Քաղաքականություն

Քյարամյանի հետ՝ սուրճ խմելիս

Քյարամյանի հետ՝ սուրճ խմելիս

Օրերս տեղեկացա, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նոր ֆրոնտ է բացել ՀՀ քննչական կոմիտեի, այն է՝ Արգիշտի Քյարամյանի համար: Դեռեւս ոչ ոք չգիտի՝ ծանրաբեռնվածության այդ նոր մեծացումը կազդի՞, արդյոք, Քյարամյանի ու ՔԿ աշխատակիցների ռոճկաչափի վրա, թե ոչ, եւ եթե ազդի, ապա՝ դրականորե՞ն, թե՞ բացասաբար: Դե գիտեք, թե Նիկոլն ինչպես է մեծացնում մարդկանց ծանրաբեռնվածությունը: Սկզբում մուննաթ է գալիս, որ լավ չեն աշխատում, քիչ են աշխատում, որակ չկա, եւ կտրուկ անցնում իր մտածած «բարեփոխումներին»: Մի անգամ հենց այդպես վարվեց ԱԱԾ-ի ղեկավարի հետ, կառավարության նիստի ժամանակ: Սատանա բռնելու գործը հանձնարարեց ԱԱԾ-ին ու իրենից գոհ սկսեց ծիծաղել: Ավելացա՞ն ԱԱ ծառայողների աշխատավարձերն այդ ոլորտն իրենց հանձնելուց հետո, թե ոչ` ոչ ոք չգիտի: Գուցեեւ ավելացան: Այսօր այդ ոլորտն ԱԱԾ-ից կարծես վերցնում են, որովհետեւ տապալել են գործը, բայց խոսք չկա ԱԱԾ-ում ռոճիկների նվազեցման մասին:

Անցյալ օրը թերթում կարդացի, որ քննչականից ինչ-որ գրություն են ուղարկել խմբագրություններ, որով ծանուցել են, որ Արգիշտի Քյարամյանն ու իր գլխավորած հիմնարկը կպած ինչ-որ օգտատիրոջ, գուցե` ֆեյքի են փնտրում, որ սոցիալական ցանցում «խրած» քննադատում է Փաշինյանին ու նրա համախոհներին, սպառնում իշխանափոխությունից հետո տարբեր տիպի հաշվեհարդարներ տեսնել նրանց նկատմամբ՝ ծեծել, ստորացնել, վտարել, ՀՀ անձնագիրը վերցնել ձեռքներից, բանտերում սատկացնել եւ այլն: Կարելի էր, իհարկե, Քյարամյանից հետաքրքրվել՝ լավ, ձե՞ր ինչ գործն է, թե ինչ է անում «ֆեյքը» (սատանան) սոցկայքի իր էջում, բայց էլ ի՞նչ հարցնենք, եթե արդեն իսկ պարզ է, որ Նիկոլն է հանձնարարել:

Է՜, պարոն Քյարամյան, քո գործն էլ մի գործ չէ: Հիմա պիտի ազատության մեջ մնացած հանցագործներին թողած՝ «ֆեյք» բռնես: Նաիրա Զոհրաբյանին ճանաչո՞ւմ ես: Խնդրեմ, շատ կոնկրետ մարդ, որ կոնկրետ գրել է, որ ինչ-որ անասուն (կոնկրետ անուն-ազգանունով) սպառնալիքներ է գրել իր հասցեին: Պարոն Քյարամյան, գնացեք, հետաքրքրվեք, բռնեք, ո՞ւմ եք սպասում: Նաիրա Զոհրաբյանի համարը չգիտե՞ք` մեսենջերով գրեք, բայց այդպես «դմբրված» մի կանգնեք:

Մեկ «ֆեյք» բռնելու համար բավականին չարչարվել է պետք: Սատանան այնքան միամիտ չէ, որ հենց բռնես՝ խոստովանի, որ ինքը սատանա է: Խորհուրդ կտամ՝ ԱԱԾ-ից էլ մասնագետներ հրավիրել: Նրանք վարժ են այդ գործերում, պարզապես մեթոդներն են մի քիչ տարբեր: ԱԱԾ-ի մեր ընկերները նախ որոշում են, որ տվյալ «օբյեկտը» սատանա է, հետո են բռնում: Քննչականում այս մեթոդը, որքան գիտեմ, դեռ ընդունված չէ: Այնպես որ, ԱԱԾ-ից սովորելու շատ բան կունենաք: Բայց որ Նաիրա Զոհրաբյանին հիշեցի, մի դրվագ էլ իմ պրակտիկայից պատմեմ: Մի անգամ մեր տուն ոստիկաններ եկան՝ գրառմանս պատճառով: Հարցնում էին՝ դու ճանաչո՞ւմ ես ՖԲ օգտատեր Էդիկ Անդրեասյանին: Ասի՝ իհարկե, Էդիկ Անդրեասյանը ես եմ: Ուղիղ մեկ ժամ համոզել եմ, որ դա իմ էջն է, այնտեղ միայն ես եմ գրառումներ անում, ոչ ոք չի կարող մտնել իմ էջ, գաղտնաբառ կա դրված: Չէին հավատում, թե ինչպես կարող ես «ֆեյք» (սատանա) չլինել եւ Նիկոլի մասին այդքան վատ բաներ գրել: Վերջում էլ, թե՝ գրածդ ջնջիր: Չեմ ջնջի: Ախպոր պես, ջնջիր: Չեմ ջնջի, դատի տվեք: Եվ պատկերացրեք, պարոն Քյարամյան, դատի տվեցին ու պարտվեցին: Կարճ ասած՝ դժվար գործ է գրաքննությունը, լիքը որակներ պետք է ունենաս, ընդհուպ լեզուներ պիտի իմանաս ու հազար ու մի զռթզիբիլ:

