Քաղաքականություն

Փաշինյանն ինքը չի որոշել, նրան հրամայել են

Փաշինյանն ինքը չի որոշել, նրան հրամայել են

Նոյեմբերի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցող ՀԱՊԿ հերթական տարեկան գագաթնաժողովին հանդիպելու են կազմակերպության անդամ երկրների նախագահները: Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, սակայն ներկա չի լինելու գագաթնաժողովին՝ արդեն երրորդ տարին անընդմեջ: ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովը, որին Հայաստանը մասնակցել է, 2022 թվականին Երեւանում տեղի ունեցած գագաթնաժողովն էր, հաջորդ տարվա՝ 2023 թվականին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած գագաթնաժողովին Հայաստանը չմասնակցեց՝ դե ֆակտո դադարեցնելով իր անդամակցությունն այդ կազմակերպությանը: Հայաստանն այդ միջոցառմանը կամավո՞ր չի մասնակցում, թե՞ Հայաստանին չեն թողնում, հարցը միայն Հայաստանի ֆորմալ մասնակցել-չմասնակցելը չէ, ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցելու արգելքը բացահայտում է ներքաղաքական եւ արտաքին քաղաքական այլ շերտեր եւս, բացահայտում է Հայաստանի ինքնիշխանության լիակատար բացակայությունը, նրա վասալային կախվածությունը:

2022 թվականի նոյեմբերի 23-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ տեղի էր ունեցել մի շատ կարեւոր իրադարձություն, ընդամենը երկու ամիս առաջ` սեպտեմբերի 12-14-ին, Ադրբեջանը հարձակվել էր Հայաստանի վրա եւ գրավել ռազմավարական նշանակության տարածքներ, Հայաստանը զգալի մարդկային եւ տարածքային կորուստներ էր ունեցել: Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ առաջարկվեց, որ կազմակերպությունը կազմի դիտորդական առաքելություն, որը կուսումնասիրի իրավիճակը սահմանագոտում եւ եզրակացություն կներկայացնի կազմակերպությանն ու անդամ երկրներին, սակայն Հայաստանի իշխանությունը պահանջում էր, որ կազմակերպությունն իր կողմից ընդունվելիք փաստաթղթում Ադրբեջանին ճանաչի ագրեսոր, ինչը փաստացի նշանակում էր պատերազմ հայտարարել Ադրբեջանին․ ըստ կազմակերպության կանոնադրության՝ կազմակերպության մի անդամի դեմ հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության մյուս անդամ երկրների վրա, եւ գործում է համատեղ պաշտպանության մեխանիզմը:

Հայաստանի իշխանությունն ուզում էր ՀԱՊԿ-ին, ավելի ճիշտ՝ Ռուսաստանին, Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ ներքաշել, բնական է, որ Ռուսաստանը չցանկացավ մասնակից դառնալ Փաշինյանի կազմակերպած պրովոկացիային, որի հիմնական նպատակն Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանի համար նոր ռազմաճակատ բացելն էր, ինչի մասին այդքան երազում են Արեւմուտքում: Փաշինյանն այդ պատրվակն օգտագործեց ՀԱՊԿ-ին անգործունակության մեջ մեղադրելու համար՝ դրանով պատճառաբանելով հետագայում կազմակերպության աշխատանքների շարունակական բոյկոտը:

