Ծաղկաձոր համայնքում հողամասերի մեծ ծավալի վաճառք է ընթանում, վաճառվում են համայնքապատկան հողատարածքները, որոշ դեպքերում հողի նշանակությունն է փոխվում, որից հետո նոր վաճառվում։ Ծաղկաձորի ավագանու 2023 թվականի որոշումների զգալի մասը հենց հողերի վաճառքին է վերաբերում, օրինակ՝ ավագանու 2023 թ. մարտի 7-ի թիվ 32 որոշմամբ աճուրդի է հանվել տարբեր չափերի 13 հողամաս` Ծաղկաձոր քաղաքում եւ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում։ Ծաղկաձոր քաղաքում աճուրդի հանված գույքի ցանկում են հետեւյալ հողատարածքները․ 0.10001 հա տարածքով հողատարածքի մեկնարկային գինը՝ 17 մլն դրամ, 0.03 հա՝ 5 մլն դրամ, 0.12 հա՝ 20 մլն դրամ, 0,4 հա՝ 43 մլն դրամ, 0,15 հա՝ 16 մլն 600 հազար դրամ, 0,1583 հա՝ 26 մլն 800 հազար դրամ, 0,16 հա՝ 18 մլն դրամ, 0,0766 հա՝ 8 մլն 400 հազար դրամ, 0,03 հա՝ 5 մլն 100 հազար դրամ, 0,063 հա՝ 8 մլն դրամ եւ այլն։ Հողամասերը գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում, մեծ մասը «հատուկ պահպանվող, հանգստի» կատեգորիայի է, մի մասը՝ արդյունաբերական, մի մասն էլ՝ բնակավայրի խառը կառուցապատման կատեգորիա։
Ծաղկաձորի ավագանու որոշմամբ այդ հողերի մի մասը ճանաչվել է համայնքային սեփականություն, որից հետո վաճառվել է, փոխվել են նաեւ հողերի կատեգորիաները, օրինակ՝ ավագանու 2023 թ. փետրվարի 7-ի որոշմամբ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող 0,14 հա մակերեսով հողամասի նպատակային եւ գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արոտավայրից փոխվել եւ դարձվել է հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողամաս: Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանին հարցրինք, թե ինչով է պայմանավորված հողամասերի նման մեծ ծավալի վաճառքը։ Պատասխանեց․ «Պայմանավորված է սուբվենցիոն ծրագրերով, կատարվելիք աշխատանքներով, ֆինանսական պակասուրդով»։
Այսինքն՝ բյուջեի պակասուրդը լրացնելու համա՞ր են հողերը վաճառում։ «Իհարկե, սուբվենցիոն ծրագրերն ինչի՞ հաշվին ենք անելու․ ֆոնդային բյուջեի։ Բայց այլեւս աճուրդ չունենք, էլ չենք էլ անելու, դրանք վերջին աճուրդներն են, վերջին հողերն են, որոնք ներկայացվում են աճուրդի, էլ չի լինելու։ Մենք հաշվարկել ենք, դրանք դրել ենք աճուրդի, որպեսզի կարողանանք 2023 թվականի աշխատանքներն իրականացնենք։ 2023-ին այլեւս աճուրդ չի լինելու, կարծում եմ՝ 2024-ին էլ չի լինի, կտեսնենք»,- պատասխանեց համայնքապետը։ Իսկ վաճառված հողատարածքների վրա ի՞նչ շինություններ պիտի կառուցվեն։ «Ծաղկաձորի հողատարածքների մեծ մասը հանգստի համար նախատեսված են, պիտի հանգստի համար նախատեսված շինություններ կառուցվեն՝ հյուրանոցներ»։ Բյուջեի պակասուրդն ինչի՞ հետեւանքով է առաջացել, եւ ի՞նչ գնով են վաճառում հողերը։
«Գրեթե վաճառքի հանված գույքի չափով, մեզ բավականացնում է։ Մենք, օրինակ, 1.5 միլիարդի աշխատանք ունենք այս տարի իրականացնելու, 2023 թվականին մեր ներկայացրած հայտերը` սուբվենցիոն ծրագրերը, դրանց հիման վրա պետություն-համայնք մասնաբաժինն առանձնացվում է, օրինակ՝ 60-40 կամ 50-50 հարաբերակցությամբ, դրա հաշվարկով մենք նախատեսում ենք։ Ունենք կիսատ մնացած աշխատանքներ 2022-ից, որ դեռեւս չենք վճարել, այդ ամենը հաշվարկվում է ըստ գումարի»,- պատասխանեց համայնքապետը։ Արդեն այս ամսվա մեջ վաճառել են` 20 մլն դրամ նախնական գնահատված հողատարածքը վաճառել են 40 մլն-ով, 6 մլն արժեքով հողամասը վաճառել են 15 մլն-ով, 900 հազար դրամ մեկնարկային գնով գյուղնշանակության հողը վաճառել են 25 մլն-ով, հպարտացավ համայնքապետը։ Բայց ակնհայտ է, որ պետական հող է վաճառվում, եւ գինն էլ այնքան ցածր է դրվել, որ ցանկացողները շատ են, ուստի աճուրդի ժամանակ բարձրանում է: Ծաղկաձորում հյուրանոց, հանգստյան տուն կառուցելն իրականում եկամտաբեր բիզնես է, իսկ համայնքային իշխանությունը որոշել է մինչեւ վերջին հողակտորը վաճառել` մի քանի դրամ բյուջե մուտքագրելու համար: Մեզ ասացին նաեւ, որ հիմնականում անտառային նշանակության հողերն են վաճառվում: Համայնքապետին հարցրինք` գյուղնշանակության արոտավայրերի, անտառային հողերի կատեգորիա՞ն են փոխում, որ վաճառեն։
