Ադեկվատ եւ առողջ արձագանքների այսօր շատ քիչ ենք հանդիպում, առավել հաճախ հիվանդ, անառողջ, խիստ չափազանցված եւ մատից ծծած կարծիքներ են հայտնում ակտիվ մարդիկ սոցցանցերում, որտեղ ով ասես՝ կա, ինչ ասես` կա: Եվ այդ անադեկվատության ծավալն այլեւս ոչ մեկին չի զարմացնում: Ահա` ընթերցում եմ Աբովյան քաղաքում ֆուտբոլային խաղի ժամանակ ստադիոնի հոսանքազրկման նյութի տակ արված գրառումները եւ չգիտեմ` լա՞մ, թե՞ խնդամ: Նախ, կարելի է կարծել, թե մեր երկրի ամենակարեւոր խնդիրն այդ 15 րոպեանոց հոսանքազրկումն է, որը ժամեր շարունակ քննարկում են համացանցում: Եվ այստեղ ամեն ինչ կա` մտքերի ու վարկածների խայտաբղետ բազմազանություն, կրեատիվություն, ամենաանհավանական վարկածներ: Մի մասը գրում է` հատուկ սաբոտաժ են անում, որ «Նիկոլին վնասեն» ու դժգոհ մարդկանց փողոց հանեն: Շարունակության մեջ, բնականաբար, այն տեսակետն է, որ դա նախկիններն են կազմակերպել, եւ մի քանի իշխանական կանայք Ռոբերտ Քոչարյանին են մատնացույց անում: Մի մեծ զանգված հայհոյում է ՀԷՑ-ին ու նրա սեփականատեր Սամվել Կարապետյանին` «Սաբոտաժ է ՌԴ ստրուկ էլցանցերի տիրոջ կողմից», եւ առաջարկում են «5 միլիարդ դրամով տուգանել ՀԷՑ-ին»:
Մի մեծ զանգված էլ Ռուսաստանի մեջ է տեսնում պատճառը՝ «այ, որ Ռուսաստանին երկրից վռնդած լինեիք, հիմա բոլոր ստադիոնները լուսավորված կլինեին, եւ դուք 24 ժամ անխափան լույս կունենայիք» բովանդակությամբ: Մի մեծ հատված էլ Աբովյանի քաղաքապետին ու Գագիկ Ծառուկյանին է մեղադրում․ «Աբովյանում ռուբիլնիկն իրենց ձեռքին ա, իրենք են արել»: Մեկն իր թաղի խնդիրն է հիշել, մյուսը` Նուբարաշենի հրդեհը, երրորդը` որ 24 ժամ լույս չունի: Մի խոսքով` ջահելները սրան ասում են «գժանոց»: Հարյուրավոր արձագանքների մեջ հազիվ մեկ-երկու ադեկվատ ու տեղին կարծիք: