Հարցազրույց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու, ցուցակի 7-րդ համար Մամիկոն Ասլանյանի հետ
- Ի՞նչ ակնկալիք ունեք Սահմանադրական դատարանում քննությունից, եւ ո՞րն է լինելու ընդդիմության արձագանքը, եթե ՍԴ-ն չբավարարի ընդդիմության պահանջները։
- Անկախ նրանից, թե ՍԴ-ն ինչ որոշում կկայացնի, պիտի առաջնորդվի նրանով, որ ՀՀ գեթ մեկ քաղաքացու մոտ չփարատված կասկածներ չմնան, եւ ցույց տա բարձր դատարանի դերն ու նշանակությունն այս խայտառակ ընտրություններից հետո։ Կուզենամ, որ ՍԴ-ն զերծ մնա քաղաքական որեւէ նախապաշարմունքից ու կանխատեսելիությունից եւ կայացնի իրավական որոշում։
- Լսելով ՍԴ դատավորների քաղաքական ելույթներն ու հայտարարությունները՝ նման ակնկալիք հնարավո՞ր է ունենալ։
- Քանի դեռ չկա որոշում, ես չեմ ցանկանում գնահատական տալ, ուզում եմ` ՍԴ-ն, որպես իրավական կառույց, իրավական որոշում կայացնի։
- Հակառակ պարագայում ընդդիմությունն անելիք ունի՞։
- Բնականաբար, ընդդիմության անելիքները պայմանավորված են նաեւ որոշմամբ, բայց կոնկրետ անելիքների մասով կարծում եմ՝ միասնական ճակատով պետք է որոշում ընդունել։
- Սամվել Կարապետյանի երեկվա հայտարարությունից ակնհայտ է, որ, անկախ ելքից, ընդդիմությունը վերցնելու է մանդատները, գնա խորհրդարան։ Նա ասաց՝ եթե սկզբում հանրության 60 տոկոսն էր դեմ մանդատ վերցնելուն, հիմա 40-ն է, ի դեպ, այդ հաշվարկն ինչպե՞ս է արվել, եւ ինչի՞ արդյունքում է փոխվել հարաբերակցությունը։
- Այդ կարծիքների մասին, ըստ էության, հարցումներով է պարզվել: Բնականաբար, սկզբում քաղաքացիների մոտ սուր էմոցիոնալ դրսեւորումներ էին, բայց հետո սառը բանականությամբ, հավանաբար՝ քաղաքական, ինֆորմացիոն հոսքերի արդյունքում այլ կարծիքներ են ձեւավորվել։ Ինչ վերաբերում է՝ այս հայտարարությունից ենթադրել, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, այնքան էլ ճիշտ չէ, պետք չէ ընտրությունների արդյունքները բերել-հանգեցնել միայն մանդատները վերցնել-չվերցնելու պայքարի։ Միասնական ընդդիմությունը պետք է հասկանա քայլերի կարեւորությունը, դրանց նշանակությունը եւ ճանապարհային քարտեզ պետք է ունենա, թե ինչ է արվելու` վերցնելու եւ չվերցնելու դեպքերում։ 2 դեպքում էլ՝ առանց փաստարկների, առանց առարկայական հիմքի, կլինի անպատասխանատու վերաբերմունք ընդդիմությանը քվե տված ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
- Ճանապարհային ի՞նչ քարտեզներ կգործեն 2 դեպքում, որ արդարացվի վերցնելը կամ չվերցնելը, ի դեպ, կա տեսակետ, որ եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, իշխանությունը պարտադրված է լինելու արտահերթ ընտրությունների գնալ, ուստի չարժե կրկնել նախորդ խորհրդարանի չհաջողված փորձը, պետք է բոյկոտել։
- Մենք չպետք է առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի կանխատեսելի օրակարգով, որովհետեւ Փաշինյանը երբեք չի անի այն, որից օգուտներ կքաղի ընդդիմությունը, հետեւաբար՝ Փաշինյանի օրակարգը պետք է թողնել իրեն: Ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը եւ գնա պատասխանատու եւ ոչ թե ականջահաճո լուծումների, որոնք կբխեն հասարակության փոքրամասնության պահանջներից։ Ուստի ես զերծ կմնամ գնահատականներից, որովհետեւ պայքարի մեջ գտնվող մարդկանց համար պայքարի ճիշտ ընտրությունն է կարեւոր, ոչ թե դրա վերաբերյալ հասարակության այս կամ այն կողմի տված գնահատականը։
