Քաղաքականություն

Ադրբեջանցիները ծրագրում են Հայաստանում ունենալ իրենց հեռուստաընկերությունը, համայնքապետերը, դպրոցները, հիվանդանոցները

Ադրբեջանցիները ծրագրում են Հայաստանում ունենալ իրենց հեռուստաընկերությունը, համայնքապետերը, դպրոցները, հիվանդանոցները

«Հրապարակի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցը կլուծվի միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումից հետո: Այնինչ, Ազգային Ժողովում ընդամենը երկու ամիս առաջ հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը հաստատված է: Ինչո՞ւ է այդքան արագ մոռանում իր հայտարարությունները:

-Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, որ գերիների հարցը լուծում կստանա խաղաղության պայմանագրի, տեսականորեն ընդունեք` վերջնական ստորագրումից հետո, ես չեմ հանդիպել Ալիևի կամ Ադրբեջանի քաղաքական էլիտայից որևէ մեկի հայտարարություն, որտեղ խոսք է գնում, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հնարավոր է քննարկել անգամ գերիների վերադարձի հարց: Ավելին, Ադրբեջանում Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, Ալիևը հստակ ասել է, որևէ խոսք չի կարող լինլ նրանց վերադարձի մասին, նրանք հանցագործներ են, նրանք Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություն կատարած անձինք են և նրանց տեղն այնտեղ է, որտեղ նրանք հիմա են: Եվ ընդամենը վերջերս կրկին Ալիևը հեգնելով Հայաստանից 44-օրյա պատերազմում որոշ մարդկանց կողմից հնչած՝ հեսա գնալու ենք, Բաքվում թեյ ենք խմելու, ասեց, որ ի վերջո, իրենց երազանքն իրականացավ, նրանց ներկայացուցիչները Բաքվում են և Բաքվի բերդում թեյ են խմում: Ավելին, մի քանի օր առաջ Բաքվում տեղի ունեցած «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» համաժողովի ընթացքում խոսել  է Ալիևը, դիմել է միջազգային հանրությանը և կոչ է արել միջազգային հանրությանը սատարել Ադրբեջանի ջանքերը՝ ռազմական հանցագործ Հայաստանին իրավական պատասխանատության ենթարկելու համար: Եվ այսքանից հետո այստեղ խոսել այն մասին, որ խաղաղության պայմանագիրը այ հենց վերջնական ստորագրեցինք, գերիների հարցը լուծված է, ես հասկանում եմ, որ իշխանությունը պահելու, սեփական վերարտադրությունը ապահովելու համար մարդիկ շատ բանի են ընդունակ, բայց բարոյական կարմիր գծեր կան,հատկապես որ դա վերաբերվում է մեր հայրենակիցներին, որոնք խոշտանգվում են Բաքվի բերդում: Նախօրեին եմ զրուցել Վիգեն Էուլջեքյանի կնոջ հետ, նա ասում է, որ որևէ կապ այլևս ամուսնու հետ չկա, վերջին անգամ, երբ խոսել է՝ ամուսինն այլևս չէր կարողանում խոսել, նրան Բաքվի բերդում դեղ չեն տվել և երբեմն թեյ են տվել, ու այս ֆոնին խոսել, թե սենց որ լինի, ռազմագերիների հարցը կլուծվի, բա նույն Արարատ Միրզոյանն էր հայտարարում ՄԱԿ-ի ամբիոնից, որ ռազմագերիների հարցով լավ լուծումներ են սպասում: Իր հայտարարությունից մի քանի օր հետո Բաքվում  Արցախի քաղաքական էլիտայի դատավճիռը պահանջեցին` ցմահ ազատազրկում՝ դա՞ էր լավ լուծումը: Սա է իրականությունը:

-Ադրբեջանցի, այսպես կոչված, «փախստականների» վերադարձի պահանջ է հնչում: Ի՞նչ տեսք է դա ունենալու, հայերն ինչպե՞ս են ապրելու ադրբեջանցիների հետ:

