ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների, ռուս-ամերիկյան բանակցությունների, Զելենսկուն բռնապետ անվանելու եւ Ուկրաինային տրված օգնությունը հետ պահանջելու մասին «Հրապարակը» զրուցել է ուկրաինացի սպա, Կիեւի քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Վասիլչուկի հետ:
- Թրամփը Զելենսկուն բռնապետ անվանեց. Ուկրաինայում սպասո՞ւմ էիք նման կոշտ հռետորաբանության:
- Ոչ ոք չէր սպասում այդքան սուր փոփոխությունների: Մենք գիտեինք, որ Թրամփը բավականին էքսցենտրիկ մարդ է, նա դա ցույց է տվել դեռ նախընտրական շրջանում: Ու որ շրջադարձն այդքան կտրուկ կլինի հռետորաբանության մեջ, հրապարակային ելույթներում, բավականին շոկային էր։ Բայց մենք էլ պետք է ցույց տանք, որ սառը ուղեղով ենք այս իրավիճակը դիտարկում: Նախագահն ասուլիսի ժամանակ հայտարարեց թվեր, որ հնարավոր չլինի դրանք մանիպուլացնել: Բռնապետն այն մարդն է, որը չի ընտրվել ժողովրդավարական ընտրություններով՝ մեր նախագահն ընտրվել է ժողովրդավարական ընտրություններով: Նրան այս պահին վստահում է Ուկրաինայի բնակչության ամենաքիչը 57 տոկոսը: Սա սոցհարցման արդյունք է։ Մենք թվերի մասին հայտարարությունն արեցինք, ինչից հետո Պենտագոնը նույնպես հաստատեց դա, եւ կարծում եմ, որ այդ հռետորաբանությունը, որն ուզում էին փաթաթել Ուկրաինայի վրա, չստացվեց: Ես շատ շնորհակալ եմ եվրոպացի գործընկերներին, որոնք մեզ աջակցեցին, ու երեկ Կիեւում էին եվրոպական 13 պետությունների ներկայացուցիչներ, նախագահի, վարչապետի ներկայացուցիչներ: Մենք տեսանք, որ Եվրոպան այս պահին պատրաստ չէ ընդունել ԱՄՆ-ի այդ սպառնալիքները, որոնք հիմնավորված չեն, եւ ես հույս ունեմ, որ մենք Եվրոպայի հետ միասին կկարողանանք դիմանալ այդ հարվածին:
- Թիկունքից հարվածի զգացո՞ւմ ունեք:
- Էմոցիոնալ առումով նման տպավորություն կա, իհարկե, եւ դա տհաճ է: Երբ պարզվում է, որ մենք չպիտի պաշտպանվեինք, որ մենք ագրեսորին պրովոկացիայի ենք ենթարկել ու նման բաներ: Բայց այս պահի դրությամբ, մենք երկրի ներսում փորձում ենք կատակի տալ, շատ հումորներ հայտնվեցին այդ թեմայով, հումոր ենք անում, որպեսզի սառը ուղեղով կարողանանք լուծում գտնել ու դուրս գալ այն մարդկանց վրա ԱՄՆ-ում, ովքեր պատրաստ են իրավիճակը գնահատել ադեկվատ: Այստեղ էր ոչ միայն ֆինանսների նախարարը, որը գնաց ձեռքերը թափ տալով, այստեղ էր ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կելոկը, բավականին կոնստրուկտիվ հանդիպում եղավ: Ամեն դեպքում, այդպես մեր կառավարությունն է ներկայացնում… կապրենք՝ կտեսնենք:
- Թրամփը սրում է հարաբերությունները նաեւ Եվրոպայի հետ, միեւնույն ժամանակ Եվրոպան ասում է, որ սեփական ուժերով չի կարող պաշտպանվել ՌԴ-ից եկող վտանգից: Թրամփը ՌԴ-ի հետ հարաբերությունները լավացնելու դիմաց պատրաստ է զոհել Ուկրաինան, ի՞նչ եք կարծում՝ Եվրոպայի օգնությունը բավակա՞ն է, որ Ուկրաինան պայքարի:
