Իշխող կուսակցության անփորձ քաղաքական գործիչները, որ իշխանության են եկել ժողովրդավարության անվան տակ, կարծում են, թե խորհրդարանական մեծամասնություն ունենալն իրենց իրավունք է տալիս անել այն՝ ինչ խելքներին կփչի, խոսել՝ ինչ մտքներով կանցնի, և գիտեն, թե ստացել են անսահմանափակ իշխանություն, իսկ հանրությունը գերի է ընկել իրենց ֆանտաստիկ անտեղյակությանն ու ցինիզմին։
Ահա, ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հեգնում է՝ ի պատասխան լրագրողի հարցին, ասելով, թե՝ մեծամասնություն ունենք, կարող ենք, չէ՞, օրենք ընդունել, որ, ասենք, «Սամվել» անունով մարդիկ չեն կարող մասնակցել ընտրություններին։ Այդ արտահայտությունը, իհարկե, կոնտեքստ ունի՝ որպես ծայրահեղ, չափազանցված օրինակ։ Բայց և այնպես, հասկանում ենք նաև, որ սույն պաշտոնյան չի հասկանում, թե ինչ է մեծամասնությունը, չգիտի՝ ինչ է օրենքը, չի գիտակցում, որ մեծամասնությունը չի կարող պարզապես իր թվաքանակով սահմանափակել այլ մարդկանց իրավունքները։ Չի պատկերացնում, որ օրենքներն ու իրավունքները չեն կարող կախված լինել նրանից, թե ով է մեծամասնություն կամ փոքրամասնություն։
Դուք, երևի, կարող եք անգամ փոխել մարդու անունը՝ դնել «Սամվել» և նախորդ փայլուն օրենքի ուժով՝ արգելել նրա մասնակցությունը ընտրություններին։ Ինչո՞ւ՝ չէ, մեծամասնություն եք, չէ՞։ Էլ ի՞նչ կարող եք անել, քանի որ մեծամասնություն եք․ հարց է ծագում։ Եվ ուրեմն այստեղ պետք է հիշենք մեր հին, բարի, նորաձև կրթության մասին, որի պակասն այլեւս թաքցնել հնարավոր չէ։ Թերևս միակ ձևը լռելն է, բայց լռել ևս այս նոր ամենազորները, կամ միգուցե՝ զորավորները, չգիտեն։
Եվ ահա, կրթում ենք․ հարգելի պատգամավորուհի, մեծամասնություն լինելը դեռևս չի նշանակում, թե դուք կարող եք ամեն ինչ։ Չնայած ձեր մեծամասնություն լինելուն, երկրում կան Սահմանադրություն և օրենքներ։ Հա՞, դրանք դուք ամբողջովին կարող եք փոխե՞լ, բայց որպեսզի խելագարությամբ առաջնորդվող երկրները չանցնեն իրենց չափը, աշխարհում կան կանոններ, կոնվենցիաներ՝ համամարդկային բարօրությանն ուղղված նորմատիվներ։ Օրինակ, Ժնևի մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիան արգելում է ձեզ անել նման բաներ։ Եվ ուրեմն հետևություն՝ դուք չեք կարող ձեր ամեն երազանք ընդունել որպես օրենք, միայն այն պատճառով, որ մեծամասնություն եք։ Ավելի ճիշտ՝ տեսականորեն կարող եք, բայց գործնականում դա կլինի խելագարություն, և նման օրենքներով՝ դուք շատ հեռուն չեք գնա։
Բայց մեծ հաշվով, մենք դեմ չենք․ դուք կարող եք ընդունել օրենք, որ բոլոր նորածին տղաներին պետք է կոչել Նիկոլ, ինչու ոչ՝ նաև աղջիկներին, քանի որ իր իսկական նշանակությամբ դա աղջկա անուն է։ Ահա այդպես, կարող եք բացառել այլ անուններով մարդկանց մասնակցությունն ապագա ընտրություններում, կարող եք այդ նոր իրական Հայաստանն անվանել Նիկոլստան՝ երկիր, որտեղ ապրում են գերազանցապես նիկոլները։
Սա գրոտեսկ չէ, սա այն է, ինչ մի օր կարող ենք լսել այդ պատգամավորուհուց, որի մտքերին ընդհանրապես արժե հետևել՝ հասկանալու համար, թե ինչ են մտածում նրանք՝ ժողովրդավարության բաստիոնում։
Բայց կրկնենք, որպես կրթություն և գիտելիք․ հիշե՛ք, դուք չեք կարող, որպես մեծամասնություն, անցնել ցանկացած սահման, ընդունել ցանկացած օրենք, արգելել, ասենք, «Սամվել» անունով մարդկանց ընտրվել։ Դուք, աղջիկ ջան, չեք կարող՝ ո՛չ, нет, no, NEIN, 不Bù, HAYIR․ որ լեզուն հասկանում եք՝ դրանով հասկացեք։ Մեծամասնությանը նույնպես վերաբերվում են օրենքները՝ ներպետական և միջազգային։ Եվ ոչ թե` որովհետև դուք բարի եք և ժողովրդավար, այլ որովհետև՝ չեք կարող, իրավունք չունեք։
Չնայած՝ ի՞նչ մեծամասնություն, դուք վաղուց արդեն այսպիսի տգետ մեծախոսությամբ՝ կորցրել եք հանրության մեջ երբեմնի ձեր «մեծամասնությունը», և, ամենայն հավանականությամբ ու բարեբախտաբար` ընդմիշտ։