Քաղաքականություն

Ինչ «սարսափելի գաղտնիք» է բացահայտել Գորդոնը

Ինչ «սարսափելի գաղտնիք» է բացահայտել Գորդոնը

Ուկրաինացի հայտնի լրագրող Դմիտրի Գորդոնը, իր բնորոշմամբ, «սարսափելի գաղտնիք» է բացել։ ««Սարսափելի գաղտնիք» եմ բացում․ բացառված չէ, որ մի քանի հազար զինվորական Ուկրաինա կժամանի Հայաստանից»,- հայտարարել է Գորդոնը։ Հիշեցնենք, որ Արցախում ցեղասպանություն իրականացնելուց եւ հայերի բռնագաղթ կազմակերպելուց անմիջապես հետո ազգությամբ հրեա սույն անձը մեծ ուրախությամբ ու խանդաղատանքով շնորհավորում էր Ադրբեջանին ու ռազմական հանցագործ Ալիեւին՝ Արցախն «ազատագրելու» եւ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը վերջապես վերականգնելու համար»։ Նման վտանգավոր հայտարարությունը հետաքրքիր է նաեւ նրանով, որ դա անում է մի մարդ, որը չնայած հայտարարում է, թե բազմաթիվ հայ ընկերներ ունի, սեփական հաղորդաշարով բավականին արտահայտիչ պրոադրբեջանական քարոզչություն է տանում։ Հիշեցնենք, որ, անկախ Փաշինյանի անձնական նախընտրություններից, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, իսկ ՀԱՊԿ անդամներից Ռուսաստանը պատերազմում է հիմա Ուկրաինայի դեմ։ Բացի ՀԱՊԿ անդամ լինելը, Ռուսաստանը նաեւ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ռուսական ռազմաբազա կա Հայաստանում, եւ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կա փոխօգնության երկու պայմանագիր։ Եվ նման հայտարարությունը Հայաստանին կարող է կպցնել տեռորիզմ արտահանող երկրի կարգավիճակ, քանի որ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ ռազմական փոխօգնության որեւէ պայմանագիր  կնքված չէ, եւ երրորդ երկիր` մեզ հետ կապ չունեցող կոնֆլիկտին, ուղարկվող աջակցությունը` մի քանի հազար մարդու տեսքով, կարող է առնվազն որպես տեռորիզմ բնորոշվել եւ մի շարք «հարեւանների Հայաստանում հակաահաբեկչական օպերացիաներ անելու հնարավորություն տալ»։

Մենք կապ հաստատեցինք Ուկրաինայում գտնվող մեր աղբյուրների հետ՝ հասկանալու, թե Գորդոնի հայտնած այդ «սարսափելի գաղտնիքն» իրականության հետ առնչություն ունի՞, թե՞ ոչ։ Նախ՝ մեզ հայտնեցին, որ Գորդոնն այն անձը չէ, որի հայտարարությունները պետք է լուրջ ընդունել։ Ավելին, Ուկրաինայի մեր աղբյուրը նրան բնորոշելու համար օգտագործեց ռուսերեն դարձվածք՝ Գորդոնն այն մարդն է, ով быстро переобувается` արագ կերպափոխվում է։ «Գորդոնն ու իր կինը՝ Ալեսյա Բացմանը, ամիսը մեկ կապ են հաստատում ադրբեջանցիների, վրացիների, հայերի հետ ու առաջարկում ամսական 10 հազար ԱՄՆ դոլարի դիմաց 5-6 նյութ հրապարակել իրենց լրատվամիջոցում, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Այնպես որ, այս հայտարարության հետեւում էլ կարող են թուրքական կամ էլ ադրբեջանական գումարներ թաքնված լինել։ Հարց չի՞ առաջացնում, թե ինչու է Գորդոնը նման հայտարարությամբ հենց հիմա հանդես գալիս։ Ինչո՞ւ նման պայմանավորվածության մասին ֆրանսիական գեթ մեկ լրատվամիջոց նման տեղեկատվություն չի հրապարակում, գոնե հակամակրոնյան ուժերի լրատվամիջոցները, բայց ինչ-որ մի Գորդոն այդ մասին իմանում ու հրապարակո՞ւմ է»,- ասաց մեր ուկրաինացի զրուցակիցը։ Գորդոնը բավականին հաջող համագործակցության մեջ է ադրբեջանցիների հետ, այնպես որ՝ նման «սարսափելի գաղտնիքները» հենց ադրբեջանական ֆինանսավորմամբ էլ, ամենայն հավանականությամբ, հայտնվել են՝ ասաց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image