Հարցազրույց

Զելենսկուն ֆիզիկապես լիկվիդացնելու սցենարներ էլ են պտտվում

Զելենսկուն ֆիզիկապես լիկվիդացնելու սցենարներ էլ են պտտվում

Թրամփն Ուկրաինայի եւ Զելենսկու մասով, կարելի է ասել, բավականին սկանդալային հայտարարություններ արեց, որոնց արձագանքեց Զելենսկին: Մասնավորապես, նա խոսել է այն մասին, որ Ուկրաինայում վաղուց ընտրություններ չեն անցկացվել, եւ որ Զելենսկին դիկտատոր է: Հայտարարել է նաեւ, որ Ուկրաինային տրված օգնությունը պարզապես յուրացվել է, իսկ ուկրաինական ադմինիստրացիան թաղված է կոռուպցիայի մեջ եւ այլն: Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ Ուկրաինայի նախագահի պաշտոնից, եթե Ուկրաինային դա խաղաղություն կբերի, եւ երկիրը կընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում:

Այս թեմաների շուրջ «Հրապարակը» զրուցել է քաղաքական մեկնաբան Դավիթ Կարապետյանի հետ:

- Թրամփը փաստացի հայտարարեց, որ Զելենսկու հետ չեն բանակցելու: Սա ինչի՞ մասին է խոսում, որ Ուկրաինայում իշխանությո՞ւն է փոխվելու:

- Դա ուղիղ ուղերձ էր Միացյալ Նահանգներից: Ուկրաինայում ընտրությունների անցկացման մասին հայտարարությունը նշանակում էր, որ նրանք Զելենսկուն որպես նախագահ այլեւս չեն ուզում դիտարկել: Թրամփի վարչակազմը հազար ու մի մեղադրական հայտարարություններով հանդես եկավ, նախ ասվեց, որ տարիների ընթացքում Զելենսկուն չի հաջողվել կանգնեցնել պատերազմը, եթե ճիշտ ժամանակին կանգնեցնեին, ո՛չ այդքան մարդկային, ո՛չ էլ տարածքային կորուստներ կունենային: Երկրորդ․ նրան մեղադրեց գումարների լվացման, մսխման մեջ: Միացյալ Նահանգները հստակ ասում էր, որ 350 միլիարդ դոլար տրամադրվել է օգնություն, եւ երբ հարցրել են, թե ինչի վրա են ծախսել, Զելենսկին չի կարողացել գոնե կեսի համար հստակ բացատրություն տալ: Միաժամանակ, Թրամփի վարչակազմը մեղադրում էր Զելենսկուն, որ իրենք են պատերազմ հրահրել, եւ Բայդենի վարչակազմի սխալն այն է եղել, որ խոստացել են, որ դրա դիմաց ՆԱՏՕ-ի անդամ կդառնան: Հետեւաբար, գումարները պետք է վերադարձվեն, ու հայտարարեցին, որ դրանք չեն տրամադրվել անվերադարձ: Իհարկե, Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան դա Բայդենի վարչակազմի կողմից ստացել է որպես դրամաշնորհ, ոչ թե որպես պարտք, բայց դա Թրամփի վարչակազմին չի հետաքրքրում, նրանք ասում են՝ գումար ենք պարտք տվել, եւ այդ գումարը պետք է վերադարձվի:

- Զելենսկին հայտարարեց, որ ԱՄՆ-ից միայն հարյուր միլիարդն է եկել, ԵՄ, Ճապոնիայի կողմից աջակցության մասին նշեց:

