Արդարադատության նախարարությունն օրենսդրական նախաձեռնություն է դրել շրջանառության մեջ, որով պատրաստվում են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց ազատել պատասխանատվությունից՝ գործուն զղջման հիմքով, իբրեւ թե իրավապահների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար։ Մենք զրուցել ենք իրավաբանների հետ՝ հասկանալու համար, թե ինչ մոտեցում ունեն այս հարցի նկատմամբ։
Ոստիկանապետի նախկին տեղակալ, զինդատախազի նախկին տեղակալ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը խիստ բացասական կարծիք հայտնեց․ «Եթե կա ծանրաբեռնվածություն, ապա այդ խնդրի լուծման համար տարբեր ճանապարհներ կան՝ սկսած հաստիքների ավելացումից, կազմակերպական միջոցառումներից, ընդհուպ մինչեւ համաներման ակտի ընդունում։ Ես կարծում եմ, որ ծանր եւ առանձնապես ծանր գործերով գործուն զղջալն ուղղակի խաթարելու է «արդարություն» հասկացության բուն էությունը եւ ստեղծելու է անհավասար իրավիճակներ հասարակությունում՝ մի կողմից, հանցանք կատարած անձանց, մյուս կողմից՝ տուժողների շահերի միջեւ, եւ ես կարծում եմ, որ այդ նախագծի պառլամենտական քննարկումներն այդպես միանշանակ չեն անցնի, որովհետեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններն անձի նկատմամբ որոշակի քրեաիրավական արձագանք են ենթադրում, որոշակի հետեւանքներ, միանգամից վերցնել ու ասել, որ զղջացել է իր կատարած արարքի համար, եկեք սպանությունը կամ բռնաբարությունը ներենք, քանի որ կա գործուն զղջալու ինստիտուտ, ուղղակի սխալ է։ Եթե նույնիսկ հայեցողություն կա, թե որ դեպքերում այդ ինստիտուտը պետք է կիրառվի, ես կարծում եմ, որ դա քննչական մարմինների հայեցողությանը թողնելը եւս սխալ է։ Այնպես որ, իմ կարծիքը խիստ բացասական է»,- ասաց Քոչարյանը։
Նրան հարցրինք՝ իսկ քննչական մարմիններն իրո՞ք ծանրաբեռնված են։ «Ծանրաբեռնվածության հիմնական պատճառը Քրեական դատավարության նոր օրենսգիրքն է, քննչական մարմինները ծանրաբեռնված են իրենց ոչ բնորոշ ֆունկցիաներով։ Եթե նախկինում նյութերի նախապատրաստումը, հետաքննությունը ոստիկանության վրա էին, ապա հիմա ամբողջությամբ հանձնվել են քննչական մարմիններին։ Այսինքն՝ օրենսգիրքն ընդունելուց առաջ պետք է կանխատեսվեր, որ համակարգը կանգնելու է կոլապսի առջեւ։ Ես կասկած չունեմ, որ քննչական համակարգը ծանրաբեռնված է, բայց այդ ծանրաբեռնվածությունն արհեստականորեն ավելացավ ՔԴՕ ոչ ճիշտ լուծումների պատճառով։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ Քննչական կոմիտեն պետք է զբաղվի միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների հետագա քննությամբ, իսկ ոչ մեծ, միջին, մասնավոր մեղադրանքի գործերը պետք է տրվեն ոստիկանությանը։ Այ, եթե այս լուծումների ճանապարհով գնային, վստահ եմ, որ այս վիճակին չէին հանգեցնի եւ արհեստական լուծման ճանապարհով էլ չէին գնա, իսկ այն, ինչ հիմա առաջարկվում է, արհեստական լուծում է, վտանգավոր լուծում։ Այդ փոփոխությունն իմաստազրկում է քրեական իրավունքի բազմաթիվ այլ ինստիտուտներ, օրինակ՝ մեղմացնող հանգամանքների ինստիտուտն է դառնում անիմաստ, պատժի նվազագույն շեմից ավելի մեղմ պատիժ նշանակելու ինստիտուտն է իմաստազրկվում, շատ այլ ինստիտուտներ։ Ես ուղղակի զարմանում եմ, որ լուծման այդ ճանապարհն են ընտրել»,- պատասխանեց նա։ Փաստաբանին հարցրինք` իսկ գուցե այս փոփոխության նպատակն ա՞յլ է` քաղաքական։ «Նախագծերը սովորաբար ունենում են քողարկված նպատակներ։ Այս դեպքում այդ նպատակը կա, թե ոչ, թույլ տվեք ձեռնպահ մնալ կարծիք հայտնելուց, չեմ ցանկանում գուշակություններ, կանխատեսումներ անել։ Բայց եթե պաշտոնական հիմնավորումն ընդունենք եւ դրա շուրջ դատողություններ անենք, ապա այդ հիմնավորումը պատճառ չէ, որպեսզի քրեական ավանդական ինստիտուտները խեղաթյուրվեն»,- պատասխանեց Քոչարյանը։
Փաստաբան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ քննչական մարմինների ու դատարանների ծանրաբեռնվածությունը որպես հիմնավորում բերելը ողջամիտ չէ։ «Կարող են մարդկանց ընդհանրապես քրեական հետապնդման ու պատասխանատվության չենթարկել, այդ դեպքում դատարանները շատ թեթեւ կլինեն, բայց, եթե ես չեմ սխալվում, դա ավելի շատ կապված է այն դեպքերի հետ, երբ մեղադրյալը պատրաստ է համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ՝ հանցագործությունը, հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ»,- ասաց նա։
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանին հարցրինք` ի՞նչ կարծիքի է այս նախագծի մասին։ «Սրանցից ամեն ինչ սպասելի է, որովհետեւ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի երկրում թագավորեն հանցագործությունը, թմրամիջոցները, աղանդավորները՝ արժեհամակարգը քանդելու համար, եւ հիմա հասել են նրան, որ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություն կատարածներին գործուն զղջալով ուզում են ազատել պատասխանատվությունից ու պատճառաբանությունն էլ այնպիսի հիմար բան են բերում։ Այսինքն՝ երկրում վխտում է հանցագործությունը, աճում է բարձր տեմպերով, եւ սրանք ուզում են` այն հանցագործը, որը զղջացել է իր արարքի համար, նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Սա անմեղսունակ մոտեցում է հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից։ Ինչպե՞ս կարելի է, ասենք՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը խոշոր չափերով, բռնաբարությունը, խոշտանգումը, սպանությունը, ավազակային հարձակումը, բռնությամբ բազմաթիվ հանցագործություններ... հանցագործն ընդամենը ասում է՝ կներեք, ես զղջացի, եւ քրեական հետապնդումը դադարեցվի՞։ Սրանք անպատժելիության մթնոլորտ են ստեղծել, հիմա էլ ցանկանում են իրավական դաշտ բերել դա։ Շատ երկրներում նույնիսկ առանձնապես ծանր հանցագործություններ կատարածների նկատմամբ պատիժ նշանակելուց հետո ներման իրավունքն են բացառում... Սա աբսուրդ է եւ խայտառակություն երկրի համար»,- ասաց Պետրոսյանը։