Հասարակություն

Ինչ է կատարվում Հրազդանի ցեմենտի գործարանում

Ինչ է կատարվում Հրազդանի ցեմենտի գործարանում

Հրազդանի ցեմետի գործարանն իր գործունեության հիսուն տարիների ընթացքում թերեւս այսքան ծանր վիճակում չի եղել, ինչ հիմա: Բանկերի եւ դատարանների ոստայնում հայտնված գործարանը աշխատակիցների աշխատավարձը չի կարողանում վճարել: Գործարանի ղեկավարությունը, բացի աշխատավարձի ուշացումից, նաեւ կրճատումներ է իրականացնում արդեն իսկ լուծարված գործարանում: 

Օրեր առաջ գործարանի սնանկության կառավարիչ Արամ Խաչատրյանը աշխատանքից ազատել է գործարանի մատակարարման բաժնի պետ՝ Կիմ Արզումանյանին եւ առաքման բաժնի պետ՝ Արսեն Միրաբյանին: Արզումանյանին աշխատանքից ազատելու պատճառն այն է, որ նա չի ներկայացրել մայիս, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսների ընթացքում «Գառչինո» ՍՊԸ-ից ստացված գազի քանակի, գազի հաշիվ-ապրանքագրերի, գազի կտրոնների քանակի, կտրոնների աշխատակիցների միջեւ բաշխման գազի օգտագործված եւ չօգտագործված քանակի վերաբերյալ հաշվետվությունը: Արզումանյանը պնդում է, որ ազատման հրամանն անօրինական է, քանի որ մայիս եւ հունիս ամիսների հաշվետվությունը ժամանակին անձամբ ներկայացրել է հաշվապահություն, օգոստոս ամիսը դեռ չի ավարտվել, ուստի հաշվետվություն այս պահի դրությամբ հնարավոր չէր ներկայացնել, իսկ հուլիս ամսվա հաշվետությունն արդեն պատրաստ է: Հաշվապահությունից մեզ ասացին, որ Արզումանյանը մայիս եւ հունիս ամիսների հաշվետվությունը ներկայացրել է ժամանակին. «Օգոստոսը չէր կարող ներկայացնել, սակայն կարող էր, ներկայացնել թե որքան տալոններ է ստացել»: 

Առաքման բաժնի պետ Արսեն Միրաբյանի աշխատանքից ազատման պատճառն էլ այն է, որ Միրաբյանը անկանխիկ ցեմենտ է վաճառել «Վէնի Մարքեթինգ» ՍՊԸ-ին, եւ այդ ընկերության դեբիտորական պարտքը գործարանին 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմում է 362 մլն 400հազար 681 դրամ: «Ես կապ չունեմ գումարների հավաքագրման հետ: Երբ մեքենան գալիս է ցեմենտ տանելու, իմ պարտականությունն է ուղեկցել, բարձել մեքենան, եւ ճանապարհել: Իսկ գումարը փոխանցվում է գործարանի հաշվին: Այդ ընկերությունը տարիներ շարունակ մեր հետ աշխատել է: Ինձ աշխատանքից ացատել են, որ անկանխիկ ցեմենտ եմ բաց թողել»,- մեզ հետ զրույցում ասաց Արսեն Միրաբյանը: 

Թե ինչու են բաժնի պետերին ազատել աշխատանքից, հարց ուղղեցինք գործարանի փոխտնօրեն Սուրիկ Միքայելյանին. «Ես չեմ ազատել, եթե ես ազատեի էնքան բան կա, որ դրանցով կազատեի, ես ասում եմ` ազատման հետ կապ չունեմ, նայեք` տեսեք ով է ազատել. սնանկության գործով կառավարիչը»,- ասաց փոխտնօրենը:
Շուրջ 30 աշխատակիցներ արդեն ազատվել են աշխատանքից` տարբեր պատճառներով: Սնանկացման կառավարիչ Արամ Խաչատրյանը գործարանի լուծարումից հետո իրեն 2 օգնական է աշխատանքի ընդունել, որոնցից մեկը՝ Մհեր Պողոսյանը իր բարեկամն է, մյուսը՝ Նորայր Սարգսյանը: Մի արդարացում այս ամենին` երկուսն էլ Արցախից են տեղափոխվել Երեւան, նախկինում պաշտոններ են զբաղեցրել ոստիկանական համակարգում: 

Նշենք, որ «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ն գրանցված էր Արցախում «Ջի Էմ Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից: «Ջի Էմ Հոլդինգ»» ՍՊԸ հիմնադիրներն են Սերժ Սարգսյանի վաղեմի ընկեր` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցը, ով նախկին «Հայբիզնեսբանկի» սեփականատերն էր, եւ Արսեն Միքայելյանը նույն բանկի վարչության նախագահ: Գործարանի աշխատակիցները կարծում են, որ այս իրավիճակում են հայտնվել, քանի որ գործարանը հսկայական պարտքեր ունի եւ այս գործընթացի արդյունքում այդ պարտքերն են ուզում ջրել: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image