Սյունիքում առկա խնդիրների և հունիսի 20-ին նախատեսած արտահերթ ընտրությունների թեմայով «Հրապարակը» զրուցել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանից Սրբուհի Գրիգորյանի հետ։
- Տիկի՛ն Գրիգորյան, Սյունիքում սահմանային իրավիճակն ինչպիսի՞ն է։
- «Լուսավոր Հայաստանը» պարբերաբար անդրադարձել է [նոյեմբեր 9/10-ի եռակողմ] հայտարարությանը հաջորդող քայլերին։ Հաջորդ օրվանից անընդհատ քննադատել ենք GPS-ով սահման գծելը և այլ գործընթացները։ Այստեղ որևէ փոփոխություն չի եղել, չնայած որոշ ուժեր կամ անձինք իրենց դեղին մամուլի տեղ դրած ինչ-որ ապատեղեկատվություն են տարածում՝ նաև փորձելով վախի մթնոլորտ տարածել Սյունիքում։ Ես դա այդպես եմ գնահատում։ Եվ գտնում եմ, որ առանձնապես որևէ փոփոխություն չի եղել։ Այն, ինչը որ կար փաստաթուղթը ստորագրելուց հետո, այդպես էլ մնում է մինչ օրս։ Այսինքն, այս խնդիրներին՝ Սոսիների պուրակը և այլն․․․ Մենք կոնկրետ չենք անդրադարձել Սոսիների պուրակին, բայց մենք քննադատել ենք, որ GPS-ով սահման գծելը խայտառակություն է: Եվ որ որոշակի տարածքներ դրա արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։
- Տիկի՛ն Գրիգորյան, Կապանի համայնքապետն ասել էր, որ դեկտեմբերի 18-ին է պուրակի մի մասն անցել Ադրբեջանին։
- Իհարկե, դեկտեմբերին է անցել։ «Լուսավոր Հայաստանը» հենց Կապանում է եղել հողերը, ճանապարհի որոշակի հատվածներ հանձնելու օրերին, ժամերին։ Հետևաբար, եթե հիշում եք, այդ հանձման պրոցեսն անմիջապես նոյեմբերի 9-ից չի եղել։ Եվ, այո, դեկտեմբերին սկզբին այդ ամեն ինչն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Դա նոր չէ։
- Երբ որ Գորիսի փոխհամայնքապետի հետ նախկինում խոսում էի, ասում էր, որ մարդիկ իրենց անվտանգ չեն զգում, մանավանդ սահմանային բնակիչները, օրինակ՝ Շուռնուխ, Խնձորեսկ։
- Անվտանգության հետ կապված մենք պարբերաբար նշել ենք։ Եթե հիշում եք, առաջինը ճանապարհի անվտանգության հետ կապված հենց ես եմ բարձրաձայնել Ազգային ժողովում, կառավարության առջև դրել եմ այդ հարցը, որովհետև ես բոլորից լավ գիտեի, որ այդ խնդիրները հերթով ի հայտ են գալու։ Անասուններ գողանալը, հովիվների հետ խնդիրները, այս ամեն ինչին ես անդրադարձել եմ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո։ Այսինքն, այս ամեն ինչը դժվար չի եղել տեսնելը։ Ուղղակի հիմա տեղ է ունենում այն, ինչը որ մենք կանխատեսել ենք։
- Դե որ ասում եք դեղին մամուլ։
- Նայեք, մամուլը, նաև որոշակի անձինք այստեղ նշում են, որ Ալիևը եկել Է Սյունիք։ Սա ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս է եկել Սյունիք։ Ընդամենը պետք է վերլուծել, որ դա հանձման արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքում է տեղի ունեցել այդ նկարահանումը։ Մենք լիքը բան կորցրել ենք։ Այո, կորցրել ենք և բարձրաձայն ասում ենք։ Մենք ամեն մի թիզի համար այն ժամանակ կռիվ ենք տվել Ազգային ժողովում, մեր զինվորներն էլ մարտի դաշտում են կռվել։ Հիմա պատկերացրեք, Շուշիի տարածքում գա-նկարվի, նորից պիտի ասեն․ «Բա, գիտե՞ք, եկել-հասել է Գորիս»։ Սրանք վախի մթնոլորտ են փորձում առաջացնել Սյունիքում և սահմանամերձ շրջաններում։ Որպես սահմանամերձ բնակավայրի բնակիչ դրան դեմ եմ։ Մենք շատ բան ենք կորցրել, հիմա ահաբեկել քաղաքացիներին այդպես ապատեղեկատվությամբ, այսինքն՝ օգտագործել նոյեմբերի այդ խայտառակ փաստաթուղթը, գրամ-գրամ ավելացնել, խեղաթյուրել փաստերը, շատ վատ երևույթ է։
- Բնակիչները կենդանիներին արոտավայրեր տանելիս բավականին զգուշությամբ են գնում։
