Հարցազրույց

Հայաստանը նմանվում է օդանավի, որը քթով դեպի երկիր է գալիս

Հայաստանը նմանվում է օդանավի, որը քթով դեպի երկիր է գալիս

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հայ ժողովուրդը սկսեց ապրել երկու զուգահեռ աշխարհներում։ Մեկում հայ ժողովուրդը ցանկանում էր Արցախը Հայաստանին միացված տեսնել, իսկ մյուսում՝ ՀՀՇ-ն մտադիր էր Արցախը տալ Ադրբեջանին եւ ձերբազատվելով այդ «բեռից»՝ լավ ապրել։ Առաջին աշխարհում մարդիկ փորձում են պահպանել արժեհամակարգը եւ պաշտպանել այն սեփական ժողովրդի ծաղրից ու արտաքին ուժերի ոչնչացումից։ Երկրորդ աշխարհում ամբարտավանությունը, քծնանքը, անհամերաշխությունը, ստախոսությունը, բամբասանքը, կեղծիքը, պատեհապաշտությունը, անգրագիտությունը, պոռտախոսությունը, ատելությունը, անհեռատեսությունը, անմիաբանությունը, դատարկամտությունը, անճաշակությունը, ցածրակարգությունը, եսակենտրոնությունը արժեւորելով՝ հասարակությունը բաժան-բաժան արվեց ու մնաց վերը թվարկվածը սեփական գործելակերպ ներմուծած ՀՀ իշխանությունների ղեկավարման հույսին»,-այսպիսի կարծիք հայտնեց  թուրքագետ, «Ազատագրական շարժման» համահիմնադիր Վազգեն Պետրոսյանը։
  
Նա գտնում է, որ նախորդ երեք նախագահները Հայաստանում պարարտ հող ստեղծեցին մոլախոտի համար։ Արդյունքում այսօր դավաճանությունը եւ անպատասխանատվությունը դարձել են երկրի բարձրագույն ղեկավարության գործելակերպի նորմ։

«Եթե նախորդ երեք նախագահների օրոք որոշ պետական ծառայողների նախաձեռնողականության շնորհիվ երկիրը լավ-վատ առաջ էր շարժվում, ապա այս իշխանությունների վարած կործանարար քաղաքականության պատճառով Հայաստանը նմանվում է օդանավի, որը քթով դեպի երկիր է գալիս։ Բախումը երկրագնդին ժամանակի հարց է, իսկ հետեւանքը կարող է հայկական պետականության եւ ընդամենը 30-40 տարի հետո հայության վերջը լինել։ Այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության հոգեհայրը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկիրը գիտակցաբար դրեց այն հունի մեջ, որին այսօր մենք ականատես ենք։ Ռոբերտ Քոչարյանը ընթացքը փոխելու հնարավորություն ուներ, բայց չկարողացավ կամ չցանկացավ օգտագործել այն։ Սերժ Սարգսյանը ոչ միայն չցանկացավ ընթացքը փոխել, այլեւ ավելի հաստատուն գնաց այդ ուղով՝ երկիրը մղելով դեպի նիկոլիզմ»,-ասաց Վազգեն Պետրոսյանը։

Թուրքագետն ընդգծում է՝ այսօրվա իշխանության վարած ներքին եւ արտաքին քաղաքականության պատճառով հայ ժողովուրդը կորցրել է ու դեռ շարունակում է կորցնել հայրենիք, հայրենակիցներ, ինքնագնահատական, ինքնասիրություն, ազգային հպարտություն,  միասնականություն։

«Սա այն ամբողջն է, որը նվիրեցին մեզ՝ հայերիս իշխանությունները։ Այսօր, երբ հայ ժողովրդի ճակատագիրն է որոշվում, գոնե նախկին նախագահները՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը, պետք է հասկանան, որ իրենք լավագույն դեպքում կարող են դառնալ այս իշխանություններին հեռացնելու կատալիզատոր միայն։ Սա երկիրը փրկելու, տարածքային կորուստները կասեցնելու եւ որոշ ժամանակ անց ազգային հպարտությունը վերականգնելու ուղի կարող է լինել։ Այս ամենը գիտակցելը եւ իրականացնելը կնպաստի իրենց տրվող բացասական գնահատականները որոշակիորեն թոթափելուն, հակառակ դեպքում նախկին ՀՀ երեք նախագահները «կթաղվեն» Նիկոլի հետ միասին։ Ներկա վիճակից դուրս գալու համար պետք է փոխել վերջին 31 տարվա ընթացքում ձեւավորված արժեհամակարգը, փոխել հայ ժողովրդի ընթացքը։ Այս նպատակին հասնելու համար եւս մեկ անգամ մեր ժողովրդի համախմբման առավելագույն ճիգն է հարկավոր, մենք պետք է ցույց տանք նախ եւ առաջ ինքներս մեզ, որ հայը համատեղ աշխատելու մշակույթ կարող է ստեղծել, հայակենտրոն գործելակերպով կարող է ապրել։ Ժամանակն է աշխատելու, խոսելու ժամանակ հետո կունենանք»,-եզրափակեց Վազգեն Պետրոսյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image