ՔՊ-ն մտադիր է Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ժ/պ նշանակել բարձրագույն կրթություն չունեցող փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանին։ Քաղաքապետ Դիանա Գասպարյանի «պաշտոնանկությունից» հետո Էջմիածնում «եղանակը» մեղմ ասած՝ լավ չէ։ 2018թ․-ին ՔՊ-ի համար ընտրազանգված ապահովածները դեմ են Արսեն Պետրոսյանի նշանակվելուն։ Դեմ է նաեւ ՔՊ-ական ավագանու նախկին անդամ, Էջմիածնում հայտնի սպորտսմեն Անդրանիկ Կարապետյանը, ով Փարաքարի համայնքապետի ընտրություններին աջակցում էր ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանին։ Կարապետյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ ժողովուրդն է ընտրել համայնքապետին, եւ ամենաընդունելի տարբերակը, ըստ նրա, փրայմերիզն է՝ Գյումրու եւ Փարաքարի օրինակով, ինքն էլ կառաջադրվի որպես ՔՊ-ի թեկնածու։
Ինձ ճանաչողները, ովքեր տեսել են, որ ժամանակին շատ ակտիվ եմ եղել քաղաքականության մեջ, հարցնում են, թե ով է լինելու քաղաքապետ։ Բոլորն էլ ուզում են, որ Փարաքարի եւ Գյումրու պես փրայմերիզ լինի։ Ես էլ եմ ուզում, որ ժ/պ-ն ընտրվի ժողովրդի կողմից»,-ասաց նա։
Անդրանիկ Կարապետյանը ուզում է մասնակցել փրայմերիզին, եւ եթե Նիկոլ Փաշինյանը դեմ չլինի, նաեւ հերթական ընտրություններին, իհարկե որպես ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու։
«Ես առաջին հերթին ուզում եմ, որ լինի փրայմերիզ։ Եթե ես կարողանամ հասնեմ վարչապետին, նման վստահություն լինի, ինչու ոչ, ամբողջ քաղաքի պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա։ Իմ կողքին կհամախմբվեն շատ սրտացավ մարդիկ»,-վստահ է Կարապետյանը։
Ի՞նչն է խանգարում, որ մինչեւ ընտրությունները, որին մնացել է մեկ տարի, քաղաքապետի ժ/պ նշանակեն Գասպարյանի տեղական Արսեն Պետրոսյանին։ Կարապետյանի կարծիքով՝ չեն նշանակի․ «Որովհետեւ իշխող ուժի քաղաքականությունն այն է, որ ժողովրդի ընտրած մարդիկ լինեն։ Ժողովուրդն ուզում է, որ մեր հոգեւոր քաղաքի քաղաքապետը լինի իր ընտրած մարդը»։
Սարիկ Մինասյանն էլ ուներ հեղինակություն, երբ մտավ ՔՊ-ը՝ պարտվեց, Անդրանիկ Կարապետյանն իր անձի շուրջ այսպիսի զարգացում, ասում է՝ չի պատկերացնում։
«Մեր ազգը կուսակցությունների հետեւից չի գնում, ժամանակին ՔՊ-ին ոչ ոք չէր ճանաչում, բոլորը ընտրեցին վարչապետին։ Մարդիկ գնում են անհատի հետեւից, բայց ես չեմ կարծում, որ ինձ հետ այդպես կլինի, կարեւորը ժողովրդի սիրած մարդը լինի»,-նշեց նա։
Արդյո՞ք ՔՊ-ն ունի ռեյտինք Էջմիածնում, այս հարցին պատասխանել չի ուզում։ «Այս ընթացքում չեմ ուզում հարցին պատասխանել, ամենակարեւորը ժողովրդի ցանկությամբ լինի, մենք կարիք ունենք միասնական եւ համախմբված լինելու, ես սրա համար եմ պայքարում»,-ասաց նա։
Անդրանիկ Կարապետյանը Փարաքարի ընտրությունների ժամանակ ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանին էր աջակցում՝ բացահայտ։ Չի հերքում, ասում է՝ շատ լավ մարդ է՝ ժողովրդի ուզածը։ «Մենք իրար հետ շատ գործ ենք արել՝ երիտասարդությանը օգուտ տալու, դաստիարակելու առումով։ Ինձ չի կաշկանդում այն, որ ընդդիմադիր համայնքապետի հետ կապ ունեմ, ես վատ բան չեմ անում, հայը հայի հետ չշփվի՞, ինչն է, թե այլ կուսակցությունից է»։
Չի կարծում, որ այս հանգամանքը կխոչընդոտի իրեն՝ ՔՊ-ի թեկնածու դառնալու առումով։
Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանը մայիսի 16-ին դիմում է գրել եւ հեռացել քաղաքապետի պաշտոնից։ Գասպարյանն իր 7-ամյա պաշտոնավարման ընթացքում շարունակ հայտնվել է կոռուպցիոն սկանդալների մեջ, իսկ ամուսինը՝ քրեական պատմությունների։ Դիանա Գասպարյանի եւ ամուսնու ընտանիքի հետ կապված՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ կա նախաձեռնված: Մամուլը գրել է, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերել համայնքային հողատարածք, եւ, չսպասելով թույլտվությունների, հողային եւ բետոնացման աշխատանքներ են կատարվել: Վերջերս Դիանա Գասպարյանի ամուսինը՝ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանն էր հայտնվել կրիմինալ պատմության կիզակետում:
Նրա ընկերը՝ Վաղարշապատում հայտնի Ճապը, Միրզոյանին պատկանող գազալցակայանում սպանել էր Էջմիածնի բնակիչ Արթուր Պարոնյանին: Այս դեպքով հարուցվել է քրեական վարույթ, սպանություն կատարող անձին դեռեւս չեն հայտնաբերել: Դիանա Գասպարյանի հետ կապված՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովը վարույթ է իրականացրել եւ տուգանել` եկամուտների հայտարարագրման խախտումների հետ կապված: Իսկ մոտ 10 օր առաջ ՔՊ վարչությունում լսել են նրա զեկույցը եւ խիստ քննադատության ենթարկել: Որից հետո արդեն Գասպարյանը հայտարարեց, որ ուզում է իր ընտանիքով զբաղվել, եւ հրաժարական է տալիս պաշտոնից, որը զբաղեցնում էր՝ սկսած 2018 թվականից: