Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն օրերս հայտարարեց, որ մասնակցելու է Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին, որը հրավիրել է Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Առաջնորդ սրբազանը կմասնակցի նաեւ Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովներին։ Խնդրում ենք մեր հավատացյալ ժողովրդին՝ աղոթքով հիշել այս երկու ժողովները, որ դրանք Աստծո առաջնորդությամբ լինեն օրհնաբեր եւ պտղաբեր»,- ասված է Հովնան արքեպիսկոպոսի հայտարարության մեջ։
Նշենք, որ Հովնան սրբազանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 տիրադավ հոգեւորականներից է, եւ նրա այս որոշումը բավականին անսպասելի էր, ու շատերը ենթադրեցին, որ «տիրադավների ճամբարը» ճաքեր է տվել, որովհետեւ ընդամենը օրեր առաջ նրանք հորդորել էին կաթողիկոսին՝ չեղարկել ժողովը: Այս եւ այլ թեմաների մասին «Հրապարակը» զրուցել է Տեր Նշան քահանա Պանֆյորովի հետ:
- Ըստ Ձեզ` ինչո՞ւ է իշխանությունների` «եկեղեցու բարենորոգման» տիրադավ խմբին միացած Հովնան Տերտերյանը որոշել մասնակցել Եպիսկոպոսաց ժողովին: Ի՞նչ ասելիք եւ անելիք ունի նա:
- Թող մասնակցի, կարող են եւ պետք է մնացածներն էլ մասնակցեն, բոլոր եպիսկոպոսները պետք է մասնակցեն անխտիր: Գուցե նրանցից մի քանիսը զրկված են պաշտոններից, սակայն, ի վերջո, դեռ եպիսկոպոսներ են եւ պետք է մասնակցեն: Ի վերջո, Եպիսկոպոսաց ժողովը հարցերի լուծումներ պետք է առաջարկի: Պետք է նստել եւ քննարկել: Պետք է դեռ սկզբից այդ ճանապարհն ընտրվեր, այլ ոչ թե ինչ-որ արտաքին ուժերի ազդեցությամբ փորձեին ինչ-որ բան անել, «բարեփոխումներ» անել եւ այլն:
- Ինչո՞ւ նրանք կարգալույծ չեն հռչակվում: Կա նման հասարակական պահանջ Վեհափառից:
- Ի վերջո, ամեն կարգալուծություն մի մեծ կորուստ է Եկեղեցու համար: Հեշտությամբ չէ, որ նման որոշումները կայացվում են: Վեհափառը Եկեղեցու` ընտանիքի հայրն է, մենք զավակներն ենք: Նրանք, ովքեր ծառայության մեջ կխախտեն կանոններ, չեն արժանանա հայրական օրհնությանը եւ կհասնեն հեռացման, սակայն դա բավականին դժվար ճանապարհ է, եւ մենք ոչ մեկի համար չենք ուրախանում, ոչ էլ Վեհափառն է ցանկանում բոլորին կարգալույծ անել:
- Ամեն կիրակի, ինչ-որ եկեղեցում հերթական քահանան զեղչում է Վեհափառի անունը, սակայն հաջորդ շաբաթ, երբ Փաշինյանն այլ եկեղեցի է գնում, տվյալ եկեղեցում այլեւս չեն զեղչում Վեհափառի անունը: Սա ի՞նչ նախադեպ է:
- Վեհափառի անունը պետք է միշտ հիշատակվի, եթե Փաշինյանը նման պահանջ է դնում, եւ ոմանք դա կյանքի են կոչում, լավ բան չեն անում: Այո, քահանաները հաջորդ շաբաթներին չեն զեղչում Վեհափառի անունը, քանի որ Փաշինյանն է այդպես պահանջում իր իսկ «պատարագների» ժամանակ: Ամեն դեպքում` եկեղեցու սպասավորը չի կարող չհիշատակել Վեհափառի անունը, դա սխալ մոտեցում է: Այդ պատարագներն այնքան կտեւեն, որքան նա մնա իշխանության մեջ….
- Չկա՞ մտավախություն, որ տիրադավների թիվը կավելանա:
- Հուդայի 30 արծաթի նման՝ նրանց թիվը չի գերազանցի այդքանը: Բայց անգամ եթե նրանց թիվն ավելանա, ոչինչ չի փոխվելու, Վեհափառը Վեհափառ է, իսկ ընտրողն ամենայն հայոց ժողովուրդն է, այլ ոչ թե միայն Հայաստանի ժողովուրդը:
- Նախօրեին տեղեկացանք եւ գրեցինք, որ Արշակ սրբազանին դատում են, սակայն իրեղեն ապացույցը գործից անհետացել է: Ինչպե՞ս են մարդուն առանց ապացույցի դատում:
- Այս ամենը փաստում է սխալ իրավական ընթացքի մասին: Արդարությունը հաղթելու է, ինչպես Միքայել սրբազանն է ասում` մահվանից հետո էլ արդարացվելու եմ, այդ դուք եք մնալու մեղքերի մեջ…