«Անտառայինը չի կարող փոխվել, անտառայինը փոխած կլինեն երեւի թե շատ շուտ, մենք չենք կարող անտառային հող փոխել, այդ իրավասությունը չունենք, արոտավայրեր ընդհանրապես չենք վաճառում մենք։ Եթե Դուք նկատել եք, արոտավայր ընդհանրապես չկա»,- պատասխանեց Հարությունյանը։
Իսկ կարո՞ղ է բնակչին սեփականության իրավունքով պատկանող արոտավայրի կարգավիճակի կատեգորիան ավագանին փոխել ու դարձնել հանգստի համար նախատեսված։ «Մենք չենք փոխողը, դա արվում է միջգերատեսչական հանձնաժողովով, մենք ներկայացնում ենք` եթե դրական եզրակացություն գալիս է, ապա, բնականաբար, փոխվում է, եթե ոչ, ապա ոչ։ Եթե մեր գլխավոր հատակագծով, օրինակ, Մեղրաձոր բնակավայրում լինի, որ տվյալ հատվածը բնակավայրի հետագա զարգացման համար կարող է լինել նաեւ հանգստի համար նախատեսված, դա կարող ենք փոխել, բայց եթե գլխավոր հատակագծի մեջ ներառված չէ դա, ապա միջգերատեսչական հանձնաժողովն է փոխում»,- պատասխանեց համայնքապետը։
Զրուցեցինք նաեւ Ծաղկաձորի ավագանու ընդդիմադիր անդամ, դաշնակցական Արթուր Մելոյանի հետ՝ հարցրինք, թե ինչու են համայնքային բյուջեի պակասուրդը լրացնելու համար համայնքապատկան հողերը վաճառում։ «Կա՞ այնպիսի համայնք, որտեղ բյուջեի ավելցուկ կա Հայաստանում։ Տեսեք՝ մինչեւ հիմա սարերով են վաճառել տասնյակ հեկտարներով, եթե պատկերացնենք, թե այժմ վաճառվող հողերը որ հողերն են․․․, ես ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամ եմ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Հիմա տեսեք՝ այն հողերը, որոնք չեն վաճառվել էն ճոխ ժամանակներում, երբ մարդիկ տասնյակ հեկտարներով էին առնում, սարերն էին առնում, կարգերն էին փոխում, մի խոսքով՝ ամեն ինչ եղել է մեր աչքի առաջ, բայց այս մի քանի հողակտորները չեն վաճառվել, որովհետեւ բանի պետք չէին, չէ՞, կամ ամենապիտանիները չեն։ Մյուս կողմից հողային ընդլայնումներ են եղել, այսինքն՝ փակուղիներ են եղել՝ փոքր-փոքր կտորներ, վաճառվել են դրանք։ Այդտեղ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որեւէ կարծիք, ինձ թվում է, չի էլ կարող լինել, որովհետեւ եսիմինչեր էլ չեն վաճառվում, էլի, եղած գումարն էլ, փառք Աստծո, գալիս է, ինչ-որ բանի վրա օգտագործում են»,- պատասխանեց ավագանու անդամը։
Իսկ անտառային տարածքների կատեգորիան փոխո՞ւմ են։․ «Չէ, ես նման դեպք չեմ հիշում, որ նման կարգ փոխած լինեն, դա կարծեմ կառավարությունն է փոխում, դա մեր փոխելու բանն էլ չէ, մենք կարող ենք առաջարկել, բայց չի եղել նման բան, հիմնականում վաճառվում են հանգստի ու հասարակական օգտագործման գոտիները»։
Դիտարկմանը, որ Ծաղկաձորը զբոսաշրջության առումով առաջատար քաղաքներից է, զարմանալի չէ՞, որ այստեղ բյուջեի պակասուրդ կա, ավագանու անդամն արձագանքեց․ «Դուք միայն Ծաղկաձոր քաղաքի բյուջեն եք նայում, բայց գյուղերի բյուջեներն էլ նայեք, էդ գումարը գյուղերի վրա չի՞ օգտագործվում, քաղաքի փողերը միայն քաղաքի վրա՞ են ծախսվում։ Հիմա մեծ համայնք է, ծախսվում է բոլորի վրա, իսկ եթե որեւէ առավելություն տրվում է Ծաղկաձոր քաղաքին, ապա հենց Ձեր նշած տարբերակով է տրվում, որ զբոսաշրջության քաղաք է, բայց գումարը բոլորինն է, համայնքը մեկն է»։
ՀԳ․ Ի դեպ, Ծաղկաձորի ճանապարհը վատ վիճակում է, իսկ այն տուրիստական ամենաբանուկ ճանապարհն է։ Եվ Ծաղկաձորի համայնքային իշխանությունները մի քանի բարձրահարկերի թույլտվություն են տվել կառուցապատողներին՝ մեզ ասացին, որ 19-20 հարկանի էլիտար շենքեր են կառուցվելու՝ ապարտամենտների սկզբունքով։ Իսկ Ծաղկաձորը ցածրահարկ քոթեջների եւ փոքր հյուրատների ոճով է ժամանակին կառուցվել։ Բայց սա այլ հոդվածի թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում։