Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մեկնաբանում է Բորիս Ավագյանի դեպքը

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը մեկնաբանում է Բորիս Ավագյանի դեպքը

Գիշերը հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին։ Տեղեկությունը հայտնել էր Mash տելեգրամյան ալիքը։ Ավագյանին անգիտակից վիճակում գտել են հյուպատոսության զուգարանում, նա այնտեղ է եղել մոտ 50 րոպե։

Ռուսական սոցցանցերում արդեն վարկածներ են շրջանառվում նրա հնարավոր ինքնասպանության մասին: Ըստ Mash-ի, Ավագյանը նախօրեին փախել էր դատարանի դահլիճից, որտեղ նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրվեր ավելի քան 4,2 մլրդ ռուբլի մաքսատուրքերի վճարումից խուսափելու գործով: Նրան ընդամենը շաբաթներ առաջ էին բաց թողել կալանքից։
Երեկ նա նաեւ տեսաուղերձ էր հղել, հայտնել էր, որ եկել է հյուպատոսություն, որպեսզի իրեն արտահանձնեն Հայաստան: Նա բողոքել էր, որ հյուպատոսությունը չի ցանկանում ընթացք տալ իր խնդրանքին։ Հիշեցնենք, որ Ավագյանը 2021 թվականին ներգրավված է եղել սկանդալի մեջ` Ռուսաստանում մաքսատուրքերի չվճարմամբ և ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում: Ապա 4 տարի կալանք է կրել։ Այս ընթացքում մենք բազմիցս անդրադարձել ենք նրա գործին, հրապարակել ենք նրա նամակները՝ ուղղված ՀՀ իրավապահներին, ՀՀ հյուպատոսին եւ այլն։

Նա իր նամակներից մեկում հայտարարել էր, որ Փաշինյանի իմացությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին օգնել է արտահանման ժամանակ մաքսային խարդախություններ իրականացնել։ Հավելենք նաև, որ Ավագյանը հետախուզվում էր Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։ Բորիս Ավագյանի առեղծվածային մահվան մասին «Հրապարակը» մի քանի հարց է ուղղել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին:

- Պարոն Արսենյան, ինչպե՞ս է Բորիս Ավագյանը հայտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանում:

- Քանի որ հիմա քննություն է ընթանում` քննչական մարմինների կողմից, ես առաջարկում եմ մի փոքր սպասել, որ ամփոփ լինի իրավիճակը, որովհետև նույն կարգավիճակում է նաև Արտաքին գործերի նախարարությունը, որը կտա տեղեկություն…. Ինչ վերաբերում է հյուպատոսարան մուտք գործելուն, ապա մուտքն ազատ է և ցանկացած մարդ կարող է մտնել հյուպատոսարանի տարածք, որպեսզի, օրինակ, ստանա հյուպատոսական ծառայություններ, կամ այլ հարցեր, դրա համար մարդը ազատ է՝ հյուպատոսարանը չի համարվում փակ տարածք:

- Ասում են` Ավագյանը դատարանի դահլիճից փախել է հյուպատոսարան: Ճի՞շտ է, եթե այո, գիտե՞ք այլ մանրամասներ:

- Այդ մարդը եկել, մտել է հյուպատոսարանի շենք, չեմ ուզում շատ մանրամասներ ասել, բայց ինքը իր ոտքով, ազատ կամքով եկել է հյուպատոսարան:

- Համոզվա՞ծ եք, որ նա ինքնասպան է եղել: Գուցե նրան սպանե՞լ են:

- Բացառված է նման բան:

- Ինչպե՞ս է ինքնասպանություն գործել: Հրապարակվեց լուսանկար, որտեղ նա արյան մեջ թաթախված էր:

- Իր զարկերակը կտրել է` «վեննաներն» է կտրել, փակ դռան հետևում: Անկեղծ ասած, հիմա տրամադրություն չունեմ, չեմ ուզում այլ բաներ խոսել, մինչև պատկան մարմինների խոսելը, ես ղեկավարում եմ պրոցեսը, որ ամեն բան լինի նորմալ: Սա ընդհանուր հարց է բոլորիս համար:

- Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են այս դեպքի մասին, տարբեր գնահատականներ են տալիս:

- Նրանց տեղեկությունների հիմքում ռուսական ծառայություններից կողմից տրված ինֆորմացիան է:

- Ասում են, որ Բորիս Ավագյանը ավելի քան 50 րոպե ողջ է եղել, երբ նրան հյուպատոսարանի պետքարանից դուրս են հանել…. ինչպե՞ս կարող է երակները կտրած մարդը 50 րոպե կենդանի մնալ և արնաքամ չլինել: Կասկածելի չէ՞ այս ամենը:

- Դուռը փակ է եղել, բացել են МЧС-ով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image