Քաղաքականություն

Կրթությունը նորաձեւ չէ, այն չընդհատվող գործընթաց է

Կրթությունը նորաձեւ չէ, այն չընդհատվող գործընթաց է

Ենթադրում եմ, որ Նիկոլի քաղաքացիական կնոջ բնորոշած՝ «ընդամենը մի 50 «չարացած ու ագրեսիվ հայրենակիցների»» շարքում մեկն էլ ես եմ: Չնայած չեմ կարծում, թե, ի տարբերություն իր քաղաքացիական ամուսնու, ինքն ինձ ճանաչում է: Ինչեւէ, հենց սկզբից ասեմ, որ չարացած չեմ, թեեւ վերջին յոթ տարում այնքան արհավիրքներ են անցել իմ հայրենիքի վրայով, որ չարացած լինելով բավարարվելը նվազագույն բանը կլիներ: Ուղղակի, ժամանակին ինքս ինձ վերադաստիարակել եմ՝ բացասական մտածումները դրականով փոխարինելու ուղղությամբ: Ասեմ, որ դա խիստ ծանր ու երկարատեւ աշխատանք էր: Ավելի ծանր, քան ուղիղ մեկ տարի քարհանքում աշխատելը կամ վերջին չորս տարում օրական կտրվածքով հոդված գրելը: Ինչ վերաբերում է ժամանակահատվածին, ապա այն հաստատ մի քանի տասնամյակ տեւեց: Ավելացնեմ, որ այն խիստ բարդ աշխատանք է, եթե հատկապես կողքիդ չկա մեկը, որը քեզ կփորձի ուղղորդել իր խորհուրդներով: Իսկ խորհրդային վերջին տարիներին մեզանում հոգեբանությունը նոր-նոր էր ձեւավորվում, ուր մնաց, թե խնդիր դրվեր՝ խառնվածք վերափոխելու առումով: Ու նաեւ բազմաթիվ գրագետ հոգեբաններ լինեին, ինչպես այս օրերում է: 

Ինչ վերաբերում է ագրեսիվությանը, ապա այն չի եղել մեջս նախքան 2018 թվականը ու չի առաջացել դրանից հետ, չնայած բազմաթիվ առիթներ են եղել, որպեսզի դա տեղի ունենար: Եթե գոյություն ունենար, վստահաբար՝ այն կհեռացվեր: Հաշվի առնելով, որ գրագետ լինելու դեպքում դա ավելի հեշտ գործընթաց է, ի տարբերություն խառնվածքի փոփոխության: Որովհետեւ իրապես գրագետ ու կրթված անձնավորությանն ուղղակի չի սազում ագրեսիվ լինելը՝ դա տիկնոջն ի գիտություն: Հենց իրեն, քանի որ օրերս Եռաբլուրում ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել հենց ինքը: Ի դեպ, կրթվելը նորաձեւ դիտարկող տիկնոջն ի գիտություն ասեմ, որ ավելի քան չորս տասնամյակ առաջ համալսարանն ավարտելով՝ երբեք չեմ դադարեցրել ինքնակրթվելը: Սակայն դա չեմ գովազդել հրապարակայնորեն, այլ փորձել եմ իմ նեղ շրջապատում այլոց մեջ եւս նման վարք սերմանել: Իմիջիայլոց, երբ տիկինը նախաձեռնեց իր արշավը, վաղուց արդեն գրագետ մարդիկ փորձեցին դաս տալ նրան, որ նորաձեւ կարող է լինել նորաձեւությունը (մոդան), նաեւ հագուստը, կոշիկը, մազերի հարդարման այս կամ այն եղանակը, սակայն ո՛չ կրթվելը: Որովհետեւ, ինչպես արդեն ասացի, կրթվելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը գիտակցող անձը դա անում է մշտապես ու առանց փիառվելու: Այնպես որ, կրթությունը ոչ թե նորաձեւ է, այլ չընդհատվող երկար գործընթաց:

Բայց, անկեղծ ասած, այնքան էլ դեմ չեմ կյանքի հինգերորդ տասնամյակը բոլորող տիկնոջ կողմից նախաձեռնված շարժմանը: Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք: Ինչը նշանակում է, որ հենց ինքն է առաջին հերթին զգացել ինքնակրթվելու անհրաժեշտությունը: Ինչը, իհարկե, վատ բան չէ: Բայց վատ է, երբ նման անհրաժեշտությունը գիտակցող անձն ինքնակրթվելու հետ մեկտեղ փորձում է կրթել իր նախկին դասախոսներին կամ նրանց գործընկերներին: Իսկ նման երեւույթը, բնականաբար, ընդունելի լինել չի կարող, քանի որ եթե ինքը վերջերս է հայտնաբերել Պատմահոր «Ողբ»-ը, ապա ինձ նմանները դա անցել են համալսարանի ցածր կուրսերում: ԵՊՀ-ն, նրան ավելորդ չի լինի մեկ անգամ եւս հիշեցնելը, մեր սերունդն ավարտել է 40-50 տարի առաջ: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա դրան, իսկապես, չէր խանգարի կրթվելը: Որովհետեւ եթե այդ լուրջ խնդիրը լուծված լիներ նախկինների օրոք, ապա 2021 թվականի հունիսին տիկնոջ ամուսինը չէր հավաքի 688 761 ձայն: Եվ, բացի դրանից, ինչը պակաս աննորմալ չէ, ավելի քան երկուսուկես միլիոն ընտրողների կեսից ավելին (կամ թեկուզ 30-40 տոկոսը, եթե այդքան ընտրող չկար երկրում) չմասնակցեց ընտրություններին՝ թքած ունենալով սեփական երկրի ապագայի վրա: Եվ եթե նախկիններն այնքան գիտակից լինեին, որ չարհամարհեին կրթությունը, նման պատկեր հաստատ չէինք ստանա:
Ինչեւէ, աննահակոբյանական կրթվելու ագրեսիվ նախաձեռնության առումով ավելորդ չէր լինի խիստ դրական մի երեւույթ արձանագրելը. դա մարդկանց, իրենց ցանկությունը չհարցնելով, բերման ենթարկելն է: Ենթադրաբար՝ ոչ առանց համապատասխան հյուրասիրության: Ինչը, միեւնույն է, չի կարող բացասական ազդեցություն չթողնել թե՛ այդ անիմաստ նախաձեռնության եւ թե՛ հատկապես դրա հեղինակների (հաշվի առնելով վարչապետի պաշտոնը զբաղեցնող՝ տիկնոջ քաղաքացիական ամուսնուն) նկատմամբ վերաբերմունքում: 

ՀԳ. Հոդվածը գրելու պահին տեղեկացա, որ Նոր Նորքի թաղապետարանում տեսախցիկների առջեւ թաղապետի «թամադայությամբ» ծեծել են քաղաքապետարանի թերությունները, մեղմ ասած, բացահայտող ակտիվիստ Արթուր Չախոյանին: Այսինքն, տեղի է ունեցել նորաձեւ կրթվելու դրսեւորումը: Ոստիկանությունը, սակայն, թաղապետի փոխարեն ծեծողների հետ բերման է ենթարկել նաեւ նրան, ինչը, կարծում եմ, բնական է: Քանի որ «ժողովրդավարության բաստիոնում» այլ կերպ լինել չէր կարող: Չնայած ՆԳՆ-ից հետո ասել են, թե նրան հրավիրել են հաղորդում վերցնելու համար, բայց դա եւս նույն կինոյից է՝ խուլիգանական արարք թույլ տվածներին բերման ենթարկելու փոխարեն սկզբում հենց տուժողին են իբրեւ թե «հրավիրել»: Ես, սակայն, կցանկանայի «Հրապարակի» ընթերցողների ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա: Հիշում եք, չէ՞, որ ժամանակին Նիկոլն ասում էր, թե 2018-ից այս կողմ «պադեզդներում» մարդկանց չեն ծեծում: Իսկապես, ի՞նչ կարիք կա ծեծելու համար մարդուն հետեւելու ու նրան «պադեզդում» բռնացնելու, եթե կարելի է նույնն անել հենց սեփական աշխատավայրում: Կարծում եմ, որ դա «ժողովրդավարական» եւ հատկապես կրթվելու առումով լուրջ առաջընթաց է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image