Քաղաքականություն

«Հրապարակ». Փաշինյանի քավոր մարզպետը 20թ. հոկտեմբերին ջոկատ է կազմել, որ պատերազմ գնան

«Հրապարակ». Փաշինյանի քավոր մարզպետը 20թ. հոկտեմբերին ջոկատ է կազմել, որ պատերազմ գնան

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում գրված է․ «Այսօր՝ հունվարի 16-ին, տեղի է ունեցել 2026 թվականի ձմեռային զորակոչի Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։ Օրակարգի առաջին հարցով ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Տավուշի տարածքային ստորաբաժանման ղեկավար՝ գնդապետ Մհեր Ավալյանը ներկայացրել է հաշվետվություն 2026 թվականի ձմեռային զորակոչի ընթացքի վերաբերյալ»: 

ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Տավուշի տարածքային ստորաբաժանում չկա, դա Տավուշի զինկոմիսարիատն է, դրա ղեկավար Մհեր Ավալյանը Տավուշի զինկոմն է։ Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը պետք է ի պաշտոնե դա իմանար։

2025թ․ հուլիսի 8-ին ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Հ․ Բատիկյանի ստորագրությամբ  գրություն եմ ստացել, որտեղ նշված է․ «Ի պատասխան պաշտպանության նախարարին հասցեագրված 2025 թվականի հուլիսի 2-ի Ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ զինվորական կոմիսարիատների օպտիմալացման շրջանակներում  իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի 2023թ․ նոյեմբերի 23-ի համապատասխան հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայությունը վերանվանվել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատ, իսկ տարածքային ստորաբաժանումները՝ Երեւան քաղաքի եւ մարզերի զինվորական կոմիսարիատներ»։ 

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահն է, նա ուրիշների տղաներին զինծառայության  է ուղարկում, սակայն իր սանիկ Նիկոլ Փաշինյանի նման՝ ինքը նույնպես չի ծառայել բանակում։ Այդ մասին գրավոր հարցմանս մարզպետը պատասխանել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է օրենքով սահմանված կարգով։ 

44-օրյա պատերազմի ժամանակ, 2020թ․ հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը դիմեց բոլոր հայ տղամարդկանց՝ նրանց կոչ անելով զենք վերցնել եւ մեկնել Արցախ։ Առաջիններից մեկն այդ կոչին արձագանքեց Փաշինյանի կողմից 2019թ․ սեպտեմբերի 12-ին Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Հայկ Ղալումյանը, որն իր հերթին կոչով դիմեց իր հայրենակիցներին․ «Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է «Իջեւան» կամավորական ջոկատ: Հայրենիքի առջեւ իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ` համախմբվել եւ միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար»: 

Սակայն այդ ջոկատը մի քանի օր Տավուշի մարզում վարժանքների մասնակցելուց հետո Արցախ չմեկնեց, նաեւ չմեկնեց Տավուշի սահմանագոտին պաշտպանելու։ Այդ կապակցությամբ տեղեկատվական հարցում եմ ուղարկել 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին․ ««Իջեւան» կամավորական ջոկատը մեկնե՞լ է Արցախ, եթե՝ ոչ, Տավուշի սահմա՞նն է պաշտպանել, եթե` այո, ապա մարզի ո՞ր տարածաշրջանի առաջնագիծն է պաշտպանել, ո՞ր ժամկետում, քանի՞ օր։ Ճի՞շտ են տեղեկությունները, որ այդ ջոկատի անդամները ՀՀ պետական բյուջեից 3 ամսվա (2020թ․ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) համար աշխատավարձ են ստացել, մեկ ամսվանը՝ ամբողջությամբ, երկու ամսվա համար՝ ոչ ամբողջությամբ: Ինչքա՞ն է կազմել ձեր ստացած աշխատավարձը  ընդհանուր  3 ամսվա համար»։ 
Հ․ Ղալումյանի պատասխանում նշված է․ «Ի պատասխան Ձեր 03.08.2021թ. թիվ 261602 հարցման, հայտնում եմ, որ «Իջեւան» կամավորական ջոկատ ստեղծելու վերաբերյալ 2020թ. հոկտեմբերի 22-ին սահմանների պաշտպանության համար կոչով դիմել եմ բնակչությանը: Կամավորական սկզբունքով կազմավորվել է ջոկատ, որը հանդերձավորվել, սպառազինվել եւ անցել է նախապատրաստական վարժանքներ X զորամասում: Կամավորական ջոկատի կիրառման բոլոր հարցերը կոորդինացվել են ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունների կողմից: Ծառայության համար իմ կողմից ստացված ամբողջ գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը, տեղեկատվություն չի տրամադրվում ջոկատի ռազմական գործողություններին մասնակցելու եւ ստացված աշխատավարձի չափի մասին»:

Արցախ մեկնելու համար կամավորագրվածներից մեկը, որի անունը չենք հրապարակում, մեզ հայտնեց հետեւյալը․ «Ես էլ եմ այդ  գումարտակում եղել, մի 5-6 օր գնացինք-պարապեցինք, որ պետք է տանեին Տավուշի դիրքեր։ Հետո ասացին՝ գնացեք, ձեր տներում պատրաստ սպասեցեք, մենք կկանչենք, այդպես էլ չկանչեցին։ Հետո երկու ամսվա համար մի 200 հազար դրամ փող տվին, չգիտեմ՝ ինչի համար»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image