Այնպես էլ չէ, որ խաղաղության օրակարգը զուտ Փաշինյանի օրակարգն է, խաղաղության խաչմերուկն էլ՝ նրա հնարածը: Աշխարհում մարդ չկա, որ խաղաղություն չուզենա: Այնպես որ, խաղաղությունն ու խաղաղության խաչմերուկն ավելի շուտ բնական պահանջ են, քան քաղաքական կատեգորիաներ: Այլ հարց է խաղաղության հասնելու ճանապարհների ընտրությունը: Այստեղ արդեն առանց քաղաքականության յոլա չես գնա: Առաջին հերթին պետք է նայես՝ կա՞ ճանապարհ՝ խաղաղության հասնելու: Եթե կա, արդեն լավ է: Ուրեմն պիտի անցուղիներ որոնես՝ այդ ճանապարհը դուրս գալու համար: Պիտի կարողանաս նաեւ հակառակորդիդ եւ թշնամուդ համոզել, որ դա է խաղաղության հասնելու ճանապարհը: Սա քաղաքականություն է եւ բարդ քաղաքականություն: Եթե չկա այդ ճանապարհը, կամ դու չես տեսնում, ուրեմն պիտի քիթդ չխոթես դրա մեջ, որովհետեւ քթիցդ կբռնեն ու քեզ քարշ կտան այնտեղ, ուր իրենց է պետք: Ավելի լավ է հեռու մնաս խաղաղություն հաստատելու սեւեռուն մտքից:
Երբեք չի կարելի խաղաղություն մուրալ: Մուրալն ինքնին քաղաքական կատեգորիա չէ ու երբեք չի կարող հանգեցնել քաղաքական հարցերի լուծման: Քաղաքականության մեջ մուրացկանն ավելին չէ, քան քաղաքական փալասը: Անմիջապես կհայտնվեն նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է «խաղաղություն հաստատեն», ոտքերը կսրբեն քեզ վրա ու քեզ կդնեն իրենց որոշած ճանապարհի վրա: Ասվածը կարող ենք հաստատել Վրաստանի եւ Հայաստանի օրինակով: Այս երկրներին օդ ու ջրի պես խաղաղություն է պետք, բայց նրանք գնում են տարբեր ճանապարհներով․ Վրաստանը՝ իր իմացած, իսկ Հայաստանը՝ մուրալու: Երկուսի դեպքում էլ խորհուրդ տվողների պակաս չկա, երկուսին էլ համոզում են, որ նրանց փրկությունը ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի մեջ է, Ռուսաստանին հակառակվելու մեջ: Վրաստանն ասում է՝ ոչ, իսկ Հայաստանը վեր-վեր է թռչում՝ կարծելով, թե իր թախանձագին խնդրանքները տեղ են հասել, ու հիմա բոլորը գալու են իր համար խաղաղություն հաստատելու: Վրաստանն Արեւմուտքին ասում է՝ դուք նոր պատերազմ եք հրահրում մեր ու Ռուսաստանի միջեւ, բարի եղեք՝ մեզ ընդունել ԵՄ, եւ մենք իսկույն եւեթ կչեղարկենք օտարերկրյա գործակալների մասին օրենքը, եթե ոչ, ապա թողեք, որ Ռուսաստանի հետ մեր խնդիրները լուծենք խաղաղ ճանապարհով: Բնականաբար, Արեւմուտքին սա դուր չի գալիս, եւ 5 րոպե առաջ խաղաղությունից խոսող Արեւմուտքը ոտքի է հանում վրացական ընդդիմությանը, խժդժություններ հրահրում երկրում: Դա էլ չի կոտրում Վրաստանի իշխանություններին: Նրանք այլեւս գիտեն, թե որն է խաղաղության հաստատման իրենց ճանապարհը՝ արժանապատիվ բանակցություններ եւ քրտնաջան աշխատանք դիվանագիտական ոլորտում:
Now let's get to our sheep, ինչպես կասեին Շամշադինում, Գեղարքունիքում, Վայքում, Սյունիքում կամ այլուր: Ի՞նչ են անում Հայաստանի արտաքին քաղաքականության «ռահվիրաներ» Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը: Մեկ բառով՝ մուրում են: Խաղաղություն են մուրում Արեւմուտքից, Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից եւ անգամ Թուրքիայից են խաղաղություն մուրում: Եվ պատկերացրեք՝ բոլորն էլ պատրաստակամություն են հայտնել աջակցելու, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջապես խաղաղություն հաստատվի: Արդեն ուզում ես հարցնել՝ բա «զադերժկան» ինչո՞ւմ է, պարոն Փաշինյան, յա թե չէ՝ պարոն Միրզոյան, ինչո՞ւ խաղաղության պայմանագիր չի ստորագրվում: Իսկ գուցե դուք չե՞ք տեսնում այն ճանապարհը՝ մեր ճանապարհը, որով կարելի է խաղաղության հասնել:
Փաշինյան-Միրզոյան զույգի պարագայում ճիշտը քաղաքականությունից մաքրվելը կլիներ: Այդ դեպքում նրանք ստիպված չէին լինի քիթները խոթել մի պրոցեսի մեջ, որը Վրաստանին բերեց երկարատեւ խաղաղության, մինչդեռ Հայաստանը մատնեց նոր փորձությունների: Փաշինյանը, քանի կար, ամեն օր խոսում էր Ալմա-Աթայի հռչակագրից ու հայտարարում, որ դա է Հայաստանը խաղաղության խաչմերուկ դարձնելու իր ճանապարհը: Արեւմուտքը ծափահարեց, Ռուսաստանը խնդմնդաց, Թուրքիան ու Ադրբեջանը ոգեւորվեցին:
Սկսեցին սահմանազատում անել, եւ միայն այդ ժամանակ Փաշինյանն ու Միրզոյանը տեսան, որ Ալմա-Աթայի հռչակագրում որեւէ ստորակետ չկա հայ-ադրբեջանական սահմանի մասին: Հետեւաբար ասել, որ Փաշինյան-Միրզոյան զույգն այս ընթացքում քաղաքականությամբ է զբաղվել, նշանակում է ոչինչ չասել այն մասին, թե ինչպես են մեր լավը չուզողները նրանց քթից բռնած ման տվել ու բանակցությունների պատրանք ապահովել: Փաշինյանը դեռ փորձում է լռել ու երկարաձգել այդ պատրանքները, մինչդեռ Միրզոյանը հարազատ ՔՊ-ի հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ Ադրբեջանն արդեն Ալմա-Աթայի հռչակագրով էլ չի ցանկանում «առաջ շարժվել», ավելին է ուզում: Իսկ դա նշանակում է, որ շուտով աչքաչափով են որոշելու Հայաստանի չարչրկված 29 հազար 740 քառակուսի կիլոմետր տարածքը՝ կիլոմետրերի «ճշտությամբ»: Ու նաեւ սրան կծափահարեն հայ-ադրբեջանական «խաղաղության բանակցություններին» սատարող բոլոր կողմերը՝ Թեհրանից մինչեւ Վաշինգտոն, Վաշինգտոնից մինչեւ Անկարա, Անկարայից մինչեւ Բաքու եւ Բաքվից մինչեւ Մոսկվա: Բրյուսելն էլ հատուկ չնշեցի, որովհետեւ այնտեղ Ուկրաինայի գործերով են խառը: Զելենսկուն հասցրել են խելագարության դուռը: Գնա, ասում են, Պուտինից խաղաղություն մուրա: