Հասարակություն

Քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված գործիքակազմը, ըստ էության, վերածվել է հարկահավաքության գործիքի

Քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված գործիքակազմը, ըստ էության, վերածվել է հարկահավաքության գործիքի

Բազմաթիվ են դեպքերը եւ տնտեսվարող սուբյեկտների օբյեկտիվ դժգոհություններն առ այն, որ հարկային մարմինները չարաշահում են քրեական գործ հարուցելու իրենց լիազորությունը՝ անուղղակի ճնշում գործադրելով եւ հարկադրելով հարկատուներին վճարել իրենց կողմից չվճարված հարկերը: Ընդ որում, հարկ վճարողը բանավոր նախազգուշացվում է քրեական հետապնդման հնարավորության մասին, եթե չվճարի ստուգման ակտով առաջադրված գումարը եւ/կամ նախաձեռնի վիճարկման գործընթաց:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 188-րդ, 189-րդ, 193-րդ, 194-րդ եւ 205-րդ հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները»: Այսինքն, եթե, այդուհանդերձ,  հարուցվում է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հիման վրա, ապա անձը կարող է վճարել առաջադրված հարկային պարտավորությունները, տույժերը, տուգանքները եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Պաշտոնական վիճակագրությունն ինքնին խոսուն է եւ վատ ազդակներ է պարունակում տնտեսության հետագա զարգացման եւ ներդրումային բարենպաստ միջավայրի ձեւավորման հեռանկարների առումով: Այսպես, ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում  վարույթ է ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 161 քրեական գործ: Հիշյալ քրեական գործերից 64-ը կարճվել է, այդ թվում՝ 58-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով, 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի ,1-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի: 2017թ. վարույթ ընդունված քրեական գործերից ոչ մեկը դատարան չի ուղարկվել: Իսկ  նշված ժամանակահատվածում վարույթ ընդունված քրեական գործերով պետ. բյուջե վերականգնվել է 2.244.911.369 ՀՀ դրամ: ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունը 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում  ընդունել է վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 193 քրեական գործ: Հիշյալ քրեական գործերից 78-ը կարճվել է, այդ թվում՝73-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հատկանիշներով,3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի և 2-ը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հատկանիշներով:2018թ. վարույթ ընդունված քրեական գործերից ևս  ոչ մեկը դատարան չի ուղարկվել:Նշված ժամանակահատվածում վարույթ ընդունված քրեական գործերով պետ. բյուջե վերականգնվել է 2.635.236.532 ՀՀ դրամ գումար:

Վերը նշված վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ 2017թ. եւ 2018թ. ընթացքում  հարուցված եւ վարույթ ընդունված քրեական գործերից եւ ոչ մեկը մեղադրական եզրակացությամբ չի ուղարկվել դատարան: ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի  կարծիքով՝ հարկային մարմնի կողմից նման կայուն պրակտիկայի ձեւավորումը վկայում է այն մասին, որ կա խզում 205 հոդվածով նախատեսված հանցագործությունների կապակցությամբ ձեւավորված իրավակիրառ պրակտիկայի եւ ՀՀ քրական օրենսգրքով ամրագրված խնդիրների ու նպատակների միջեւ և աjս առումով կարելի է արձանագրել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված գործիքակազմը, ըստ էության, վերածվել է հարկահավաքության գործիքի:

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը ամրագրում է համաչափության սկզբունքը, համաձայն որի՝ «հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի եւ ազատության նշանակությանը:

Համաչափության սկզբունքից, ի թիվս այլնի, բխում է, որ եթե նույն նպատակին հնարավոր է հասնել իրավախախտման համար եւ՛ քրեաիրավական, եւ՛ վարչաիրավական ներգործության միջոցով, ապա առաջնայնությունը պետք է տրվի վարչաիրավական պատասխանատվությանը, քանի որ քրեաիրավական ներգործության միջոցները ամենախիստն են եւ դրանց կիրառումը պետք է լինի ultima ratio՝ վերջին փաստարկի սկզբունքի կիրառման տրամաբանությամբ:

Ուստի՝ Նախագծով առաջարկվում է վերանայել  205-րդ հոդվածի 3-րդ մասում խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի շեմը: Մասնավորապես, որպես խոշոր չափ նախատեսված հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի (4.000.000 մլն ՀՀ դրամ) փոխարեն առաջարկվում է սահմանել նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը (15.000.000 մլն ՀՀ դրամ), իսկ որպես առանձնապես խոշոր չափ՝ հիսունհազարապատիկը (50.000.000 մլն ՀՀ դրամ):
Որպես ակնկալվող արդյունք նշվում է, որ ներկայացվող նախագծի ընդունմամբ հնարավորինս կբացառվի հարկային մարմինների կողմից հարկ վճարողի վրա ճնշման գործադրման կամ/եւ ռեպրեսիվ միջոցների կիրառմամբ, այն է՝ քրեական գործի հարուցմամբ կամ դրա հարուցման սպառնալիքով հարկերի հավաքման պրակտիկան: Նաև ակնկալվում է, որ նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա նաեւ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image