Մեր աղբյուրները փոխանցում են, որ Իտալիայում պաշտոնական այցով գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ եվրոպական պաշտոնյաների հետ։ Մենք արդեն գրել ենք, որ հայաստանյան պաշտոնյաները քաղաքական գործարք են առաջարկում եվրոպացիներին՝ մենք կվավերացնենք Ստամբուլյան կոնվենցիան, դուք՝ աչք կփակեք ՍԴ-ի ու Հրայր Թովմասյանի հետ հաշվեհարդարի հետ։
Մենք գրել էինք, որ նախօրեին կայացել է հանդիպում Արարատ Միրզոյանի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ։ Միրզոյանը ներկայացրել է, որ մեր հասարակությունը հիմնականում դեմ է Կոնվենցիայի վավերացմանը, սակայն եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ կազմը եւ հեռացնել Թովմասյանին, իրենց կհաջողվի նաեւ վավերացնել Կոնվենցիան։
ԱԺ նախագահը պնդել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են։ Այսօր մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել այս հանդիպման մասին, այս անգամ՝ Վենետիկի հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրից։ Պարզվում է Բուքիքիոյի եւ Միրզոյանի հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել։
Ջաննի Բուքիքիոն ՀՀ ԱԺ նախագահի ուշադրություն է հրավիրել Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա և ասել է, որ Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող գործընթացները քաղաքական հետապնդման տպավորություն են թողնում։ Նաեւ կոչ է արել զերծ մնալ Սահմանադրական դատարանի նկատմամբ ոտնձգություններից՝ կարևորելով դատական համակարգի անկախությունը։ Նա նշել է, որ ոչ միայն Վենետիկի հանձնաժողովը, այլև եվրոպական կառույցներն ուշադրությամբ հետևում են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։