Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը, այդ առթիվ` մի ոտ շուտ, մայիսի վերջին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալագրեր, «Երեւանի պատվավոր բժիշկ» կոչում ու պատվոգրեր է շնորհել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բժշկական հաստատություններում աշխատող մի խումբ անձանց։
Այսպես, «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» կոչում է շնորհվել 4 բժշկի` Լուսինե Կոստանյանին, Երևանի «Մալաթիա-Սեբաստիա» մանկական ԱԿ ՓԲԸ, Գագիկ Հեբոյանին՝ «Նորք-Մարաշ» ԲԿ, Սեյրան Հովհաննիսյանին՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ՓԲԸ, Հովհաննես Սարկավագյանին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Երեւանի քաղաքապետի պատվոգրով պարգեւատրվել է 28 բժիշկ, այդ թվում՝ Շտապ օգնության տնօրենն ու ծառայության աշխատակիցները, շնորհակալագրով՝ 24 բժիշկ, իսկ բարձր՝ Էրեբունի Երեւան 2800-ամյակի հուշամեդալով Ավինյանը պարգեւատրել է 5 անձի, որոնցից մեկը՝ քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն է, մյուսը՝ իր մտերիմ ընկեր Կամսար Բաբինյանը, որն անցյալում զբաղեցրել է քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի, ապա Աջափնյակի վարչական ղեկավարի պաշտոնը, հետո նշանակվել է Երևանի «Մալաթիա-Սեբաստիա» ԱԿ ՓԲԸ-ի տնօրեն։
Այս հուշամեդալով պարգեւատրվել է նաեւ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ տնօրեն Լևոն Գրիգորյանը, որը ՀՅԴ անդամ է, հայտնի է իր ընդդիմադիր կեցվածքով եւ 2018-ին Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է Դաշնակցության ցուցակով: Եւս 2 բուժական հաստատությունների աշխատակիցներ են մեդալ ստացել։