- Մանդատները վերցնելու դեպքում ի՞նչ գործողություններ են հնարավոր, որ այսպիսի իշխանության պարագայում դա արդարացված լինի։
- Չեմ կարող այս պահին հստակ ասել, բայց եթե վերցնում են մանդատները, հստակ դիրքորոշում ու քայլեր պետք է ունենալ՝ ինչ դիրքավորմամբ է ընդդիմությունը մտնում խորհրդարան՝ դրանից բխող հետեւանքներով։ Նույնն էլ՝ երկրորդ տարբերակում: 2 դեպքում էլ ընդդիմությունը համարձակություն ու վճռականություն պիտի ունենա, ցանկացած լուծում լինելու է ցավոտ, որովհետեւ մի խումբ քաղաքացիների համար դա լինելու է ընդունելի, մյուս խմբի համար՝ ոչ։
- Դուք անձամբ ո՞ր տարբերակին եք կողմ։
- Անկեղծ ասած, սկզբում ես էլ էի էմոցիոնալ դաշտի ներքո, բայց այս պահին սպասում եմ, ամեն օր իրավական դաշտում երեւույթներ են փոխվում, մենք պետք է հասկանանք՝ եթե ունենք պայքարի երկու ուղղություն, ապա դրանցից որն է ավելի առարկայական․․․ Ես այսօր թիմ եմ ներկայացնում, եւ այդ որոշումը կլինի թիմային, ուստի իմ անձնական կարծիքն այդքան էլ կարեւոր չէ։
- Համաձայն չե՞ք, որ մանդատները չվերցնելը կարող է քաղաքական ճգնաժամի հանգեցնել։
- Իրավական ամենաթողության պայմաններում դա հնարավոր չէ, ժողովրդավարության ամենափոքր ինդեքս ունեցող երկրներում հնարավոր կլիներ լեգիտիմության ճգնաժամ առաջացնել, բայց, հաշվի առնելով իրավական այն անարխիան, ամենաթողությունը, որ տեսնում ենք Հայաստանում, հնարավոր է ոչ մի հետեւանք չունենա, ինչպես եղավ Վրաստանում։
- Հետեւաբար, ճիշտը մանդատներ վերցնելն է։
- Ճիշտը միասնական որոշում կայացնելն է։ Մենք սովոր ենք որոշումներ կայացնելու պատասխանատվությունը գցել ժողովրդի վրա, բայց կարծում եմ՝ ընդդիմությունը միասնական որոշում պետք է ընդունի եւ պատասխանատվությունն ինքը ստանձնի՝ ե՛ւ լավ, ե՛ւ վատ առումով։
- Ոմանց կարծիքով, այլընտրանքը փողոցային պայքար գեներացնելն է, ասում են՝ եթե ընտրություններով չստացվեց հեռացնել, պետք է փողոցով փորձել։
- Գեներացիան նշանակում է կուտակել, այսինքն՝ ժամանակի ընթացքում կուտակել, եթե այս պահին գուցե դեռ չի երեւում փողոցային պայքարի նախադրյալ, ժամանակի ընթացքում այն կերեւա։
- Իսկ մտահոգություն չունե՞ք, որ խորհրդարան գնալով կամրապնդեք ՔՊ-ի դիրքերը, իրենք մարդագողությամբ կարող են սահմանադրական մեծամասնություն ստանալ։
- Ցանկացած պայքար հղի է անկանխատեսելի հետեւանքներով, հետեւաբար՝ նախաառաջնորդվել, որ կարող է վատ բան լինել կամ չլինել, այնքան էլ ճիշտ չէ։ Համարձակություն ու պատասխանատվություն է պետք դրսեւորել եւ հստակ քայլերով առաջ գնալ, չնայել, թե իշխանությունն ինչ կարող է անել, այլ հստակ գծել մեր անելիքները։
- Իսկ իշխանափոխության ի՞նչ գաղտնի պլանի մասին էր խոսում Սամվել Կարապետյանը, այդ պլանը պետք է իրագործվի խորհրդարանո՞ւմ, թե՞ դրանից դուրս։
- Քանի որ դեռեւս միասնական որոշում չկա, այդ պլանը կարող է արտահայտվել մանդատները թե՛ վերցնելու, թե՛ չվերցնելու դեպքում։