ԱԳՆ-ն հրապարակել է Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրի տեքստը, որը 17 հոդվածից է բաղկացած: Այդ տեքստում փաստացի հաստատվում են այն բոլոր զիջումները, որոնց մասին տեւական ժամանակ խոսվում էր: Փաշինյանը, ըստ էության, գնացել է Ալիեւի պահանջների լիակատար ու անվերապահ կատարման՝ անգամ ապագայի համար Ադրբեջանի նկատմամբ որեւէ տարածքային պահանջի հրաժարվելով, երրորդ կողմի ուժերի տեղակայումով սահմանի երկայնքով ու միջազգային գանգատների հետկանչումով, որը պետք է տեղի ունենա համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Համաձայնագրի հոդվածներից մեկը սահմանում է, որ կողմերը կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական խտրականության, ծայրահեղականության դեմ: Սա նշանակում է, որ Հայաստանում Ալիեւի ու Ադրբեջանի հասցեին ցանկացած քննադատական խոսք այլեւս չի ներվելու:
Նշվում է, որ Կողմերը երաշխավորում են սույն համաձայնագրի ամբողջական կատարումը ու այն վերահսկելու նպատակով կստեղծեն հանձնաժողով: Հենց այդ հանձնաժողովում, ըստ հրապարակված տեքստի, կլուծվեն համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ հնարավոր վեճերը:
Շեշտվում է, որ ներպետական օրենսդրության դրույթները չեն կարող վկայակոչվել՝ որպես համաձայնագրի չկատարման հիմնավորում, այսինքն, Ադրբեջանի հետ ստորագրվելիք համաձայնագիրը վեր է դասվում Սահմանադրությունից, որը փոխելու պահանջը Ալիեւը Հայաստանին ներկայացրել էր որպես Հայաստանի «տնային աշխատանք»:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում մի քանի արձանագրում արեց. «Այդ թղթով Հայաստանը հրաժարվում է Արցախի հարցից, տիրություն չի անում մեր գերիներին: Հայկական կողմը զիջում է արել, այնտեղ բացակայում է Ալմաթիի հռչակագրին եւ 1988թ հունվարի 12-ին ստորագրված սահմանազատման փաստաթղթին հղումը: Սա նշանակում է, որ հայկական սահմանը լղոզվում է եւ սահմանազատման անվան տակ Փաշինյանը նոր զիջումներ է անելու»:
Ինչ վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժեր չտեղակայելուն, Բագրատյանի խոսքով, դա կարող է նշանակել Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերում, այն դեպքում, երբ Ադրբեջանից թուրքական բազաները հանելու մասին խոսք չկա: Սա նաև նշանակում է ՀՀ տարածքում եվրոպական դիտորդական առաքելության դադարեցում։
«Պատմությունը ցույց է տալիս, որ եթե համաձայնագրերը երաշխավոր չունեն, չեն կատարվում», -նկատում է Հրանտ Բագրատյանը: Դիտարկմանը՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները երաշխավոր չէ, նախկին վարչապետը շեշտում է՝ «Համաձայնագրում նման բան գրված չէ»: