Այլ

Իշխանությունը Լոպեսով ուզում էր համախմբե՞լ, թե՞ պառակտել ժողովրդին

Իշխանությունը Լոպեսով ուզում էր համախմբե՞լ, թե՞ պառակտել ժողովրդին

Ջենիֆեր Լոպես քննադատողներին ու գովվերգողներին եմ լսում ու զարմանում՝ որ գերմարդկային շնորհներ ունեցող երգչուհին ի՞նչ կապ ունի դրա հետ։ Նա աշխարհահռչակ երգչուհի է, ով հրավիրված է՝ երգելու, նա ի՞նչ կապ ունի վճարված կամ վճարելիք միլիոնների, ուտուշ- խմուշի ծախսերի հետ։ Առանձնապես բարդ չէ հասկանալ և՛ քննադատողներին, և՛ գովերգողներին։ Գովերգող կողմը՝ իշխանությունը, հայտարարում է, որ Ջենիֆերի գալը ռազմա- քաղաքական, տնտեսական նշանակություն ունի, որ քննադատողները նախանձ, տգետ, անգրագետ մարդիկ են և չեն գնահատում իշխանության արած մեծ նվերը։

Հայ ազգը պիտի ուրախանա,- հայտարարում են նրանք,- գնացեք ու շարունակեք ողբալ, չարախոսել փնփնթալ, ձեզ լսող վաղուց չկա: Սա չտեսության դրսևորում է, և դա պետք է հասկանալ։ Իշխանության եկած մարդիկ ոչինչ չեն տեսել ու չեն իմացել հայ ազգի հոգևոր արժեքների մասին։ Ջենիֆեր Լոպեսով կայանալ են ուզում։ Տեսե՜ք, տեսե՜ք մեծություն ենք բերել, աշխարհը մեզ բանի տեղ է դնելու։ Աշխարհը մեզ վաղուց էր բանի տեղ դնում՝ մեր հանճարներով ու տաղանդներով։ Մեր հոգևոր արժեքների, մեծությունների առաջ աշխարհը խոնարհվել ու գնահատել է։ Այդ ամենը դուք ոչնչացրել և շնորհալի Լոպեսո՞վ եք ուզում կայանալ։ Փորձենք քննադատող կողմին հասկանալ։ Նրանք քննադատում են ոչ թե համերգը, երգչուհուն, այլ նրանց քննադատությունն ուղղված է իշխանությանը, որի հետ ոչ մի կապ չունի Ջենիֆեր Լոպեսը։

Այսօր Հայաստանը հայտնվել է պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Աշխարհը մեզ ավելի շատ կգնահատեր, եթե մենք բոլոր միջոցներն ուղղեինք մեր գոյատևման ուղղությամբ։ Այնինչ իշխանությունը, որը չտես է ու պոպուլիստ, խաղում է հայ ժողովրդի հույզերի վրա՝ իշխանությունն ուզում է ժողովրդին ուրախացնել, իսկ հակառակ կողմը ո՜ղբ է ուզում։ Սա ամենաէժանագին տրյուկն է, որով խաղում են հանրության զգացումների վրա։ Այստեղ նույնիսկ կապ չունեն միլիոնները, խոսքը քաղաքականության մասին է, որով պառակտած ազգը նորից պառակտում են․․․ Ի սեր Աստծո, քիչ չեք պառակտել, հիմա էլ Լոպե՞սն եք օգտագործում որպես հանրության պառակտման գործիք․․․ Երգը հանրությանը պիտի միավորի, Լոպեսը մեղք չունի, որ իշխանությունն իր երգը որպես գործիք է օգտագործում և պառակտում հանրությանը։ Յուրաքանչյուրդ ձեզ հարցրեք՝ իշխանությունը Լոպեսով ուզում էր համախմբե՞լ, թե՞ պառակտել ժողովրդին։ Արդյունքն ակնհայտ է, գնահատական տալու կարիք չկա։ Պառակտված մեր ժողովուրդը փշուրների է վերածվում։ Այստեղ ի՞նչ կապ ունի երգչուհին։ Նորից գալիս ենք մեր կոտրած տաշտակին՝ իշխանությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image