Դե որ այդքան շատ խոսեցիք Բագրատ սրբազանի կողմից իր հոգեւոր գործունեության որոշ ուղղություններ սառեցնելու մասին, եկեք մի քիչ էլ խոսենք այն մասին, թե իր ինչը պետք է սառեցներ Նիկոլը, որ չի սառեցրել: Այս իմաստով ամենամեծ խայտառակությունը, որքան էլ դա տարօրինակ թվա, տեղի է ունեցել Նիկոլ-ՔՊ հարաբերություններում: Սկզբում ամեն ինչ նորմալ էր: Փաշինյանը դարձել էր վարչապետ, ապրում էր, կարելի է ասել, վարչապետի կյանքով, իսկ ՔՊ-ն՝ ՔՊ-ի կյանքով: Բայց եղավ պատերազմ, ամեն ինչ խառնվեց իրար, եւ Նիկոլը 2021 թվին մի կերպ ընտրություններ նկարեց:
Հենց 21թ. ընտրություններից հետո էլ Նիկոլի մեջ բան փոխվեց: Նա հասկացավ, որ այս ՔՊ-ի հետ երկար չի կարող ձգել, եթե սանձերն իր ձեռքը չհավաքի: Ո՛չ Սասուն Միքայելյանը եւ ո՛չ էլ Սուրեն Պապիկյանը, պարզվեց, պիտանի չեն իշխանության քաղաքական նավը վարելու հարցում: 2022թ. հոկտեմբերին ՔՊ վարչության ընտրություններում Նիկոլն անձամբ ստանձնեց իր քաղաքական ձիանոցի ղեկավարությունը՝ դառնալով ՔՊ գենսեկ: Ասել, որ դա նրան հեշտությամբ հաջողվեց, նշանակում է ոչինչ չասել: Նա, իր սովորության համաձայն, կեղծեց վարչության ղեկավարի ընտրությունները եւ այդ ճանապարհով միայն կլորացրեց իր իշխանությունը: Նա դարձավ մերօրյա Ստալինը, ով ժամանակին իր ձեռքն էր վերցրել առանցքային երեք պաշտոններից երկուսը՝ կառավարության ղեկավարի եւ գենսեկի: Ես հոդված գրեցի այդ կապակցությամբ եւ Նիկոլին ասացի, որ այդպես սիրուն չէ, դա չի սազում ժողովրդավարության մունետիկին: Վարչապետ մարդ ես, ասի, փոխանակ կուսակցականությունդ մի փոքր սառեցնես, ավելի ես տաքացնում: Օրինակ վերցրու Անգելա Մերկելից, ասացի, նա Գերմանիայի կանցլերն է (վարչապետը), բայց նրա կուսակցությունն ուրիշ լիդեր ունի: Անգամ Ռուսաստանում, Պուտինը որ Պուտին է, նախագահ մարդ, էլի «Եդինայա Ռոսիան» ուրիշ մարդ է ղեկավարում: Նիկոլը, իհարկե, ինձ չլսեց ու շարունակեց մնալ ՔՊ-ի գենսեկ, ընդ որում՝ ավելի շատ գենսեկ, քան ՀՀ վարչապետ:
2022-2024 թվերին նա մի կերպ կառավարեց երկիրը: ԱԺ ՔՊ խմբակցությունն ամեն ինչ արեց, որ Նիկոլը հաջողի, բայց Նիկոլի մոտ այդպես էլ ոչինչ չստացվեց: Համատեղելով վարչապետի եւ ՔՊ գենսեկի պաշտոնները՝ Փաշինյանը ձախողոց երկուսն էլ՝ պետությունն էլ, ՔՊ-ն էլ: Եվ մեզ մնում է արձանագրել, այս գլոբալ ձախողման բուն պատճառը հենց ինքն է՝ Նիկոլը, կամ Նիկոլի մարդկային ֆակտորը: Մեկ ուրիշը լիներ, օրինակ, Արփի Դավոյանը, ամեն ինչ գուցե այսքան վատ չլիներ: Մի ծիծաղեք, ես լուրջ եմ ասում: Մարդու տեսակի հարց է: Մարդու Նիկոլ տեսակն ի զորու չէ ոչինչ ղեկավարելու: Մի պահ ձեզ վրա վերցրեք. եթե դուք վարչապետ լինեիք, ժողովրդին կտանեիք ԱԺ-ի վրա գրոհի՞, դուք դատարաններ կշրջափակեի՞ք, դուք էշ-էշ կհայտարարեիք, թե Արցախը Հայաստան է, եւ վերջ, ու կթռնեի՞ք, հենց Ալիեւը «գըմփացներ», դուք ողջ աշխարհի առաջ խայտառա՞կ կլինեիք՝ հայտարարելով, որ Արցախն Ադրբեջան է: Ախր, սա իր նախադեպը չունի, որ կարողանանք մի կերպ հասկանալ, թե ինչ սանրի կտավ է, ինչ միլլեթ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Արփի Դավոյանն էս կարգի էշություններ իրեն թույլ չէր տա: Ինչո՞ւ… Որովհետեւ Նիկոլն իր տեսակի մեջ եզակի էկզեմպլյար է:
Երկրի վարչապետն առնվազն պարտավոր էր սառեցնել իր նախկին վախերը: Հասկանալի է, ընդդիմադիր է եղել, մարտի 1 է տեսել, գարաժների տանիքները բարձրանալով է քարոզչություն արել եւ այլն, եւ այլն: Վարչապետ դառնալուց հետո պիտի մոռանաս, չէ՞, այդ ամենը: Բայց ոչ՝ ի՞նչ մոռանալ, նա մի հատ էլ գենսեկ է դառնում, որ ՔՊ-ում որեւէ ուսապարկ որպես անհատականություն չդրսեւորվի, հանկարծ քաղաքական դիմագիծ չստանա: Բոլորը պիտի Նիկոլ լինեն: Ու չստացվի այնպես, որ մի օր որեւէ ՔՊ-շնիկ ճակատին հասցնի՝ տո այ ցռան, կպել ես վարչապետի աթոռին ու երկիրը տանում ես կործանման, Էրդողանն ու Ալիեւը թքում են Հայաստանի ու հայ ժողովրդի վրա, իսկ դու լեզուդ մտցրել ես համապատասխան տեղն ու ծպտուն չես հանում: Բա խոսիր, ինչի՞ց ես վախենում, վարչապետ չե՞ս դու:
Մարդը վերցրեց ու սառեցրեց հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Մենք այս մասին հանգիստ ենք խոսում, բայց դա նրա կողմից մեծագույն էշություն էր: Ավելի լավ կլիներ, եթե սառեցներ վարչապետի իր պարտականությունները, որոնք, միեւնույն է, չի կարողանում կատարել: Ի՞նչ իրավիճակ է այս ֆրոնտում: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հույս ունի, որ Երեւանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարները»,- ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Նա նաեւ ընդգծել է. «Հուսով ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը կհստակեցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարները, ինչը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցների համար: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին, բայց, այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այս երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջությամբ»:
Ի՞նչ են նշանակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այս խոսքերը: Նա հստակ ասում է՝ անկախ այն բանից, թե ինչ կորոշի Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները պահպանվում են: Իսկ թե որոնք են ՀԱՊԿ-ի պարտավորությունները, մենք արդեն գիտենք Ղազախստանի օրինակով, այնպես չէ՞, Նիկոլ: Դու ես, չէ՞, ՀԱՊԿ-ի «պատժիչ» զորքն առաջնորդել Ղազախստան: Դե հիմա պատասխան տուր պարոն Տասմագամբետովին, նա քեզ հայտարարել է «քաղաքական ոչնչություն», նա Հայաստանն անվանում է «այդ հանրապետությունը»: Ո՞վ պետք է պատասխանի՝ Արարատ Միրզոյա՞նը: Նա չի կարող, նա վաղուց է սառեցրել իր հարաբերություններն արտաքին քաղաքականության հետ: Դու ես ստիպել, որ նա լինի նույնքան վախկոտ, որքան դու:
Հոդվածը շատ կերկարի, եթե սկսեմ մեկ առ մեկ թվարկել բոլոր այն պաշտոնյաներին, որոնց դու, պարոն Փաշինյան, ստիպել ես երկրի մասին մտածելու փոխարեն մտածել քո անվտանգության մասին: Վկան՝ ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը, Պնախարարը, դատախազը, ՔԿ նախագահը, ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը, դատական իշխանությունները, ՏԻՄ-երը, բոլորը: Եղբայր, ստացվում է՝ քո ձեռը ք.քն է ընկել մի ողջ երկիր, մի ողջ ժողովուրդ, մի ողջ ազգ: Ու ի՞նչ պիտի անես, պիտի վարի՞ տաս ամեն ինչ, որ հանկարծ իշխանափոխություն տեղի չունենա: Գուցե ինքդ քե՞զ սառեցնես: