Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ մեղադրյալի կարգավիճակ ունեն 6 բարձրաստիճան հոգեւորական, նրանց բոլորին արգելվել է բացակայել երկրից։
Նրանք են Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը hraparak.am-ի հետ զրույցում հիշում է նման իրավիճակներ, երբ իշխանական ճնշումներից խուսափելու նպատակով, ինչ-որ ուժեր քննարկումներ և ժողովներ կազմակերպեն դրսում, եղել է 2008 թվականի գարնանը․
«Ցավոք, Հայաստանում կա նմանատիպ նախադեպ, թեպետ այն կապված չէ եկեղեցու կամ եկեղեցականների հետ, սակայն եթե երևույթին ենք նայում, ինքնին նույն բանն է։ 2008 թվականից սկսած՝ որոշ ժամանակ Հայաստանում հնարավոր չէր քաղաքական ժողով, կամ հավաք անցկացնել, մենք բոլորս հիշում ենք ՀԱԿ կուսակցության շուրջ ծավալված հետընտրական պրոցեսները, տարատեսակ ձերբակալություններն ու կալանավորումները։ Եկավ մի շրջան, երբ որոշում կայացվեց ժողովներն անցկացնել Հայաստանից դուրս՝ Վրաստանում։ Ես որքանով, որ հիշում եմ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը որոշել էր Վրաստանում անցկացնել քաղաքական ժողով, ստվար զանգված էր հավաքվել և պատրաստվում էին գնալ Վրաստան, սակայն Հայաստանում այն ժամանակվա իշխանությունները գոնե գիտակցեցին, որ շատ տգեղ բան է ստացվում և ասացին, որ չանեն նման բան և հավաքը անցկացնեն Հայաստանում։ Մեր քաղաքական կյանքում եղել են այսպիսի իրավիճակներ, ասածս դա է, և դա ազդակ է, որ այս ամենը պետք է կանխվի։ Չի կարելի այնպես վարվել, որ մարդիկ չկարողանան իրենց իրավունքներն իրացնել, այն կլինի կրոնական ազատության իրավունք, թե հավաք անցկացնելու, կամ երկրից բացակայելու իրավունք։ Մի դրական տեղաշարժ կա այժմ, որ գոնե վերոնշյալ եպիսկոպոսների առումով մասկի շոուներ չկազմակերպեցին և տարածքներ չգրոհեցին։ Օրվա իշխանությունները նման փորձ էլ ունեն՝ անմիջապես կալանավորելու և այլն։ Ինչ վերաբերում է միտումներին՝ խիստ անընդունելի են։ Այս ամենը պայմանավորված է ընտրական պրոցեսներով, ես դրանում գրեթե վստահ եմ։ Ես կարծում եմ, որ այն բոլոր մեթոդները, որոնք Հայաստանում մինչ այս կիրառվել են և ազդել են ոչ միայն քաղաքական հանրույթի, այլև հասարակության վրա, այժմ կրկին կիրառվում են։ Եթե մարզեր գնաք, կտեսնեք, թե ինչքան վախեցած են մարդիկ։ Մարզերում մարդիկ վախենում են անգամ կարծիք արտահայտել, հավաքների մասնակցել։ Հիմնական վախի պատճառը՝ աշխատանքը կորցնելն է։ Այս ամենն ինձ հիշեցնում է 2008-ի նախընտրական շրջանը»։