- Սակայն ԱՄՆ որերորդ լրատվականի հրապարակումներում խոսվում է այն մասին, որ 500 միլիարդ դոլարի պահանջ է ներկայացվել՝ որպես այդպիսին, օգտակար հանածոներով այդ պարտքը փակելու առաջարկով: Այդ առաջարկը Զելենսկու կողմից մերժվել է, բացի այդ, նա հայտարարել է, որ քառակողմ բանակցություններով ձեռք բերված արդյունքները միայն կճանաչի՝ ԵՄ, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Ուկրաինա: Տպավորություն է, որ ամերիկյան կողմը որդեգրել է ռուսական քաղաքականության ուղեգիծը, շատ ավելի ակտիվ է՝ ճնշում գործադրելու առումով, քան ռուսական կողմը: Դեռեւս soft power է օգտագործում, կոշտ ուժի կիրառման դեռ չեն անցել, համենայնդեպս պնդում են, որ անգամ բանակցություններին Զելենսկու ներկայությունը պարտադիր չէ: Այսինքն, նրա անձով, նրա երկրով պայմանավորված չէ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների համատեքստում Ուկրաինայի հակամարտության հանգուցալուծման հարցը:

- Զելենսկին հակադրվում է Թրամփին, հայտարարում է, որ կհեռանա նախագահի պաշտոնից, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ անդամ, ինչը, կարծես թե, անհնարին է:

- Անհնար է, դրա մասին ասել է ռուսական կողմը. Միացյալ Նահանգներն էլ երաշխավորել է, որ կստիպեն Ուկրաինային՝ ձերբազատվել այդպիսի մտորումներից:

- Իսկ ի՞նչ էր նշանակում Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից:

- Իհարկե, դա մելամաղձոտ քաղաքական հայտարարություն է ու իր մեջ կրում է շատ լուրջ պատճառահետեւանքային կապ, եւ հարց է առաջանում․ եթե հիմա գնում ես հանուն խաղաղության, ապա ինչո՞ւ ավելի շուտ չարեցիր դա, եւ արդյունքում այսքան տարածքային կորուստներ եղան, մարդկային ճակատագրեր խեղվեցին, այսքան նահատակներ ունեցանք: Նա ասում է, որ բացառապես ՆԱՏՕ-ին անդամակցության պարագայում կհեռանա նախագահի պաշտոնից: Սակայն նման պայմաններ առաջ քաշելը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՌԴ-ի համար գրոշի արժեք անգամ չունի: Իսկ հիմնական մեսիջն այն է, որ Զելենսկին պատրաստակամություն է ստանձնում, որ պատրաստ է թողնել պաշտոնը:

- Այսինքն, եթե պաշտոնը չթողնի, իրեն տխուր ապագա՞ է սպասվում:

- Ենթադրում եմ, որ նրա խորհրդականները, մտերիմները զգուշացնում են նրան հավանական զարգացումների մասին. ինքն էլ կարող է անձամբ գիտակցել, որ այս պահին լավագույն լուծումը պաշտոնից հրաժարումն է: Ուրիշ հարց է, թե հետագայում նրան ինչ է սպասվելու, դժվար չէ ենթադրել: Անգամ իր նախկին խորհրդական Արեստովիչն ասում է, որ Զելենսկու ձերբակալման, անգամ ֆիզիկական հաշվեհարդարի մասին սցենարներ են պտտվում: Կարծում եմ, որ Զելենսկին լավ է գիտակցում պահի լրջությունը:

- Ուկրաինայի եւ Զելենսկու օրինակով ի՞նչ դաս պետք է քաղեն Հայաստանում:

