«Լուսավոր Հայաստան» կուսակցության և համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ համերաշխության, ազգային համաձայնության այլընտրանքը «քաղաքացիական պատերազմը, բախումներն են»։
«Հստակ կարելի է արձանագրել, որ մինչև ընտրությունները իշխանության պայքարի նախընտրական վիճակն այնքան է սրվելու, որ գրեթե կարող ենք ասել, որ քաղաքացիական պատերազմի շեմին ենք լինելու», - այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մարուքյանը։
«Երեկ հետևում էի իշխող կուսակցության ծրագրի ներկայացման հավաքին, որտեղ ինչ-որ ջղային մարդիկ քննադատում էին մեր այն գաղափարը, որը վերաբերում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորելուն, համերաշխության օրակարգին, միասնական լինելուն, միաբանված լինելուն ընդդեմ մեր բոլորի թշնամու [Ադրբեջանի]։ Եվ այս իմաստով ես ուղղակի զարմանում եմ, լավ, եթե համրաշխությունը մերժվում է, (և ընդ որում ձեզ ասեմ, որ մերժվում է նաև մյուս բևեռի կողմից), դրա այլընտրանքը ո՞րն է», - շարունակեց նա։
Պատգամավորն ասաց, որ համերաշխության, ազգային համաձայնության այլընտրանքը քաղաքացիական պատերազմն է, բախումներն են։ «Մենք ունենք իրավիճակ, որ եթե գործող իշխանության և նախկին իշխանությունների պայքարը, որ ընթանում է իշխանության համար, շարունակվի այն ոճով, որ շարունակվում է, մենք ուղղակի չենք կարողանալու խուսափել բախումներից և լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Բայց ժողովուրդը պետք է մի բան արձանագրի․ իշխանության համար պայքարող այդ բևեռները միշտ անվտանգ են, միշտ պաշտպանված են։ Բոլորն ունեն, օրինակ, պետական անվտանգություն, նրանց գլխից մազ չի պակասելու։ Ա՛յ, դո՛ւք, ժողովո՛ւրդ, որպես ընտրողներ, դո՛ւք եք լինելու ցանկացած բախման տուժողը։ Այդ բախման տուժողը երբեք չի լիելու այդ ատելությունը քարոզողների առաջին համարը, երկրորդ համարը, երրորդ համարը», - ընդգծեց քաղաքական գործիչը։
ԼՀ առաջնորդի խոսքերով՝ քաղաքացիները պետք է մտածեն, թե քաղաքական բևեռներն «իրենց ուր են տանում և ինչի են հրահրում»։
«Քաղաքակիրթ քարոզարշավների մերժումը և դուելների առաջարկները, իրար «խոզ խանձող» և «սատկած առյուծ քշող» հայտարարությունները, իրար նման անվանարկումները, մեզ որևէ լավ տեղ չեն տանում։ Եվ դրա համար «Լուսավոր Հայաստանի» առաջարկը վերաբերում է ազգային համերշախության կառավարության ձևավորմանը։ Այս պահին բոլոր ունեցած հարցումներով, բոլոր եղած հարցումներով՝ ո՛չ իշխող ուժն է կարողանում հաղթել ընտրությունները, ո՛չ էլ նախկին իշխանությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի։ Սակայն կա մոտավորապես 40, տարբեր տվյալներով՝ մինչև 45 տոկոս ընտրող, ովքեր չեն կողմնորոշվել՝ ում օգտին պետք է քվեարկեն։ Քաղաքական դաշտի դասավորությունն այնպես է ձևավորվել հենց հիմա, որ միակ ուժը, որ թշնամիներ չունի երկու հակամարտող բևեռների մեջ, «Լուսավոր Հայաստանն» է», - շեշտեց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորն ասաց, որ եթե հիշյալ 40-45 տոկոս ձայները կոնսոլիդացվեն ԼՀ-ի օգտին, այն «անհաշտ կողմերին» կպարտադրի ներքաղաքական խաղաղություն։
Մարուքյանն ասաց, որ եթե իր առաջարկած սցենարը չաշխատի, երկրում ցնցումներ կլինեն։ «Ուժերից որևէ մեկը հաջողություն կամ կիսահաջողություն ունենալու պարագայում այն մյուս ուժը ժողովրդին հանում է փողոց։ Հետևաբար երկրում սկսում են ցնցումներ, թնամական զորքերը, որոնք որ կուտակցված են մեր երկրի տարածքում, ոչ թե սահմանի վրա, շարժվում են դեպի առաջ։ Սա այն սցենարն է, որը որ մեր աչքի առաջ է։ Մենք կա՛մ գիտակցում ենք, կանխում ենք այս սցենարը, կա՛մ եթե չենք կանխում, սա այն է, ինչը որ տեղի է ունենալու», - հավելեց նա։