- Մենք կես տարվա պաշար ունենք, ինչպես ֆինանսական, այնպես էլ ռազմամթերքի: Մենք մեր եվրոպացի գործընկերների հետ նախապատրաստվում էինք սրան, որ հնարավոր է՝ ոչ այնքան բարեհաճ վերաբերմունք լինի ԱՄՆ-ի կողմից, սկզբնական շրջանում, իսկ կես տարին հնարավորություն կտա ԱՄՆ-ին՝ վերանայել իր քայլերը: Մենք պատրաստ ենք, ունենք ռեսուրսներ, եւ Եվրոպան էլ է դա հասկանում ու մեզ աջակցելուց չհրաժարվեց, հակառակը՝ մեծացնում է աջակցությունը: Մենք էլ վերջին շրջանում կարողացանք ավելի շատ զինամթերք արտադրել, եւ կարծում եմ, նույնիսկ ԱՄՆ-ից այդպիսի ուժեղ ճնշման առկայության դեպքում կկարողանանք դիմադրել գոնե կես տարի՝ առանց ուժեղ ցնցումների: Ոչ ոք չի կարող իմանալ, թե առաջնագծում ինչ իրավիճակ կարող է լինել։ Հետաքրքիր է, որ Սպիտակ տան այս պահվածքն ուկրաինացիներին նորից միավորեց: 3 տարի է, ինչ ծանր պատերազմի մեջ ենք, իսկ, ընդհանուր առմամբ, պատերազմ է 11 տարի, խնդիրներ կան, ցանկություն կար՝ ի վերջո ինչ-որ լուծում գտնելու, բայց երբ մենք այդ հռետորաբանությունը տեսանք, պատկերը փոխվեց: Մեզ չի կարելի ճնշել, մեզ փորձեց ճնշել մի բռնապետ՝ դա Պուտինն է, եթե երկրորդն էլ է ուզում՝ թող փորձի: Մենք շատ ազատասեր ժողովուրդ ենք եւ մենք ենք պայքարում, ոչ թե ԱՄՆ-ն: Այդ մենք ենք ոչնչացրել աշխարհի երկրորդ բանակը, որ, փաստացի, այլեւս աշխարհի երկրորդ բանակը չէ: ԱՄՆ-ն չի արել դա, մենք ենք արել: Սա պետք է հասկանան ինչպես Արեւմուտքում, այնպես էլ՝ Արեւելքում:
- Զելենսկին ասաց, որ պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից, եթե դա խաղաղություն կբերի Ուկրաինային: Նա իսկապե՞ս պատրաստ է այդ քայլին:
- Եթե հստակ լինենք՝ նա ասաց, որ կհեռանա, եթե մենք ստանանք երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու եւ խաղաղության: Սա մի քիչ տարբեր է, որովհետեւ ՆԱՏՕ-ի անդամ լինելը երաշխիք է, որ պաշտպանված կլինենք 5-րդ հոդվածով, իսկ խաղաղությունը մի բան է, որն ամեն պահ կարող է խախտել ագրեսորը, որը ոչ մի անգամ չի պահել իր տված խոստումները՝ սկսած 1990 թվականից, երբ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջեւ բարեկամության պայմանագրեր կնքվեցին, Բուդապեշտի հուշագիրը ստորագրվեց, որով ՌԴ-ն ստանձնում էր Ուկրաինայի գարանտի դերը․․․ դրա փոխարեն հենց ինքը հարձակվեց: Դրա համար՝ խոսել այն մասին, որ Ռուսաստանը պահպանում է ինչ-որ խաղաղության մասին համաձայնագրեր, նշանակում է շատ միամիտ լինել: Ուկրաինայի ժողովուրդը դրա դեմ պատվաստված է, ցավոք՝ շատ ծանր, շատ ցավոտ: Դա մեր քաղաքացիների, մեր զինվորականների մահերն են, որով պաշտպանում ենք մեր երկիրը:
- Այսինքն, ուկրաինացիները չեն պատրաստվում կանգնեցնել պատերազմը:
- Ուկրաինայի ժողովուրդը կկանգնեցնի պատերազմն այն ժամանակ, երբ երաշխիքներ կունենա, որ այդ պատերազմը շատ մոտ ապագայում չի վերսկսվի, եւ մենք ամբողջությամբ չենք կորցնի երկիրը: Կարծում եմ՝ Հայաստանը, ինչպես ոչ ոք, գիտի, թե ինչ է երաշխիքը, ու ինչ է նշանակում, երբ այդ երաշխիքները կոտրում են: Հայաստանը հատկապես լավ գիտի, որովհետեւ երբ Հայաստանում ռազմական հակամարտություն եղավ, Ադրբեջանը շարունակեց ռազմական գործողությունները, որտե՞ղ էին ռուսները… ո՞ւր էին ռուսական խոստումները: