իրավունքները: Բայց հայ աշխատողը հնազանդորեն իր լուծն է քաշում` գիտակցելով, որ մենք Եվրոպայում չենք ապրում: Իսկ երբ նա համարձակվում է ձայնը բարձրացնել, ինչպես երեկ փորձեցին անել Երեւանի ավտոբուսների վարորդները, հայտնվում է աշխատանքը կորցնելու, քրեական հետապնդման ենթարկվելու վտանգի տակ: Կաբինետային կյանքից հղփացած մի քանի մոլախոտ կարող են նրանց գրչի մի հարվածով ազատել աշխատանքից` հայտարարելով, որ «շանտաժի չեն տրվելու»: