Քաղաքականություն

Դատավոր Ռշտունին արձագանքել է Արման Եղոյանի գրառմանը

Դատավոր Ռշտունին արձագանքել է Արման Եղոյանի գրառմանը

Երեկ ՔՊ-ական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամաբ ներգործության հերթական դրսեւորմանը ականատես եղանք:

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը իրեն իրավունք էր վերապահել գնահատել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունու կայացրած դատական ակտն ու բարոյախրատական գրառում անել այն մասին, թե ինչպես կարող էր նման որոշում կայացվել:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին որոշել է, որ հանրապետության վարչապետին, ԱԺ նախագահին և արտգործնախարարին սպանելու պլան կազմած Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։

Հետաքրքիր է` ինչպե՞ս կվերաբերվեր Վազգեն Ռշտունին իրեն սպանելու ծրագիր մշակած մեղադրյալի ազատ արձակմանը... »,-գրել էր ՔՊ-ականը՝ անդրադառնալով այսպես կոչված «հեղաշրջման» գործով կալանավորված Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման միջոցի փոփոխությանը:

Վերաքննիչ քրեական դատարանը, հիշեցնենք, դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ, Հրայր սարկավագ Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինեց վարչական հսկողությամբ:

«Հրապարակ»-ը դատավոր Վազգեն Ռշտունուն խնդրել է մեկնաբանել Արման Եղոյանի գրառումը: «Ինձ մոտ գտնվող բողոքի վարույթում իրենց բարձրացրած հարցի՝ պաշտոնատար անձանց սպանելու ցանկություն հայտնելու վերաբերյալ որեւէ փաստական տվյալ չկա»,- «Հրապարակ»-ին ասել է Վազգեն Ռշտունին՝ հավելելով, որ դատական նիստում անգամ այդ հարցը չի բարձրացվել:

Նշենք, որ Վազգեն Ռշտունին բարձր հեղեինակություն ու վարկանիշ ունեցող քիչ դատավորներից է: «HelpCourt» համակարգում, որտեղ փաստաբանները դատավորներին գնահատում են, նրա վարկանիշը մշտապես բարձր է եղել թե՛ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից առաջ, թե՛ դրանից հետո:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image