-Ես շատ եմ լինում միջազգային տարբեր կառույցներում և պետք է անկեղծ ասեմ, քանի որ Ադրբեջանը շատ հումանիտար տոպրակի մեջ, բանծիկներով է դա փաթեթավորում, թե մարդիկ իրավունք ունեն վերադառնալու իրենց ծննդավայրերը և միջազգային հանրությունը, միջզգային բոլոր ատյաններում լեգիտիմորեն պաշտպանում է Ադրբեջանի այդ օրակարգը, որովհետև միջազգային բազմաթիվ կոնվենցիաներով, որին միացել է և Հայաստանը, և Ադրբեջանը, փախստականների` իրենց բնակության վայր վերադառնալը դա լեգիտիմ իրավունք է և միջազգային հանրությունն այդ իրավունքը սատարում է: Բայց երբ մենք փորձում ենք հարց բարձրացնել 2023 թվականի նոյեմբերի 17-ի Հաագայի Արդարադատության դատարանի վճռի մասով, որով պահանջում էր Ադրբեջանից լեգիտիմ պայմաններ ստեղծել արցախցիների վերադարձի համար, Հայաստանի իշխանությունն ասում է, որ դա շատ վտանգավոր օրակարգ է, մեր օրակարգում նման հարց չկա և մենք նման հարց չենք դնում: Ի՞նչ է լինելու, միջազգային մանդատի ներքո ադրբեջանցիները փուլ-փուլ գալու են Հայաստան, իսկ դա նշանակելու է այն, ինչ ասում էր Ալիևը՝ ես Երևան մտնելու եմ ոչ թե տանկերով, այլ սովորական մեքենաներով: Դա նշանակում է ներսից պայթեցնել և թրքացնել Հայաստանը, որովհետև վերջերս էլ Միլի-մեջլիսում քննարկում էր գնում «Մեծ վերադարձ» վերնագրով, իրենք արդեն իրավական-օրենսդրական հիմքեր են նախապատրաստում, որ այստեղ պետք է ունենան իրենց հեռուստաընկերությունները, իրենց համայնքապետերը, մշակութային օջախները, դպրոցները և անգամ հիվանդանոցը: Ես հետևում եմ երբեմն միլի մեջլիսի քննարկումներին, իրենց մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ իրենք չեն վստահելու մեր բժիշկներին և իրենք իրենց հիվանդանոցները պիտի ունենան, իսկ Հայաստանի սահմանադրությամբ ամրագրված է, որ ազգային փոքրամասնությունները նաև խորհրդարանում իրենց ներկայացուցիչը պիտի ունենան, դե պատկերացրեք, թե դա ինչ է նշանակում: Դա նշանակում է՝ ներսից պայթեցնել և թրքացնել Հայաստանը, սա սողացող հիբրիդային պատերազմի ամենաակնառու դեպքերից մեկն է լինելու:

-Այդ պարագայո՞ւմ էլ Նիկոլ Փաշինյանը կպահպանի իր իշխանությունը:

-Դատելով այս ընդդիմության որակից, ցավոք սրտի, կարծում եմ այո, որովհետև մենք ընդդիմություն մեծամասամբ, որի կռիվը ոչ թե իշխանությանը հեռացնելն է, այլ այն հայտնի ֆիլմի նման՝ муж назначил меня любимой женой՝ Նիկոլի իշխանության օրոք ընդդիմություն աշխատելն է: Ես չեմ տեսնում, որ  որևէ ուժ, որն այսօր օրակարգ է դրել հեռացնել իշխանությունից Փաշինյանին: Բառերով, այո, բառերով նստած կարող են ստատուս գրել կամ հարցազրույց տան: Բայց ճանապարհային հստակ քարտեզով բևեռ ընդդիմադիր, ում օրակարգը ոչ թե խորհրդարանում մի քանի մանդատ ունենալն է, այլ այս իշխանության հեռացնելը` չկա: Ուստի և, այո, այս պահի դրությամբ, իր վերարտադրությունն ապահովված է, ցավոք: 
-Եվրամիությունը 15 միլիոն եվրո է տրամադրել Ռուսաստանից իբր սանձազերծվող հիբրիդային պատերազմի դրսևորումների դեմ պայքարելու համար:

-Դա նշանակում է, ընտրական փուլում լրատվամիջոցներին գնել, հականիկոլ ճամբարում գտնվող գործիչների, բոլոր ուժերի դեմ տեղեկատվական պատերազմ հայտարարել, տեղեկատվական տեռոր իրականացնելու հնարավորություն տալ, նույնը արեցին Վրաստանում: Պետք չի այդ գումարի վրա զարմանալ, դա շատ փոքր գումար է: Վրաստանում մինչև 43 միլիոն եվրո էին տվել, ես կարծում եմ, սա դեռ սկիզբն է, ընտրական փուլին ընդառաջ, Եվրամիությունը տեղեկատվական պատերազմների գումարը եռապատկելու և քառապատկելու է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image