- Երբ զուգահեռներ ենք անցկացնում, միշտ ասել եմ, որ դաս քաղելու շատ մեծ «առիթ է ստեղծվել»: Ես, իհարկե, չեմ ուզում ֆետիշացնել՝ ասելով, որ Հայաստանն ուկրաինազացման գործընթացի մեջ կարող է հայտնվել, սակայն չեմ կարող բացառել, որովհետեւ մեր աչքի առաջ տեսնում ենք, թե ինչպես է երկիրը կիսվում, ընդհուպ մինչեւ պետականության կորստի առաջ կանգնում: Շատ նման սցենարներ են տեղի ունեցել, եւ հիմա էլ կարող ենք բազմաթիվ զուգահեռներ անցկացնել: Բացառապես ազգային ու շատ կոմպետենտ իշխանություն պետք է լինի, բացառապես բալանսավորված քաղաքականություն պիտի վարեն, ոչ թե քինապահությամբ, վրեժխնդրությամբ առաջ շարժվեն, որոնք քաղաքական կատեգորիաներ չեն, այլ հասկանան, որ այս պահին աշխարհաբաժանում է տեղի ունենում՝ ազդեցությունների գոտիներն են բաժանվում: Եվ, բնականաբար, հերթը հասնելու է Հարավային Կովկասին, հետեւաբար՝ պետք է ճիշտ դիրքավորվել եւ թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ռուսաստանի հետ ճիշտ, գրագետ դիվանագիտություն բանեցնել: Երբ որ կամ եթե Ուկրաինայի ճգնաժամը լուծվի, հերթը հասնելու է Հարավային Կովկասում հակամարտություններին, ոնց որ Սիրիայում լուծվեց: Հետեւաբար, ճիշտ գործելու, հեռատեսություն դրսեւորելու քաղաքականություն պետք է տեսնենք:

- Բայց բոլոր կամուրջները չե՞ն այրել:

- Շատ կամուրջներ են այրվել, բայց այս իրավիճակում պետք է փորձել ելքեր գտնել: Եթե ԱՄՆ դիտանկյունն ես դիտարկում, ապա նրանք քաջատեղյակ են այս իշխանության պրոբայդենյան դիրքորոշման մասին, որ Մակունցը շատ մտերիմ, շատ տարբերվող դիրքորոշմամբ էր հանդես գալիս, դա չէր կարող վրիպել Թրամփի վարչակարգի աչքից, դրա համար էլ ականատես եղանք, թե Փաշինյանի այցելությունն ինչի արժանացավ, իմիջիայլոց` շատ վատ վերաբերմունքի, էլ չեմ ասում Ռուսաստանի դիրքորոշումը, որտեղ խայտառակ, քաղաքական լուրջ ջրբաժան կա: Խնդիրն ավելի է բարդանում, ստացվում է, որ ո՛չ Թրամփն է բարի աչքով նայում Հայաստանին, ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը:

- Վերադառնալով Ուկրաինային, ստացվում է, որ այն բաժանվելու է մասերի:

- Ուկրաինան արդեն բաժանված է մասերի: Ինչ գնահատականներ էլ տանք, փաստացի հողի վրա Ուկրաինա պետության մեկ երրորդը գտնվում է ռուսական վերահսկողության տակ: Երբ պարտադրվում է Զելենսկուն կապիտուլյացիա, դրա հիմքի վրա ամրապնդվելու է ռուսական հաղթանակը ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ՆԱՏՕ-ի հանդեպ: Անգամ լուրեր են պտտվում, դա, իհարկե, հաստատված չէ, որ մայիսի 9-ի հաղթանակի շքերթին հրավիրված է նաեւ ԱՄՆ նախագահը: Իհարկե, սա կարող է շատ լավ պայմանավորված բեմականացում լինել, սակայն փաստ է, որ այս պահին ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ կա շահերի համընկնում, եւ այս ժամանակահատվածում իրենք կարողանում են համատեղ հանդես գալ: Ամերիկյան քաղաքականությունն այս պահին անգամ պրոռուսական քաղաքականություն է: Թրամփն ավելի պրոռուսական պահանջկոտություն է դրսեւորում, քան ռուսական կողմը: Փաստացի պետք է ֆիքսել, որ Ուկրաինայի առաջ դրվել է կապիտուլյացիա, հրադադար, որից հետո ֆիքսվում են բնագծերը, հաստատվում է խաղաղություն, կնքվում է խաղաղություն, եւ, բացի այդ` պահանջ է դրվել Զելենսկու հրաժարականը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image