- Իմ հարցազրույցները նայե՛ք։ Ես ասել եմ, որ նման խնդիրներ ի հայտ են գալու։ Եվ մենք տեսանք, որ օրերս մեր հովվի հետ կապված միջադեպ եղավ։ Ա՛յ, էստեղ հարց է առաջանում ՊՆ-ին․ «Ադրբեջանական դիրքերից 50 մետր այս կողմ ի՞նչ են արել ադրբեջանցիները»։ Ա՛յ, սա կարևոր հարց է, որ ես առաջիկայում պատրաստվում եմ բարձրացնել Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Որովհետև այնտեղ նշվում է, որ փաստացի 50 մետր ադրբեջանական դիրքերից այս կողմ է տեղի ունեցել միջադեպը։ Եթե դիրք են տվել, ուրեմն դիրքից այս կողմ ադրբեջանցիները մի թիզ այս կողմ իրավունք չունեն գալ, ա՛յ, դա է խնդիրը։
- Ձեզ համար սպասելի՞ էր, որ սյունեցիները երկրորդ անգամ Փաշինյանին կվտարեն Սյունիքից։
- Ոչ մի բան միանշանակ չէ։ Գիտեք, որ ես Սյունիքի բնակիչ եմ, գիտեք, որ ես անընդհատ գնում եմ, գալիս եմ։ Այնտեղ կան մարդիկ, ովքեր ողջունում եմ Փաշինյանին, և կան մարդիկ, ովքեր դեմ են Փաշինյանին։ Ժողովրդավարություն է ի վերջո։ Եվ այնպես չեք կարող ասել, որ «սյունեցիները մերժել են Փաշինյանին» կամ «սյունեցիները ջերմ ընդունել են Փաշինյանին»։ Մի պահ էլ այսպիսի բան կար, չէ՞, որ «Սիսիանցիները շատ ջերմ ընդունել են Փաշինյանին», չէ՛, էդպես չէ։ Սյունիքում Փաշինյանն ունի և՛ կողմնակիցներ, և՛ ընդդիմադիրներ բնականաբար, ինչպես ամբողջ Հանրապետությունում։ Չի կարելի այսպես ընդհանրացնել, չի կարելի ուղղակի։
- Հասարականության հետ շփվո՞ւմ եք, ինչպե՞ս են տրամադրված իշխանությունների և ընդդիմության նկատմամբ։
- Ես չեմ կարող տոկոս ասել, որովհետև այդ տոկոսն անընդհատ այս կողմ, այն կողմ է գնում։ Հիմա քանի որ մենք պատրաստվում ենք ընտրություններին, նաև դա եմ ուսումնասիրում։ Քարոզչությունը սկսելու է, էլի տոկոսները տատանվելու են, միտումը կա և լինելու է։ Սյունիքում կա 2, 3, 4 տեսակետ 2, 3, 4 քաղաքական ուժի նկատմամբ։ Ինչո՞ւ եմ այս թվարկումն անում, որովհետև այնտեղ, ըստ իմ ուսումնասիրությունների, որոշակի տոկոս են զբաղեցնում 3-րդ, 4-րդ քաղաքական ուժերը։
- Որո՞նք են այդ ուժերը, կարո՞ղ եք ասել։
- Չէ, չեմ ասի առայժմ։ Թող ինտրիգը մնա։ «Լուսավոր Հայաստանն» էլ Սյունիքում բավական հաջող վիճակում է։
- Ի՞նչ եք պատրաստվում Սյունիքում անել։ Այնտեղ ակտիվացրե՞լ եք գրասենյակի աշխատանքը, Հանրապետության ո՞ր տարածքներում եք ակտիվացրել աշխատանքը։
- Խորհրդարանը չի լուծարվել, երբ Փաշինյանն էլ երկրոդ անգամ չընտրվի․․․ Մենք մեր ռազմավարությունն արդեն մշակել ենք և հստակ գիտենք՝ մեր քայլերը որոնք են ըստ հաջորդականության։
- Իսկ իշխանությունները փորձում են դպրոցի կամ բուժկետների տնօրեններին, աշխատակիցներին աշխատանքից հեռացնել կամ սպառնալ հեռացնելով, եթե իրենց չաջակցեն կամ մարդկանցով չապահովեն։
- Ես երեկ հայտարարություն արեցի Ազգային ժողովում, որ ամբողջ ընթացքում լինելու եմ Սյունիքում։ Եվ իմ մանդատն իր ամբողջ ուժով ծառայելու է նրան, որ քաղաքացիները կարողանան առանց ճնշումների ընտրություն կատարել։ Գիտե՞ք, Սյունիքում իրավիճակն այնպիսին է․ տեղական ինքնակառավարման մարմինների որոշ ղեկավարներ ընդդիմադիր կեցվածք ունեն, հետևաբար քաղաքացիների քաշքշոց «մեր կողմ, ձեր կողմ»՝ պետք է աշխատենք, որ թույլ չտանք։ Ես ամբողջ ընթացքում լինելու եմ Սյունիքում և կանգնելու եմ ընտրողի կողքին, որպեսզի ինքը որոշի, թե ում է ընտրելու։
- Իշխանությունները նշում են, որ «վարչական ռեսուրս չեն կիրառելու», «արատավոր որևէ քայլի չեն դիմի», կանե՞ն այսպիսի բան, թե՞ չէ։
- Ես չեմ կարող ասել, թե ինչ կլինի։ Բնական է, որ իրենք ասելու են․ «Չէ»։ Եթե որևէ կողմից քաղաքացիների վրա ճնշում լինի, մենք դրան անդրադառնալու ենք։ Ով ուզում է դա անի։ Ուզում է, ՏԻՄ-ը անի, ուզում է, դա անի որևէ քաղաքական ուժ, ուզում է, դա անի իշխանությունը։ Պետք է ամեն ինչ անենք, որ արդար ընտրություն լինի։