Կարելի է ենթադրել, որ սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը նախօրոք պլանավորված եւ իրականացված օպերացիա էր, որի նպատակը հենց Ռուսաստանին նման երկընտրանքի առաջ դնելն էր` կա՛մ Ռուսաստանը պատերազմ է սկսում Ադրբեջանի դեմ, կա՛մ Հայաստանը դադարում է լինել ՀԱՊԿ անդամ: Կարելի է մտածել նաեւ, որ Հայաստանի իշխանությունը տեղյակ է եղել այդ ծրագրին եւ դրա մաս է կազմել, այն շահագրգռությամբ, որ դրանով լեգիտիմ հնարավորություն է ստանում՝ խզելու հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, Ռուսաստանին հռչակելով Հայաստանի անվտանգության սպառնալիք: Ճշմարտությունը պարզ կլինի միայն արդար դատաքննության արդյունքում, եթե այդպիսին երբեւէ տեղի ունենա: Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Կայա Կալլասն ասում է, որ իրենց նպատակը Ռուսաստանին թուլացնելն է, իրենք օգնում են Ուկրաինային որ նա պատերազմի Ռուսաստանի դեմ, եւ այդ պատերազմը թուլացնում է Ռուսաստանին: Իրականում, Եվրամիությունը չի օգնում Ուկրաինային, այլ օգնում է Ուկրաինայի իշխանությանը, քանի որ բացահայտված կոռուպցիայի փաստերն ապացուցում են, որ դրսից տրվող բազմամիլիարդանոց օգնությունից օգտվում են Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչները՝ կուտակելով հարյուր միլիոնավոր, միլիարդավոր դոլարների հարստություն, իսկ Ուկրաինան զոհի կարգավիճակում է, կորցնում է հարյուր հազարավոր իր ամենախիզախ ու պայքարող զավակներին, կորցնում է տարածքներ եւ տնտեսական կարողություններ: Եվրամիությունը ոչ միայն ուկրաինական ռազմաճակատում է կռվում Ռուսաստանի դեմ, այլեւ՝ Հարավային Կովկասի․ այստեղ ԵՄ դաշնակիցը կամ իրականում մատաղացու գառը Հայաստանն է: Եվրամիությունն օժանդակում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բացառապես մի բանի` Փաշինյանի հակառուսական քաղաքականության համար: Փաշինյանը եւ իր շրջապատը ԵՄ օժանդակության շնորհիվ պահում են իշխանությունը եւ հարստություն են կուտակում, իսկ Հայաստանը ներքաշվում է տարբեր հակառուսական ավանտյուրաներում, արդյունքում կորցնում է Արցախը, միջազգայնորեն ճանաչված իր տարածքները, հազարավոր մարդկային կյանքեր: 

Եվրամիության իրական շահերը մեր տարածաշրջանում անմիջականորեն կապված են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, Ադրբեջանը միլիարդավոր խորանարդ մետր գազ է արտահանում ԵՄ, Թուրքիան տարանցման ճանապարհ է եւ իրացման հսկայական շուկա, Հայաստանը՝ այդ երկրներից ավելին ստանալու համար զոհաբերվող գառ:

ՀԱՊԿ աշխատանքներին չմասնակցելը Հայաստանի ինքնիշխան որոշումը չէ, Եվրամիությունը, Թուրքիան եւ Ադրբեջանն են արգելում Հայաստանին՝ մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովներին, քանի որ այդ երկրները Ռուսաստանին համարում են իրենց թշնամի, իսկ իրենց վասալությունն ընդունած Հայաստանն իրավունք չունի բարեկամություն անել իրենց թշնամու հետ, ՀԱՊԿ-ն էլ ռազմաքաղաքական բարեկամության մասին է: Ո՞նց կարող է Հայաստանը ՀԱՊԿ անդամ լինել, եթե այդ կազմակերպության հիմնական երկիրը՝ Ռուսաստանը, պատերազմում է իր սյուզերենի, տիրոջ`Եվրամիության դեմ:
Թուրքիան կամ Ադրբեջանը չեն կարող իրենց դաշնակից, թուրքական պետությունների կազմակերպության անդամ Ղազախստանին կամ Ղրղզստանին արգելել՝ մասնակցելու ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ այդ երկրները որքան էլ իրար բարեկամ, ազգակից եւ դաշնակից լինեն, ունեն սեփական շահեր եւ ամենակարեւորը՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունք ու թույլ չեն տա, որ դրանք որեւէ մեկը սահմանափակի: Մինչդեռ Հայաստանը զրկված է այդ իրավունքից: Երբ խոսք է գնում Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին, դրա ամենակարեւոր իմաստը Հայաստանի ինքնիշխանության վերականգնումն է, Հայաստանը վասալային կախվածությունից եւ գերությունից ազատագրելը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image