Լաթաքիան Սիրիայի գլխավոր նավահանգիստն է։ Լաթաքիայում բնակվում են հիմնականում արաբներ և հայեր։ Քեսաբն էլ Լաթաքիայի նահանգում գտնվող հայաբնակ քաղաք է, որը Լաթաքիա քաղաքից 59 կմ հյուսիս է տեղակայված, գտնվում է Կասիոս լեռան լանջին և սահմանակից է Թուրքիային։
Քեսաբն ու Քեսաբին կից գյուղերը գրեթե ամբողջությամբ հայաբնակ են, մասամբ էլ ալավիներով են բնակեցված։ Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Քեսաբում երկու անցակետ է տեղադրվել։ «Հրապարակը» կապ հաստատեց Քեսաբի հայ համայնքի պատասխանատուների հետ, հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է հիմա Քեսաբում, անցակետերն ինչո՞ւ են տեղադրվել ու ընդհանուր առմամբ ինչն է փոխվել Ասադի իշխանության տապալումից հետո։
Մեզ տեղեկացրին, որ այս պահին իրավիճակը կայուն է, պարզապես մարդիկ չգիտեն, թե ինչ է լինելու՝ ապագայի հետ կապված անորոշություն է տիրում։ «Սպասում ենք նոր կառավարության կազմավորմանը, ուրիշ ոչինչ, մեր կյանքը սովորական ձևով ենք շարունակում»,-ասաց Քեսաբի մեր հայրենակիցը։ Նա խնդրեց իր անունը չհանրայնացնել, քանի որ իշխանության եկած ուժը համագործակցում է թե արևելահայերենին, թե արևմտահայերենին շատ լավ տիրապետող անձանց հետ ու մշտապես մոնիթորինգի են ենթարկում ոչ միայն Սիրիայի ներսում հրատարակվող հայկական լրատվական կայքերն ու թերթերը, ֆեյսբուքյան խմբերը, այլև հայաստանյան առցանց մամուլը, ինչը մեզ համար, անակնկալ էր։
Հետաքրքրվեցինք տեղադրված անցակետերի մասով, թե ի՞նչն էր պատճառը․«Անցակետերի տեղադրումը շատ լավ էր մեզ համար, քանի որ Քեսաբ եկողներին ու Քեսաբից դուրս եկողները, եթե իրենց մոտ զենք ունեն, այնտեղ հսկում են, որպեսզի մեզ մոտ զենք չմտնի։ Մենք էլ չգիտենք, թե ինչ է լինելու, հստակ չէ վիճակը, թե ով պիտի իշխի երկիրը, արդյոք ծայրահեղ իսլամականնե՞րը, թե՞ լիբերալներ՝ մենք չգիտենք։ Բայց այն, ինչ տեսնում ենք, որ միջազգային ճնշումներ կան ու ամեն ինչ դեպի լավն է գնում, օրենքները նույնը մնացին, ծայրահեղ բան չկա։ Մեր եկեղեցիները շարունակեցին իրենց ընթացքը, բոլոր արարողությունները տեղի են ունենում, ազգային կյանքը շարունակվում է, հայկական ակումբներն էլ են գործում»,-ասաց Քեսաբցի մեր հայրենակիցը։
Նա հավելեց, որ անցակետ տեղադրելու որոշումը Սիրիայի նոր կառավարության որոշումն է եղել, որովհետև մտավախություններ են ունեցել, որ մասսայական թալանի դեպքեր կարող են լինել, քանի որ վերահսկողություն դեռևս սահմանված չէ, վիճակն ակնայուն է, և վերահսկելու համար բավարար մարդաքանակ չունեն։ «Թալանի դեպքեր եղան մյուս նահանգներում իշխանության փոփոխությունից հետո, սակայն Քեսաբի մեջ նման բաներ չպատահեցին»,-շեշտեց մեր զրուցակիցը։ Նա նշեց, որ նոր իշխանությունները համաներման կոչով են հանդես եկել, որպեսզի բոլոր զենք ունեցողները հանձնեն իրենց մոտ եղած զենքերը, որ հետագայում մեկ միասնական ռազմական ուժ ձևավորեն։
«Բոլորս սպասում ենք այս ընթացիկ երեք ամիսների անցնելուն, անկայուն վիճակ է։
Բոլոր երկիրը սպասում է, թե մարտին ինչ պիտի պատահի։ Չեմ ուզում անունս հանրայնացնեք, որովհետև իրենք հիմա հետևում են ամեն ինչին, ամեն տեսակ հրապարակումներին, չեմ ուզում որևէ մեկի անունն ունենան իրենց մոտ, նույնիսկ հայերեն իմացող մարդիկ ունեն, որ հսկում են մամուլը։ Շատ արաբներ կան, որ հայերեն գիտեն ու աշխատում են իրենց հետ, վճարովի աշխատակիցներ ունեն, այդ իսկ պատճառով կխնդրեմ Ձեզ, եթե գրելու եք այն, ինչ պատմեցի, որևէ անուն չհիշատակեք»,-ասաց քեսաբցի մեր հայրենակիցը։