Վերլուծություն

Թրիփ, Թրիփ արին, վերջը պարզվեց՝ Պուտինի ճանապարհն է

Թրիփ, Թրիփ արին, վերջը պարզվեց՝ Պուտինի ճանապարհն է

Մի ամբողջ տարի մեզ համոզում էին, որ սա նոր աշխարհաքաղաքական էջ է։ TRIPP էր, Թրամփ էր, ամերիկյան կապիտալ էր, պատմական հնարավորություն էր։ Այնպիսի ոգևորությամբ էին ներկայացնում, որ թվում էր՝ մի քիչ էլ, ու Սպիտակ տունը մասնաճյուղ էր բացելու Սյունիքում։ Հետո եկավ մեկ նախադասություն, ու ամբողջ սցենարը փոխվեց։

ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հանգիստ հայտարարեց, որ եթե TRIPP-ն իրականացվի, ապա այն գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոններով։

Այսինքն՝ թրիփ, թրիփ արին, վերջում պարզվեց՝ ճանապարհը Պուտինինն է։
Էդ պահին, երևի, նույնիսկ Թրամփն է շփոթվել. անունը իրենն է, կանոնադրությունը՝ Պուտինինը։

Ամբողջ պատմությունը հիշեցնում է այն հարսանիքները, որտեղ փեսան ուրիշն է, բայց ամբողջ խնջույքը ղեկավարում է զոքանչը։
Ռուսաստանը շուրջ մեկ տարի ասում էր՝ «Մի մոռացեք, Հայաստանում գործում են ԵԱՏՄ կանոնները»։ Մերոնք համառորեն ձևացնում էին, թե չեն լսում։ Հետո սեփական ԱԳՆ-ն դուրս եկավ ու պաշտոնապես հաստատեց, որ ռուսներն, ի վերջո, ճիշտ էին։
Այսպիսի «քարոզչական ինքնագոլ» նույնիսկ ֆուտբոլում հազվադեպ է լինում։

Ամիսներով ներկայացնում էին, թե սա աշխարհաքաղաքական շրջադարձ է։ Վերջում պարզվեց՝ ընդամենը երթուղին է փոխվել, իսկ ճանապարհային ոստիկանությունը նույն տեղում է մնացել։

Ամենազվարճալին այն է, որ նախագծի անունը TRIPP է։ Մինչև հիմա շատերն էին մտածում, որ «թրիփ» են անում քաղաքացիների հետ։ Հիմա պարզվեց՝ թրիփի վերջնակետն էլ ԵԱՏՄ-ն էր։

Հետո հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Կրեմլն առանձնահատուկ ընդգծեց, որ զանգը եղել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Իսկ մեր կառավարության հաղորդագրությունից այդ փոքրիկ «մանրուքը» անհետացել էր։

Եթե այս ամենը ֆիլմ լիներ, վերնագիրը կլիներ՝ «Արագ և զայրացած. Երթևեկությունը՝ ԵԱՏՄ կանոններով»։
Իսկ եթե ճանապարհային նշան լիներ, դրա վրա գրված կլիներ.
«Բարի գալուստ TRIPP։
200 մետր հետո թեքվեք աջ... դեպի ԵԱՏՄ։
Նավիգատորը՝ Վլադիմիր Պուտին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image