Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է առաջադրվել 2024 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում։ Դատելով նրանից, որ Ռուսաստանում արդար ընտրություններ չեն կայանում, եւ հասարակությունը տոտալ վերահսկողության տակ է, կարող ենք արդեն եզրակացնել, որ նա կմնա իշխանության ղեկին առնվազն մինչեւ 2030 թվականը: Դա քողարկվում է այն կեղծ լոզունգի տակ, թե Ռուսաստանը պետք է անցնի այժմյան բարդ եւ վտանգավոր փուլով, եւ դա կարող է արվել միայն Պուտինի «հմուտ կառավարման» միջոցով։
Այս թեմային շատ լրատվամիջոցներ են անդրադառնում, օրերս անդրադարձել է նաեւ Reuters լրատվական գործակալությունը։ 1999 թվականին Ելցինի կողմից իշխանության բերված ՌԴ ներկայիս ղեկավարն արդեն Ռուսաստանի իշխանության ղեկին է բոլոր նախորդ ղեկավարներից ավելի երկար, ովքեր եղել են Ստալինից հետո: Նույնիսկ Լեոնիդ Բրեժնեւի կառավարման 18-ամյա ժամանակահատվածն է արդեն գերազանցել։ Հոկտեմբերի 7-ին, ի դեպ, Պուտինը դարձավ 71 տարեկան։ Reuters-ի՝ կրեմլյան «խոհանոցին» տեղյակ աղբյուրները նշում են, որ այս լուրն արդեն հայտնի փաստ է, եւ Պուտինի խորհրդականները լծվել են առաջիկա մարտ ամսին կայանալիք նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին։ Պուտինի համար, ով ՌԴ-ի ներսում ունի 80 տոկոսանոց հանրային աջակցություն, ընտրությունները սովորական ձեւականություն են, եւ եթե առաջադրվի, ապա պետության, պետական լրատվամիջոցների եւ այլախոհության գրեթե ամբողջական բացակայության պայմաններում նա անխոչընդոտ կերպով կհաղթի։ Ընդ որում, առաջիկա շաբաթներին հաջորդ տարվա նախագահական ընտրություններին Պուտինի առաջադրման վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա է հայտնվելու։
Ընդ որում՝ նաեւ ասվում է, որ վերստին առաջադրվելու որոշումը Պուտինը վերջերս է կայացրել։ Շատ դիվանագետներ, պաշտոնյաներ, լրտեսական համայնքի ներկայացուցիչներ կարծում են, որ Պուտինը որոշել է իշխանության մնալ ցմահ։ Կրեմլից, ի դեպ, այս հարցի առնչությամբ դեռ որեւէ մեկնաբանություն չկա, եւ միայն այս մասով ակտուալ է անցյալ ամիս խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե եթե Պուտինը որոշի առաջադրվել, նրա հետ ոչ մեկը չի կարողանա մրցակցել։
Reuters-ը մանրամասնում է, որ չնայած Ռուսաստանի ներսում Պուտինը խնդիրներ չի ունենա եւ կհաղթի ընտրություններում, սակայն արտաքին աշխարհում դեռ պիտի լուծի ռուս-ուկրաինական պատերազմի հարցը, որն Արեւմուտքի հետ Ռուսաստանի ամենախոշոր առճակատումն է 1962 թվականի Կարիբյան ճգնաժամից ի վեր։ Բացի այդ, դեռ ակտուալ են հակառուսական սանկցիաները, որոնք ռուսական տնտեսության համար ունեցան շոկային ազդեցություն։ Եվ նաեւ՝ այս տարվա հունիսին պրիգոժինյան չստացված ապստամբության հետեւանքները դեռ պետք է հարթել, հանգամանք, որը եւս չի կարելի աչքաթող անել։ Սակայն Ռուսաստանը պատերազմի հետ կապված սեփական մոտեցումն ունի եւ այն դիտարկում է բացառապես Ռուսաստան-ԱՄՆ առճակատման համատեքստում՝ համարելով, որ ԱՄՆ-ի կամ Արեւմուտքի նպատակը Ռուսաստանը ոչնչացնելը, մասնատելը, Ռուսաստանի հարուստ բնական ռեսուրսներին տիրանալն է, ապա Չինաստանի հարցերը լուծելը։ Հետաքրքրական է, որ, չնայած սանկցիաներին, ռուսական ռազմարդյունաբերական ձեռնարկություններում արտադրանքի ծավալները բազմապատկվել են, իսկ ռուսական տնտեսությունը, որի կապիտալիզացիան կազմում է 2,1 տրիլիոն դոլար, այս տարի ԵՄ տնտեսությունից ավելի արագ աճ է արձանագրել։ Ու այս ամենը հաշվի առնելով՝ Reuters-ի աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի հետ կապված լուրջ փոփոխություններ սպասելու կարիք չկա։