Քաղաքականություն

Վահագն Խաչատրյանի լռության գինը

Վահագն Խաչատրյանի լռության գինը

Տնտեսագետ, քաղաքական գործիչ, ՀԱԿ վարչության անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ եւ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նորաթուխ նախարար Վահագն Խաչատրյանը տարիներ առաջ ամենաակտիվ ընդդիմադիրներից էր․ մասնակցում էր բոլոր քննարկումներին, նախկինների օրոք վարվող տնտեսական քաղաքականությունն էր քննադատում՝ քարը քարի վրա չթողնելով։ 2012-ի հուլիսին նա առաջինն էր բարձրաձայնել, որ սահմանին գազը թանկացել է, բայց հանրությանը չեն հայտնում, եւ գազի պարտք է կուտակվում, որը սպառողների քթից է դուրս գալու։

2013-ի դեկտեմբերին Հայաստանն այդ պարտքը փակելու համար «Հայ-Ռուսգազարդին» վաճառեց իր բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը։ Սակայն 2019-ի հունվարի 1-ից սահմանին գազը թանկացավ, եւ ուժը կորցրեց 2013-ին կնքված սակագնի երկարամյա համաձայնագիրը, ըստ որի՝ հայկական կողմը 1000 խորանարդ մետրի համար պետք է վճարեր 150 դոլար, իսկ պարոն Խաչատրյանը չահազանգեց այս մասին։ Արդեն իշխանություն էր փոխվել: Նա երեկ էլ լռեց, երբ լրագրողը նրան հարց ուղղեց․ «Լեւոն Տեր-Պետրոսյանը,  անդրադառնալով ՀԱԿ-ից դեպի այս իշխանություն եկող կադրերին, գործընթացը բնորոշել է «առնետավազք» բառով»։ Վահագն Խաչատրյանն ասաց․ «Ես Տեր-Պետրոսյանին չեմ պատասխանի»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Հրապարակ»-ը գրել էր․ «Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել՝ ՀԱԿ-ի հեղինակավոր մարդկանց իր ճամբար բերել։ Դրանով ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի դիրքերը, ով վերջերս անխնա քննադատում է իրեն։ Մենք գրել էինք, որ բանակցություններ են ընթանում տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ, սակայն դրանք կարծես հաջողությամբ չեն պսակվել՝ Խաչատրյանը չի պատասխանել Փաշինյանին, իսկ մերձավոր շրջապատը համոզված է, որ նա առաջարկը կմերժի»։ Փաստորեն, մերժեց պատգամավոր դառնալու, բայց չմերժեց նախարար դառնալու առաջարկը։

Մինչ այդ՝ 2019-ի սեպտեմբերին, Վահագն Խաչատրյանն անսպասելիորեն լռեց, դրանից առաջ նոն-ստոպ ռեժիմով հարցազրույցներ էր տալիս, վերլուծում տնտեսական պրոցեսները, իսկ 19-ի սեպտեմբերից այլեւս լրագրողների զանգերին չէր պատասխանում։ Միայն երբեմն-երբեմն հյուրընկալվում էր «Ազատության» կամ «Սիվիլնեթի» տաղավարներում եւ գովում կառավարության 2019-ի ծրագիրը՝ այն «ոչ ստանդարտ» անվանելով։ Կողմ էր արտահայտվում ճանապարհների շրջափակմանը։

Սա համընկավ Վահագն Խաչատրյանի նոր կարգավիճակին՝ 2019-ի հուլիսից նա դարձավ գործարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ։ Եվ, ըստ ամենայնի, այդ պահից սկսեց նախապատրաստվել նախարարի պաշտոնին։

Ի դեպ, նախքան այդ, Վահագն Խաչատրյանը նաեւ Տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր եւ չէր թաքցնում իր ռեկտորական հավակնությունները։ 2019-ի հունիսի 28-ին ներկա լինելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին, որտեղ քննարկվում էր «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը հիմնադրամի վերակազմավորելու հարցը, տպավորություն էի ստացել, որ Վահագն Խաչատրյանն այն ժամանակվա ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ամենալուրջ ընդդիմությունն է․ երբ վերջինս, հղում անելով կանոնադրության 55-րդ կետին, հայտարարեց, թե համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել տնտեսագիտության դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան եւ պրոֆեսորի ու դոցենտի գիտական կոչում ունեցող, առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձով եւ, ուշադրություն՝ 2 օտար լեզվի ազատ տիրապետող անձը, Վահագն Խաչատրյանը խիստ նյարդայնացավ եւ հայտարարեց․

«Ես վտանգ եմ տեսնում, որ էս լեզուների նկատմամբ էսպիսի վերաբերմունքը կբերի նրան, որ մեզ մոտ ուղղակի լեզվաբանները կգան։ Ես՝ ինքս, անձամբ էդպիսի խնդիր եմ ունեցել 92 թվականին՝ Իտալիայում․ իմ թարգմանիչը՝ իբրեւ կառավարման մասնագետ, սկսեց պատասխանել հարցերին իմ փոխարեն։ Ես դրա համար եմ զարմանում, որ ինչու չեք մտածում, որ առաջինը մասնագիտականն է, ինչու եք մասնագիտական գիտելիքն ու լեզվի իմացությունը դրել մեկ հարթության վրա»։ Խաչատրյանն անգամ հեգնանքով նկատեց՝ կարող էին գրել նաեւ «սպորտսմեն»։ «Մի բան էլ ասեմ՝ ես ինձ կարոտում եմ նորմալ հայերեն խոսելիս։ Հայաստանում ամենաբարձր պաշտոնյաներից՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, այդ մաքուր հայերենը մոռացել են»։ Ահա այսպիսի ընդդիմադիր անձը՝ տնտեսագետը, այսօր բարձր տեխնոլոգիաների նախարար է դարձել։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image