Եկ այսպես պայմանավորվենք, պարոն Քյարամյան, ես ձեզ 100 տոկոսանոց գործ եմ տալիս՝ դուք բռնում եք: Չէ, իսկապես 100 տոկոսանոց, որ էլ չգնաք, ամբողջ օրը ցեխերի ու ջրերի մեջ «ֆեյք» բռնեք: Ես «գալստուկով» գործերի մասին եմ խոսում: Էնքան «գալստուկով» բագաժ տամ, որ դուք էլ ասեք՝ հերիք ա: Հստակ անուն-ազգանուններով, պետք լինի՝ նաեւ բնակության եւ աշխատանքի հասցեներով, զբաղմունքով, վարքուբարքով: Անցյալ կյանքի մասին էլ չեմ ասում: Էնքան բան գիտեմ դրանց մասին, որ էլ չասած:

Պարոն Քյարամյան, դուք թափանցիկ եք աշխատում, այո՞: Այսինքն, ես պատճառ չունեմ, չէ՞, թաքցնելու հենց առաջին «բագաժի» անունը: Դե ուրեմն գրեք՝ Անդրանիկ Քոչարյան, նույն ինքը՝ Քոչարյան Անդո, Բաղրամյանի վրա է ապրում, ԱԺ-ից ոչ հեռու, ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ: Գնացեք, բռնեք: Իմ ամենաթարմ տվյալներով, երկու պատերազմ է պարտակել՝ չհրապարակելով դրանց հանգամանքների հետ կապված որեւէ զեկույց: Հո անակնկալի չեկա՞ք, պարոն Քյարամյան: Ասեմ, որ սատանաներ բռնելու գործում ձեզ այսպիսի շատ անակնկալներ են սպասվում: Բացեք Քոչարյան Անդոյի ֆեյսբուքյան էջն ու կարդացեք: Հավատացնում եմ՝ իմ ճանաչած «ֆեյքերից» եւ ոչ մեկն այդպիսի գրառում չէր անի: Գիտե՞ք ինչ է գրել. «…առանց այդ էլ ներքին ու արտաքին ճանապարհատրանսպորտային կաթվածահար իրավիճակում փակել ճանապարհներ, որտեղից քո բանակը մատակարարվում է, ու դրա մասին հպարտորեն հայտարարելը հաստատ հայրենասիրության դրսեւորում չէ»:

Գրառումը բավականին երկար ու սատանայական է, բայց ինձ այս հատվածը հետաքրքրեց: Անդրանիկ Քոչարյանը ՀՀ քաղաքացիներին մեղադրում է այն բանում, որ նրանք փակել են հայոց բանակի մատակարարման ճանապարհները: Սա բացահայտ սուտ է, պարոն Քյարամյան, սա քաղաքացիական պատերազմի կոչ է, հայ ժողովրդի մի հատվածին մյուսի դեմ հանելու սադրանք, եւ սա արվել է մի «գալստուկով» սատանայի կողմից, որն ի պաշտոնե պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի հայոց բանակը մշտապես իր թիկունքում զգա իր ժողովրդի տաք շունչը: Բայց նա ստում է, պարոն Քյարամյան. Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս, Տիգրանակերտ եւ մյուս ուղղություններում, որտեղ ճանապարհ է փակվել, գեթ մեկ զինվորական տրանսպորտ դժվարություն չի ունեցել անցնելու: Սա ասում եմ որպես ականատես ու այդ գործողություններից մի քանիսի մասնակից: Քոչարյան Անդոն ստում է: Եթե մի ավտոյի ճանապարհ էլ փակվել է, ապա այդ ավտոյի մեջ կա՛մ սահմանազատողներ ու սահմանագծողներ են եղել, կա՛մ` սուտի «երկրապահներ»: Հայոց բանակի եւ ոչ մի զորամասից բողոք չկա, որ ճանապարհի փակ լինելու պատճառով իր «մատակարարումն» ուշացել է կամ չեղարկվել: Քոչարյան Անդոն ստում է եւ իր գրառումով նյութ տալիս հակառակորդին, թե՝ խնդրեմ, Հայաստանի ընդդիմությունը խտրություն չի դնում պայքարի միջոցների հարցում եւ իր նպատակներին հասնելու համար անգամ Հայոց բանակի մատակարարումներն է խանգարում:

Այսքանը, կարծում եմ, լիուլի բավարար է, պարոն Քյարամյան, որպեսզի բռնեք Քոչարյան Անդոյին: Բայց ես դեռ ոչինչ չասացի այս գրառման մեջ առկա այլ հանցակազմերի մասին, որոնք կարելի է հեշտությամբ գտնել` եթե Քոչարյան Անդոն հրավիրվի ՔԿ: Ի՞նչ արժեն միայն այս տողերը. «…հայրենասիրության դրսեւորում չէ թալանելը, սպանելը, գողանալը, օտարերկրյա քարոզչամեքենաների կիրառումը, սեփական շահի համար ժողովրդի հուզական վիճակի շահարկումը»: Պարոն Քյարամյան, առիթից օգտվեք եւ Շիրակի մարզից ու ողջ աղետի գոտուց Երեւան եկած մարդկանց հարցրեք, թե ով էր Անդրանիկ Քոչարյանը 2018 թվականից մոտ 30 տարի առաջ ու ինչեր է արել աղետի գոտում: Իսկ թե ով է եղել Քոչարյան Անդոն 1999 թվականին, 2008-ին եւ 2018թ. թավշյա հեղափոխության ժամանակ, գիտենք նաեւ մենք՝ անձամբ ես եւ Դուք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image