Հասարակություն

Հարություն Առաքելյանը զրպարտել է կենդանապաշտպաններին. նրանք պատասխանում են ՀՈԱԿ-ի տնօրենին

Հարություն Առաքելյանը զրպարտել է կենդանապաշտպաններին. նրանք պատասխանում են ՀՈԱԿ-ի տնօրենին

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դոգմա» կազմակերպության ղեկավար Մարի Տեր-Անտոնյանը պատասխանել է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Հարություն Առաքելյանի, ով  «Հրապարակի» հետ զրույցում զոոպաշտպանների հասցեին անհարգալից արտահայտություններ էր հնչեցրել ։ Նա ասել էր, որ Հայաստանի կենդանասերներն ու նրանց կազմակերպությունները գոյություն են քարշ տալիս թափառող կենդանիների հաշվին եւ չեն կարող վերահսկել  մասնագիտական կառույցի աշխատանքը։ 

«Քաղաքային, հանրային միջոցներով գործող կառույցի ղեկավարի այն հայտարարությունները, ըստ որոնց կենդանիների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները իբր «հանդիսանում են կենդանիների հաշվին իրենց գոյությունը քարշ տվող անձինք», անհիմն մեղադրանքներ են, որոնք չեն հիմնավորվում որևէ փաստով և պարունակում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հրապարակային վարկաբեկման ակնհայտ հատկանիշներ։

Երևանի Կենդանիների խնամքի կենտրոն ՀՈԱԿը գործում է հանրային շահերի ոլորտում և կրում է բարձր պատասխանատվություն հասարակության առջև։ Հետևաբար, դրա գործունեությունը իր բնույթով պարտավոր է լինել թափանցիկ, հաշվետու և բաց՝ հանրային վերահսկողության համար։ Կենդանապաշտպան կազմակերպությունները չե՜ն հանդիսանում բյուջետային միջոցների տնօրինողներ, չունե՜ն վարչական լիազորություններ և չե՜ն ընդունում քաղաքային քաղաքականությանը վերաբերող կառավարչական որոշումներ։ Դրանք «շահագրգիռ կոմերցիոն կողմ» ներկայացնելու փորձերը փաստերի խեղաթյուրում և հասկացությունների գիտակցված փոխարինում են։

Առանց կոնկրետ կազմակերպությունների, փաստերի, գումարների և ֆինանսավորման աղբյուրների մատնանշման «հարստացման» վերաբերյալ հրապարակային մեղադրանքները կարող են որակվել որպես զրպարտություն և ծառայողական դիրքի չարաշահում, հատկապես հաշվի առնելով, որ դրանք հնչեցվում են պաշտոնատար անձի կողմից և տարածվում են զանգվածային լրատվամիջոցներով։

Այն դեպքում, եթե պարոն Առաքելյանը ունի որևէ կազմակերպության ենթադրյալ ապօրինի գործունեության վերաբերյալ փաստական տվյալներ, նա պարտավոր է գործել բացառապես իրավական դաշտում՝ ներկայացնելով համապատասխան ապացույցներ և նախաձեռնելով իրավասու մարմինների կողմից ստուգումներ։ Նման գործողությունների բացակայությունը վկայում է, որ հնչեցված հայտարարությունները հանդիսանում են անձնական, գնահատողական կարծիքներ, որոնք չունեն իրավական ուժ, սակայն պատճառում են լուրջ հեղինակային վնաս։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Կենտրոնի տնօրենի ցուցադրական բացասական վերաբերմունքը հանրային վերահսկողության նկատմամբ։ Անհրաժեշտ է ընդգծել, որ հանրային վերահսկողությունը հանդիսանում է հանրային շահերի ոլորտում գործող կառույցների նկատմամբ վերահսկողության լիարժեք և լեգիտիմ ժողովրդավարական մեխանիզմ և չի՛ կարող դիտարկվել որպես միջամտություն կամ ճնշում։

Պետք է նաև նշել, որ բոլոր այն երկրներում, որոնց փորձին հղում են կատարում իշխանության ներկայացուցիչները, հանրային վերահսկողությունը համընդհանուր ընդունված, ինստիտուցիոնալացված պրակտիկա է և կազմում է քաղաքային ծառայությունների գործունեության անբաժանելի մասը։ Արտաքին փորձի ընտրովի կիրառումը՝ անտեսելով դրա առանցքային բաղադրիչը՝ թափանցիկությունն ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը, անընդունելի է և մոլորեցնող հասարակության համար։

Պաշտոնատար անձի կողմից հանրային վերահսկողության կտրուկ մերժումը օբյեկտիվորեն առաջացնում է հարցեր տվյալ կառույցի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի վերաբերյալ։

Օրինականության և մասնագիտական չափանիշների շրջանակում գործող անձը չի՛ խուսափում ստուգումներից, բացությունից և հանրային դիտարկումից։ Հանրային վերահսկողության դեմ հակազդեցությունը, դրա վարկաբեկման փորձերը և հասարակական քննարկումը կամավորների ու ոչ առևտրային կազմակերպությունների դեմ ուղղված մեղադրանքների հարթություն տեղափոխելը ինստիտուցիոնալ փակվածության հստակ նշաններ են։

Հասարակությունն ունի օրինական իրավունք իմանալու, թե ինչպես են գործում այն կառույցները, որոնք հանդես են գալիս նրա անունից և գործում են նրա միջոցներով», - ասված է հայտարարության մեջ։ 

Վաղը կազմակերպությունը կլոր սեղան է հրավիրել թափառող կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենքի եւ այլ հարցերի շուրջ, որին ի թիվս այլ պաշտոնյաների, հրավիրված է նաեւ Երևանի Կենդանիների խնամքի կենտրոնի տնօրենը։  Այն տեղի կունենա հունվարի 19-ին, ժամը 16:00-ին, Պրահայի փողոց 18 հասցեում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image