Աջափնյակում անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի միջև լարված խոսակցություն է տեղի ունեցել։ Քաղաքացին հայտարարել է, որ հայ ժողովուրդը շարունակելու է Արցախյան շարժումը և ընդգծել, որ իշխանությունները չեն կարող ժողովրդի անունից խոսել։ Նա նաև մեղադրել է վարչապետին նախկին խոստումները չկատարելու և հանրությանը մոլորեցնելու մեջ՝ հիշեցնելով 2021 թվականի հայտարարությունները Հադրութն ու Շուշին վերադարձնելու վերաբերյալ։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նշել է, որ վերջնական որոշումը կայացնելու է ժողովուրդը և եթե քաղաքացիները այդպես որոշեն, ինքը կհեռանա պաշտոնից։
Քաղաքացին, շարունակելով իր խոսքը, ասել է, որ վարչապետը վաղուց պետք է հրաժարական տար՝ հավելելով, որ գործող իշխանությունները, իր կարծիքով, առաջնորդվում են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների թելադրանքով, ինչի պայմաններում Փաշինյանը չի կարող շարունակել պաշտոնավարել։
«Դուք վաղուց պիտի հեռանայիք»,- նշել է քաղաքացին: