Հարցազրույց

Շատ ցավալի է, որ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն իրեն թույլ է տալիս նման որակումներ

Շատ ցավալի է, որ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն իրեն թույլ է տալիս նման որակումներ

«Հրապարակ»-ի զրուցակիցն է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը, ով նույնպես անդամակցում է նորաստեղծ Դիվանագետների համահայկական խորհրդին։

- Պարոն Այվազյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, երեկ Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարություններին անդրադառնալով, «դասալիք» է որակել դիվանագետներին եւ նշել, թե նրանք լքել են «իրենց բաժին հասած խրամատը»։ Նախ խնդրում եմ անդրադառնալ այս գնահատականին։

- Շատ ցավալի է, որ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն իրեն թույլ է տալիս նման որակումներ։ Ընդհանրապես, ինքը եւ իր թիմակիցները, որոնք շատ երիտասարդ են, իրենց պիտակումներով շատ անգամներ հիշեցնում են 1937 թվականի գործելաոճը, շատ ցավալի է այս փաստը։ Երկրորդ․ խրամատների հետ կապված՝ ես եւ իմ գործընկերները 2020 թ․ նոյեմբերի 18-ից ստանձնել ենք պատասխանատվությունը եւ պահել ենք մեր դիվանագիտական խրամատը մինչեւ այն պահը, երբ թիկունքից սկսեցինք ստանալ հարվածներ։ Ներկայիս ԱԳ նախարարը եւ իր գործընկերները շատ լավ տեղյակ են, թե ինչու մենք թողեցինք այդ պաշտոնները։

- Հայաստանում հնարավոր քաղաքական  փոփոխություններն այս իրավիճակում ի՞նչ հնարավորություններ կստեղծեն մեզ համար։ Իշխանությունն իրավիճակը ներկայացնում է այնպես, որ միակողմանի զիջումների այլընտրանքը պատերազմն է, մինչդեռ Դուք եւ Ձեր գործընկերները նշել եք, որ կա այլընտրանք, եւ այն ամենեւին էլ պատերազմը չէ։

- Ինչ վերաբերում է, այսպես կոչված, սահմանազատման գործընթացին, ապա վերջին հանրահավաքին ներկայացվեց Դիվանագետների համահայկական խորհրդի պատկերացումը, որը հիմնված է միջազգային պրակտիկայի եւ իրավական փաստաթղթերի վրա։ Ինչ վերաբերում է խաղաղությանը, այն ձեռք է բերվում, երբ կողմերի միջեւ նախեւառաջ կա քաղաքական կամք, եւ որ երկու կողմերն էլ ցանկանում են խաղաղություն հաստատել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը խաղաղության անվան տակ վարում է ՀՀ պետականությունն առնվազն ոչ կենսունակ դարձնելու ծրագիրը, եւ այդ ծրագիրը կասեցնելու համար պետք է որդեգրել զսպման ռազմավարական քաղաքականություն, ինչի մասին մենք խոսել ենք նաեւ Դիվանագետների համահայկական խորհրդի հրավիրած կլոր սեղանի ընթացքում։

- Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարել է, որ այս գործընթացն իրենց ցանկացած հունով է գնում, եւ որ դա իրենց հաջորդ հաղթանակն է։ Փաստացի, այսօր Ադրբեջանն ուժի դիրքերից է խոսում եւ իր կամքն է թելադրում ՀՀ իշխանություններին՝ ստանալով իր ուզածը։

- Ադրբեջանի նախագահի հայտարարությունն ամբողջությամբ հաստատում է կլոր սեղանի ժամանակ մեր հրապարակած վերլուծությունն այն մասին, որ ՀՀ գործող իշխանությունն ամբողջովին կատարում է Ադրբեջանի օրակարգը, եւ, այսպես կոչված, սահմանազատման գործընթացը եւս մեկ քայլ է, որի միջոցով նրանք կյանքի են կոչում իրենց ռազմավարական նպատակը։ Սա ասելով՝ պետք է հստակ հասկանալ, որ նույնիսկ ամենալավ ռազմավարության պարագայում, արտաքին քաղաքականությունը չի կարող հաջողություն ունենալ եւ արդյունավետ դառնալ, եթե այն չունի համազգային կոնսենսուս՝  կոնսենսուս քաղաքական ուժերի եւ լայն հասարակության իմաստով։ Այս առումով այն շարժումը, որն սկսվել է Տավուշից, ի ցույց է դնում ե՛ւ ՀՀ ներկայիս վարչախմբին, ե՛ւ միջազգային դերակատարներին, որ ՀՀ ժողովուրդը դեմ է այս տեսակի խաղաղության օրակարգին, եւ միակ ելքն ազգային իշխանության ու կառավարության ձեւավորումն ու նոր բանակցող ունենալն է, որը կմղվի ՀՀ կենսական շահերի պաշտպանությանը եւ կառաջնորդվի ճիշտ ռազմավարությամբ։

- Այս համատեքստում խնդրում եմ անդրադառնալ այս օրերին թափ հավաքող շարժման արտաքին ուղերձներին՝ ուղղված թե՛ մեր դաշնակից, շահակից երկրներին, թե՛ հակառակորդներին։

- Այս շարժման ամենամեծ խորհուրդն այն է, որ վերջ է դրվում տարիներ շարունակ իրականացվող մի գործընթացի, որը մեր հասարակությանը, մեր ժողովրդին պառակտել էր, տրոհել էր, եւ ինչից առավելագույնն օգտվեց մեր թշնամին։ Այս շարժումն ուղերձ է ե՛ւ ներսի համար, ե՛ւ դրսի համար, որ մեր ժողովուրդը համախմբվում է՝ պաշտպանելու իր ազգային, պետական շահերը, եւ սա, անշուշտ, չեն կարող անտեսել արտաքին տարբեր դերակատարներ։ Կարծում եմ՝ սրանով սկիզբ է դրվելու Հայաստանի վերակենդանացմանը՝ այս շատ բարդ իրավիճակում։

- Այսինքն՝ սպառված չեն հնարավորությունները, եւ Հայաստանը մենակ չէ այս աշխարհում, ինչպես փորձում է ներկայացնել գործող իշխանությունը։

- Այն ցավալի իրականությունը, որն արձանագրում է ներկայիս վարչախումբը, թե Հայաստանը չունի դաշնակից եւ բարեկամ, արդյունք է իրենց վարած արկածախնդիր, անհետեւողական եւ վտանգավոր քաղաքականության։ Միջազգային հարաբերություններում միշտ պետք է առաջնորդվել շահերի համադրմամբ, եւ Հայաստանը, որքան էլ այսօր թույլ լինի, վստահ եմ, կունենա գործընկերներ, որովհետեւ կան երկրներ ե՛ւ մերձավոր հարեւանությամբ, ե՛ւ հեռավոր, որոնք շահագրգռված են, որ այս տարածաշրջանում լինի Հայաստանի Հանրապետություն` կենսունակ պետության առկայությամբ։ Խոսքը նախեւառաջ մեր ռազմավարական դաշնակցի մասին է, որի հետ մենք պետք է ուղղակի վերբեռնենք մեր ռազմավարական դաշնակցային հարաբերություններն այս փոփոխվող իրավիճակում, ինչպես նաեւ Իրանը եւ այլ երկրներ, որոնք ե՛ւ քաղաքակրթական, ե՛ւ ռազմավարական, ե՛ւ աշխարհագրական առումով շահագրգռված են Հայաստանի կենսունակ պետության առկայությամբ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image