Թեեւ hանրապետությունում ավարտվել են ՏԻՄ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունները, սակայն դեռ որոշ համայնքներում խնդրահարույց հարցեր կան, մասնավորապես` Լոռու մարզի Վանաձոր խոշորացված համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցում էր 10 ուժ, անցողիկ շեմը հաղթահարել են 4 կուսակցություն եւ 1 դաշինք, իսկ ԼՀԿ-ն, որին մի քանի հարյուրերորդական տոկոս է անհրաժեշտ, որ ներկայացուցիչներ ունենա Վանաձոր քաղաքի ավագանու կազմում, վերահաշվարկ է պահանջել, եւ ահա այստեղ է, որ քաղաքական ուժերի դասավորվածությունն ու բանակցային գործընթացը սկսում են այլ ուղով ընթանալ։
Նախ նշենք, որ Վանաձորում առավել շատ ձայներ է հավաքել «Մամիկոն Ասլանյան դաշինքը»՝ 12 հազար 810 ձայն կամ 38․70%, ՔՊ կուսակցությունը Վանաձորում ստացել է 8 հազար 295 քվե կամ 25․6%, երրորդ տեղում է Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որին Վանաձորում վստահության քվե է տվել 4 հազար 809 ընտրող՝ 14․53%։ 1300 եւ ավելի ձայն են ստացել «Հայրենիք»՝ 1483 (4․48%), «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 1420 (4.29%), ԼՀԿ-ն՝ 1314 (3.97%): Անցողիկ շեմը չեն կարողացել հաղթահարել ԲՀԿ-ն՝ 984 (2.97%), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 874 (2.64%), «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը՝ 683 (2.06%), եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 419 (1.27%):
Այս պահին Վանաձորում խառնաշփոթ վիճակ է՝ ձայների մանդատների հետ կապված, այստեղ մեկ մանդատն էլ հարց է լուծում։ Եթե ԼՀԿ-ին չհաջողվի ստանալ այդ մանդատը, ապա «Մամիկոն Ասլանյան դաշինքը» կստանա 15 մանդատ, ՔՊ-ն՝ 9, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5, իսկ «Հայրենիք» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։
Այստեղ արդեն Մամիկոն Ասլանյանն ինքն է որոշում կայացնելու, եթե 15 մանդատի տեր է դառնում, ուրեմն իրեն 2 մանդատ է պակասում խնդիրները լուծելու եւ իշխանություն ձեւավորելու համար, իսկ այդ 2 մանդատը կարող է ստանալ «Ապրելու երկիր» կուսակցությանը միանալով։ Մեր տեղեկություններով, «Հայրենիք» կուսակցությունը հակված չէ Ասլանյանի հետ միանալուն։ Բայց եթե «Լուսավոր Հայաստանը» ստանում է 1 մանդատ, ուրեմն պակասում է Ասլանյանի մանդատներից՝ դառնալով 14 մանդատ, այստեղ է, որ արդեն 2 մանդատով չի կարողանալու հարցը լուծել, եւ այս դեպքում արդեն բանակցություններն այլ կերպ են ընթանալու։ Ու անհրաժեշտ է լինելու միանալ Ակայի՝ Արկադի Փելեշյանի գլխավորած ՀԱՍԿ-ին։ Այժմ Վանաձորում սպասողական իրավիճակ է, մինչեւ վերահաշվարկի արդյունքներն ամփոփվեն, ըստ այդմ՝ մասնակից ուժերը կկողմնորոշվեն՝ ով ում հետ ինչ հարաբերություն ունենա։
Չնայած այս անորոշ վիճակին, ամեն դեպքում փորձեցինք պարզել․ եթե առաջարկ լինի, օրինակ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ ՀԱՍԿ-ը, կհամաձայնի՞ կոալիցիա կազմել «Մամիկոն Ասլանյան դաշինքի» հետ։ Կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն ասաց․ «Գիտե՞ք ոնց, դա առաջին հերթին քաղաքական քննարկման խնդիր է, մենք առաջին հերթին քաղաքական իմաստով ենք որոշում կայացնելու, չնայած մենք անձնական հարաբերություններով էլ խնդիր չունենք, մանավանդ որ, գիտեք, թիմի առաջին դեմքերն աշխատել են Մամիկոն Ասլանյանի հետ, մեր առաջին, երկրորդ համարները տեղակալներն են եղել։ Նորմալ մարդկային հարաբերություններ ունեն, այ, քաղաքական որոշումն ինչպիսին կլինի, պետք է մի փոքր սպասենք»։